Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցալուծումը՝ մյուս տարի

Հուլիս 08,2020 10:00

Նրանք, ովքեր կարծում են, թե մոտակա ամիսներին մարդկությունը հաղթահարելու է համավարակը, ցավոք սրտի, սխալվում են: Արդեն ակնհայտ է, որ թունելի վերջում լույսն առայժմ չի երեւում: Մասնագետներն ասում են, որ, մասնավորապես, Հայաստանում մինչեւ սեպտեմբերի կեսերը վարակվածների ամենօրյա թիվը մոտավորապես նույնն է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկրում կան հազարավոր վարակվածներ, որոնք հայտնաբերվում են օրական մի քանի հարյուր «չափաբաժնով»: Պարզ է՝ որքան շատ մարդ է թեսթավորվում, այնքան շատ հիվանդ է հայտնաբերվում, եւ այդ իմաստով, ասենք 700 թիվը 2000 թեսթի պայմաններում ավելի վախենալու չէ, որքան 350 թիվը 1000 թեսթի պարագայում: Ավելին՝ որքան շատ են թեսթերն ու հայտնաբերվածները, այնքան լավ. պատկերն ամբողջանում է, վերահսկելիության աստիճանը բարձրանում:

Ի՞նչ է տեղի ունենալու աշնանը: Այս առումով էլ, դժբախտաբար, լավատեսական կանխատեսումներ չկան: Հոկտեմբեր-նոյեմբերին մարդկանց սննդակարգում տեղի են ունենում փոփոխություններ, վիտամինները պակասում են, նրանք ավելի քիչ են լինում մաքուր օդին, դիմադրողականությունն իջնում է, եւ դա անխուսափելիորեն բերում է ցանկացած տեսակի գրիպի «ակտիվացմանը»: Այսինքն՝ կորոնավիրուսը չի «չեղարկում» սեզոնային գրիպը, որը թեեւ այդ համավարակի նման արագ չի տարածվում, բայց կարող է ունենալ նույնքան ծանր հետեւանքներ: Այդ հանգամանքը, ենթադրում եմ, հավելյալ բեռ կդնի մեր առողջապահական համակարգի վրա, որն առանց այս էլ գտնվում է սոսկալի ճնշման տակ: Չգիտեմ՝ գուցե սխալվում եմ, բայց երեւի մեր բժիշկները պետք է խորհուրդ տան բնակչությանը՝ պատվաստվել «սովորական» գրիպի դեմ, որպեսզի գոնե այդ վտանգի դեմը կարողանան առնել: Բացի այս ամեն ինչից՝ եթե ճիշտ է, որ կորոնավիրուսի դեմ իմունիտետը պահպանվում է կես տարուց մինչեւ մի տարի, ապա բացառված չէ, որ անգամ փակ սահմանների պարագայում, տարվա վերջում եւ մյուս տարվա ընթացքում մարդիկ կարող են կրկին վարակվել կորոնավիրուսով:

Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ այն առումով, որ գրեթե վստահ եմ՝ 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստամիջոցները (ենթադրում եմ, որ դրանք մի քանիսը կլինեն) կհաստատվեն ԱՀԿ-ի կողմից եւ կսկսեն զանգվածաբար կիրառվել: Եվ այստեղ մեր առողջապահությունը կարող է բախվել եւս մի խնդրի, որի անունն է (թույլ տվեք դիվանագիտական ձեւակերպումներ չփնտրել) տգիտություն: Արդեն այսօր պարզ է, որ մյուս տարի Հայաստանում լայնածավալ քարոզչություն է ծավալվելու պատվաստումների դեմ, որը համեմվելու է ամենաֆանտաստիկ դավադրությունների տեսություններով: Դա, ըստ էության, «սաղ սութ ա, ոչ մի կորոնավիրուս էլ չկա» այսօրվա քարոզչության շարունակությունն է լինելու:

Դուք կարող է հարցնեք՝ «բա ինչո՞ւ Հայաստանում կորոնավիրուսի հեռանկարներին անդրադառնալիս՝ ոչ մի վատ բառ չես գրում առողջապահության ներկայիս նախարարի մասին»: Շատ պարզ. նախարարները, վարչապետերը եւ կառավարությունները գալիս ու գնում են, իսկ նախապաշարումներն ու քարանձավային մտածելակերպը դժվար այդքան արագ փոխվեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    …«նախարարները, վարչապետերը եւ կառավարությունները գալիս ու գնում են, իսկ նախապաշարումներն ու քարանձավային մտածելակերպը դժվար այդքան արագ փոխվեն»…
    Իհարկե, բայց ավելի լավ է ունենալ ազգային, տոհմական նախապաշարումներ ու ճգնավորի քարանձավային մտածելակերպ, քան եկող ու գնացող շահաամոլ ու օտաամոլ, Լյովիկներ, Ռոբիկներ, Սերոժներ, Նիկոլներ:

    Հայերի երկրում կա՞ հայկական անուն ունեցող ժողովրդի ծառա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031