Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ․ «Հրապարակ»

Հունիս 06,2020 11:09

Մայիսի 25-ին Երեւանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։ Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։ Փոքրիկ ուրախության այդ տեսանյութը, «հակահամաճարակային կանոնների խախտման» շրջանակում, հայտնվել է վարչապետի էջում, դարձել քննարկման առարկա, եւ կրթության նախարարությունից որոշել են, որ թույլ տված «հանցանքի» համար Ռուզաննա Կոստանյանը պետք է ազատման դիմում գրի։

«Ինձ հանրակրթության վարչության պետն է զանգահարել, հարցրել՝ եղե՞լ է նման դեպք, թե՞ չէ, ես ասել եմ՝ այո, որն ինքնաբուխ է եղել։ Մենք այդ օրն ունեցել ենք 6 հատ 12-րդ դասարան, բոլորը եկել են՝ առանց ծնողների, ու այդ մի դասարանը, որը, անկեղծ եմ ասում, չնախատեսված էր, քանզի, եթե նախատեսված լիներ, բոլորի համար կլիներ, եւ այդ մի դասարանի աշակերտները ներս մտան երաժշտությամբ, ինձ բերեցին մեջտեղ, եւ 1-2 րոպե է երեւի տեւել՝ պարեցի, հետո 2-3 նախադասությամբ ասացի՝ իմ շատ սիրելի աշակերտներ, որեւէ բան չի պատահել, ոչինչ, որ վերջին զանգ չեք ունենա, կարեւորը՝ դուք առողջ եղեք, մեր ժողովուրդը մեծ փորձություններ է անցկացրել, սա էլ կանցկացնենք։ Ու խնդրեցի, որ դուրս գան, երկուական մոտենան, ատեստատները ստորագրեն, ստանան ու գնան։ Այդպես էլ եղավ»,-մեզ հետ զրույցում հուզված պատմեց տիկին Կոստանյանը, որը 1997 թվականից ղեկավարում է թիվ 114 դպրոցը։ Ի դեպ, սա մայրաքաղաքի ամենալավ դպրոցներից է՝ ամենաշատ աշակերտներ ունեցող, ամենալավ նորոգված, եւ ցանկացած մեկի համար այս դպրոցի տնօրենի պաշտոնը երանելի պաշտոն է։

– Տեսանյութում երեւում է, որ կարծես խնջույք է տեղի ունենում Ձեր սենյակում, սեղան էր գցված, խմիչք կար։

– Իրենք բերեցին խմորեղեն, ծաղիկներով ներս մտան եւ մի բլյուդով միրգ դրեցին սեղանին։ Հետո արդեն, երբ իրենք դուրս եկան, ես դասղեկին ասացի՝ խնդրում եմ, երեխաներին պահեք, թող իրենք օգտվեն։ Մենք չենք նախապատրաստել ոչ մի բան, հավատացեք, խնդրում եմ, անակնկալ է եղել, այդ րոպեին ես նույնիսկ չէի պատկերացնի, թե ինչ կարող եմ անել, չէի կարող ասել՝ դուրս եկեք։

– Փաստորեն, Ձեր աշակերտների արած հաճելի անակնկալը հակառակ էֆեկտն ունեցավ՝ Ձեզ համար գլխացավանք դարձավ։

– Այո։ Իսկ ի՞նչ կարող էր անել նորմալ մանկավարժը, նորմալ տնօրենը, երբ երկուսուկես-երեք ամիս երեխաները դպրոց չէին մտել, դա իրենց վերջին օրն էր, եկել էին ատեստատ ստանային ու էդ ձեւով ներս մտան, ի՞նչ կարող էր անել ցանկացած մարդ։

– Իսկ Դուք ի՞նչ եք անելու, տիկին Կոստանյան, Ձեզ հորդորել են ազատման դիմում գրել, կգնա՞ք ընդառաջ այդ հորդորին։

– Ես առայժմ չեմ կողմնորոշվում, նախ մտածում եմ, որ շատ դպրոցներում է եղել նման բան, եւ նկատողություն են ստացել այդ տնօրենները, ու հիմա ինչո՞ւ իմ հարցն էսպես պիտի լուծվի։ Ես ուղղակի անարդար վերաբերմունք եմ իմ նկատմամբ զգում, ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձեւով ինձ հետ վարվեին։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930