Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի հայտնաբերման թեստավորման քանակն ավելացնելու ենք»

Հուլիս 07,2020 15:15

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր անդրադառնալով կորոնավիրուսի հայտնաբերման թեստավորման քանակի ավելացման մասին հարցին, ասաց՝ այնպես չէ, որ ՀՀ-ի համաճարակաբանները կամ նախարարությունը չեն կարծում, որ թեստավորման քանակը պետք է ավելացնել եւ այնպես էլ չէ, որ այն չի ավելացել, այնպես էլ չէ, որ մենք շատ հեռու ենք օրական երեք հազար թեստավորումից:

Լիտվայի առողջապահության նախարարի խորհրդականը, որն այս օրերին ՀՀ-ում է, կարծիք է հայտնել, որ վարակի տարածումը կանխելու համար օրական մինչեւ 3 հազար թեստավորում է հարկավոր անել:

«Մենք «հեշտությամբ» օրական 2500 թեստ ենք անում, մոտ ապագայում կավելանան ծավալները: Կարծում ենք՝ 3 շաբաթվա ընթացքում հզորությունների մեծացմանը զուգընթաց, պետական պատվերի շրջանակներում, մեր լաբորատորիաներում կհասցնենք մոտ 3 հազարի, մասնավոր լաբորատորիաներն էլ գումարած՝ 4 հազար թեստավորման կհասնենք»,-ասաց նախարարը:

Նա նաեւ հավելեց. «Պետք է հիշենք, որ թեստավորումը միջոց է քաղաքացիներին հայտնաբերելու, մեկուսացնելու եւ բուժելու: Բուժական առումով, որեւէ մեկը դուրս չի մնում բուժումից, բուժման կարիք ունեցողները բուժում ստանում են: Մենք բաց ունենք անախտանիշ դեպքերը հայտնաբերելու դեպքում: Ծավալների մեծացմանը զուգընթաց կկատարվի: Ես ուզում եմ հիշեցնել՝ կարծես թե սովորական է դարձել օրական 2 հազար եւ ավելի թեստ անելը: Իսկ մեկ տարի առաջ Հայաստանում մեկ ամսում նույնիսկ 2 հազար ՊՇՌ թեստավորում չրի արվել»:

Аravot.am-ի հարցին՝ ի՞նչն է խանգարում գնալ ավելի շատ թեստավորման ճանապարհով, ֆինանսակա՞ն բեռ է, թեստերի պակա՞ս կա, նախարարը պատասխանեց՝ տարատեսակ դժվարություններ կան՝ սկսած մարդկային ռեսուրսներից. «ՊՇՌ թեստն ինքնին շատ բարդ գիտական գործընթաց է, մեխանիկական գործողություններ չեն: Դրա համար պահանջվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հիմա պարզապես ազատ չկան, մենք պատրաստում ենք զրոյից, կրթում ենք, կենսաբաններին, միկրոկենսաբաններին, տարբեր մասնագետների ենք վերապատրաստում որպես ՊՇՌ թեստ անողներ: Գնումներն ենք ակտիվացրել, ՊՇՌ սարքեր, լամինար պահարաններ ենք գնել»:

Նախարարը վստահեցրեց՝ մոտ ապագայում 4 նոր լաբորատորիաներ են բացելու Իջեւանում, Մարտունիում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Արաբկիր» ԲԿ-ներում, սա հնարավորություն կտա թեստավորման քանակն ավելացնել:

Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ եղել են օրեր, որ թեստավորման փայտիկների դեֆիցիտ ենք ունեցել, դա հատուկ փայտիկ է, եւ աշխարհում այնքան մեծ սպառում է եղել, որ փայտիկ արտադրողները երկրներին վաճառում են քվոտավորված քանակով, ասում են՝ 5 հազարից ավելի չենք վաճառելու. «Ու ՀՀ-ն կանգնում է փաստի առաջ՝ այդ 5 հազարը օգտագործի երկու օրում, թե՞ հինգ օրում՝ օրական հազարն օգտագործելով՝ ինչ-որ կերպ զսպելով, մինչեւ եւս մեկ խմբաքանակ կգտնի այլ երկրից: Այս հարցը լուծել ենք Չինաստանից 160 հազար փայտիկ ներկրելով, ինչը շատ դժվար էր, մենք սպասում էինք ինքնաթիռի, թռիչքի օրերը պայմանավորված էին ոչ միայն փայտիկներով: Երբեմն արհեստական զսպում է լինում, բայց դա թեստի չլինելուց չէ, չի եղել մի օր, որ չունենանք բուն թեստը, որը հավաքածու է՝ տարբեր նյութերով ու փորձանոթներով: Բուն թեստի դեֆիցիտ չենք ունեցել, այս ընթացքում մոտ 80 հազար թեստ ենք գնել, եւս մոտ 60 հազարը նվեր ենք ստացել եւ մոտ 100 հազար թեստ ունենք լոկալ արտադրություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031