Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնիկային թատրոնը համերգ կունենա պատշգամբից

Մայիս 31,2020 23:55

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը յուրատեսակ նախաձեռնությամբ է հանդես գալու հունիսի 1-ին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով թատրոնը  պատրաստել է զվարճալի տիկնիկային բացօթյա համերգ-ներկայացում: Այն կցուցադրվի Սայաթ-Նովա փողոցին կից՝ տիկնիկային թատրոնի պատշգամբի՝ այսպես կոչված ամֆիթատրոնի բեմից:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Պարոն Բաբայանը նշեց, որ հունիսի 1-ին նշվում է նաեւ Տիկնիկային թատրոնի հիմնադրման 85-ամյակը: «Մինչ այսօր օնլայն ձեւաչափով էինք շարունակում աշխատանքը, ներկայացումներ, հաղորդումներ էինք պատրաստում, ու անընդհատ փնտրում ենք նոր ձեւեր ու մեթոդներ: Բայց բոլոր դեպքերում թատրոնի ամենակարեւոր խնդիրը անմիջական շփումն է հանդիսականի հետ:  Դրա համար էլ որոշեցինք հունիսի 1-ին պահպանելով բոլոր կանոնները՝ բացօթյա ձեւաչափով մեր թատրոնի պատշգամբից ներկայացում խաղալ: Դա քսան րոպեանոց տիկնիկային համերգ-ներկայացում կլինի:

Առավոտյան  ուսանողները կգան ու  մայթը կբաժանեն քառակուսիների, որտեղ կկանգնեն երեխաները, իսկ ժամը 12-ին, 13-ին եւ 14-ին կկարողանանք ցուցադրել: Մենք մշտապես ստանում ենք նամակներ, հեռախոսազանգեր, գրություններ մեր հանդիսականից, որ շատ են կարոտել, հաճախ են հարցնում՝ երբ ենք վերադառնալու: Սա երեւի առաջին փորձն է վերականգնել բացօթյա ներկայացումները: Գուցե վաղը, մյուս օրը կարողանանք նաեւ այգիներում եւ այլ վայրերում ներկայացումներ ցուցադրել, գուցե շրջաններ մեկնենք: Կյանքը պետք է շարունակվի»,-ասաց պարոն Բաբայանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝  Տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան էջից

Ռուբեն Բաբայանի լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031