Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքում բնակվող հայ հանրությունը ևս մասնակցեց Արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակին

Հունիս 08,2020 16:54

Օրերս ավարտվեց 2020 թ. մայիսի 11-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկած Արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը: Ծրագիրն անցկացվել է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ենթակայության ներքո գտնվող գրադարաններում:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ միամսյակի շրջանակներում նախատեսված միջոցառումներն անց են կացվել առցանց հարթակում՝ գրադարանի ֆեյսբուքյան էջում: Առցանց հրապարակումների միջոցով ընթերցասեր հետևորդներին ներկայացվեց հետաքրքիր և ուսուցողական միջոցառումների շարքը:

Ընդգծենք, որ դեռևս 2010 թ. փետրվարին արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը:

Կարևորելով արևմտահայերենը վերակենդանացնելու առաքելությունը, Խնկո Ապոր անվան գրադարանն իր ընթերցողներին ներկայացրեց արևմտահայ լեզվի ստեղծման, արևմտահայ գրականության ձևավորման ու զարգացման նախապատմությունը: Այս ամենն ուղեկցվեց գրադարանի աշխատակիցների և ակտիվ ընթերցողների կողմից պատրաստված տեսահոլովակներով: Ներկայացվեց արևմտահայ բանաստեղծների, արձակագիրների կենսագրությունը, գրական ժառանգությունը:

Որպես արևմտահայ լեզվի կրող և այդ լեզվի պահպանության ջատագովներ միջոցառմանը մասնակցեց սփյուռքում բնակվող հայ հանրությունը: Ընթերցումների շարքը նվիրված էր Սիամանթոյի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Պետրոս Դուրյանի և Զահրատի ստեղծագործություններին:

Արևմտահայ գրականության միամսյակի շրջանակներում կազմակերպվեցին նաև առցանց վիկտորինաներ, ցուցադրվեցին արևմտահայերեն տեքստերի հիման վրա գրված երգերի տեսահոլովակներ, արևմտահայերեն մուլտֆիլմեր:

Գրադարանի՝ ավանդական դարձած հեքիաթի ընթերցման ժամին երեխաները հնարավորություն ունեցան ունկնդրել արևմտահայերեն հեքիաթներ:

Առցանց միջոցառումներին ընթերցողների մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է Արևմտահայ գրականության քարոզչությանն ու ընթերցանության խթանմանը նպաստելու անհրաժեշտությունը։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930