Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Օտրի Տրիո»-ն չորս տարեկան է. բացառիկ անսամբլ, որ հարթել է սեփական ուղին

Հուլիս 13,2020 22:35

Հուլիսի 13-ին լրացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլներից մեկի՝ «Օտրի Տրիո»-ի հիմնադրման չորս տարին։ Տրիոն իր կազմով բացառիկ է աշխարհում։ Ֆլեյտայի, ջութակի եւ ալտի համադրությամբ անսամբլ գործում է միայն մեզ մոտ։ Անսամբլի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ): Աղջիկները որոշեցին նվագել միասին, փորձեցին, եւ պարզվեց, որ բեմում շատ լավ զգում են միմյանց։

«Մեր ականջին շատ հաճելի թվաց լարային գործիքների եւ ֆլեյտայի հնչողությունը։ Մենք սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ ենք եւ կատարում ենք մեծակտավ ստեղծագործություններ, սակայն ցանկացանք կամերային ժանրում նույնպես նվագել ու ներկայանալ նոր հնչողությամբ։ Ինչ-որ բանով ուզում էինք զարմացնել։ Աշխարհում շատ են դաշնամուրային տրիոները, լարային կվարտետները, բայց միշտ չէ, որ ուզում ես նույն երկացանկը լսել։ Հետաքրքիր է նոր բան ունկնդրել դասական երաժշտության մեջ՝ նոր կազմ, նոր հնչողություն։ Եվ մենք որոշեցինք ռիսկի դիմել։ Քանի որ այս կազմի համար նվագացանկը շատ փոքրաթիվ է, որոշեցինք մի քիչ էքսպերիմենտներ անել»,- ասում է ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը։

Աղջիկների նորարարությունը մեծ անակնկալ էր ունկնդրի համար, այդ անակնկալը ընդունվեց սիրով ու ջերմությամբ։ «Օտրի Տրիո»-ի համերգներն ընթանում էին լեփ-լեցուն դահլիճներում։ Ալտահար Արեւիկ Կոսյանը խոստովանում է, որ ճանապարհ հարթելը հեշտ չէր. «Սկզբնական շրջանում որոշ մարդիկ, այդ թվում երաժիշտներ, կոմպոզիտորներ, թերահավատորեն էին վերաբերվում մեր նախաձեռնությանը՝ համարելով, որ համարձակ քայլի ենք գնում ու շատ խնդիրներ ենք ունենալու։ Եվ առհասարակ՝ մարդկանց շատ տարօրինակ էր թվում անսամբլի կազմը, զարմանում էին՝ ո՞նց կարելի է առանց թավջութակի կամ դաշնամուրի ունենալ տրիո։ Անընդհատ մեզ ուղղորդում էին ընթանալ արդեն հարթված ճանապարհով, սակայն մենք չէինք հուսահատվում, հակառակը՝ ավելի էինք ոգեւորվում։ Թեեւ մեզ մոտ բասային գործիքը չկար, սակայն աշխատանքի արդյունքում կարողացանք ստանալ նվագախմբային հնչողություն։ Ի դեպ, Ֆրանսիայում ելույթներից հետո երաժիշտներ էին մոտենում, հարցնում՝ ինչպե՞ս եք կարողանում առանց բասային գործիքի նվագել այնպես, կարծես մի ամբողջ նվագախումբ է հնչում։ Կարծում եմ՝ դա անսամբլային հարմոնիայի, միասին սերտաճելու, բոլոր հնարավորություններն առավելագույն չափով օգտագործելու արդյունք է»։

Ընդամենը չորս տարվա պատմություն ունեցող տրիոն հասցրել է սիրվել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Ջութակահարուհի Անժելա Հովհաննիսյանը նկատում է, որ իրենց մասին ազդարարում ենք բոլոր հնարավոր միջոցներով. յութուբում ունեն տրիոյի ալիքը, հետեւորդներ տարբեր սոցիալական ցանցերում, որտեղ պարբերաբար տեղադրում են ձայնագրություններ։ «Ես վերջին երկու տարին Բելգիայում եմ բնակվում, այնտեղ երաժշտական շրջանակներին շատ եմ պատմում մեր տրիոյի մասին։ Բոլորը հետաքրքրված են։ Մեզ շատ են գրում, խնդրում են նվագացանկը, նոտաները։ Բնականաբար, մենք չենք տալիս, պահում ենք հեղինակային իրավունքները։ Նույնիսկ առաջարկում են վաճառել դրանք, սակայն մերժում ենք։ Այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում։ Այն ճանապարհը, որ մենք հարթել ենք անսահման դժվարություններով, պարզապես գին չունի»,- ասում է Անժելան։

Տրիոյի երկացանկը լայն է՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Բախ, Հենդել, Վիվալդի, Հայդըն, Սարասատե եւ այլն` բարոկկոյից սկսած մինչեւ ռոմանտիզմի ժամանակաշրջանի հեղինակների գործեր։ Այս կազմի համար շատ քիչ ստեղծագործություններ են գրված։ Բացը փորձում են լրացնել հենց իրենք։ Տրիոյի երկացանկի մեծ մասը Անժելա Հովհաննիսյանի փոխադրումներն են։ «Շատ ուրախալի է, երբ սատարող խոսքեր ես լսում փոխադրումների հետ կապված։ Կոմպոզիտոր Ժիրայր Շահրամանյանը համերգներից մեկից հետո մոտեցավ եւ ասաց, որ ինձ մոտ կոմպոզիտորական մտածողություն կա։ Նման կարծիքները ոգեւորում են՝ շարունակելու աշխատանքը։ Փոխադրումների ժամանակ օգնում է նաեւ այն, որ մենք շատ լավ ճանաչում ենք միմյանց, զգում ենք յուրաքանչյուրի նվագը, խառնվածքը»,- ասում է ջութակահարուհին։

Ի դեպ, կան նաեւ հատուկ «Օտրի Տրիո»-ի համար գրված ստեղծագործություններ։ Դրանցից երկուսը՝ «Ստելլա» եւ «Մտորումներ», գրել է Անժելայի հայրը՝ կոմպոզիտոր Վաչագան Հովհաննիսյանը։ Տրիոյի համար շատ գեղեցիկ ստեղծագործություն է գրել նաեւ Ժիրայր Շահրամանյանը, որը դեռ չի կատարվել։ Երաժիշտները խոստանում են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կներկայացնեն այն։

Տրիոյի երաժիշտները խոստովանում են, որ իրենց հավասարապես հոգեհարազատ են ելույթները եւ՛ նվագախմբում, եւ՛ կամերային կազմով։ Արեւիկ Կոսյանն ասում է, որ եթե ցանկանում ես լավ գործ անել, ապա ոչինչ հեշտ չի տրվում։ Նվագախումբն ու անսամբլը բոլորովին տարբեր հարթություններ են, համեմատել հնարավոր չէ, թեեւ երկուսն էլ շատ սիրում է։ Անժելա Հովհաննիսյանն ընդգծում է այն փաստը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում կան մի շարք անսամբլներ։ Ըստ նրա՝ դա նպաստում է նվագախմբի ավելի միասնական ելույթ ունենալուն։ Իսկ Ռուզաննա Թովմասյանի համար կամերային եւ նվագախմբային ելույթները տարբեր զգացողություններ են առաջացնում։ Նրա կարծիքով՝ անսամբլում պատասխանատվության բաժինը մի փոքր ավելի մեծ է։ Անսամբլի դեպքում թափանցիկ հնչողություն է, երաժիշտը պետք է միաժամանակ նվագի որպես մենակատար եւ անսամբլային երաժիշտ։ Այդ բալանսը պետք է պահել՝ շատ չառանձնանալ, լինել անսամբլի մեջ հարմոնիկ ու սինխրոն։

Տրիոյի երաժիշտներն ընդգծում են, որ իրենց գործն անում են սիրով, եւ այդ աշխատանքն աննկատ չի մնում։ Համագործակցության առաջարկ են ստացել է հայտնի «Halidon music» ընկերությունից, որն Իտալիայում ամենամեծ երաժշտական դիստրիբյուտորներից է։ Համաշխարհային այս լեյբլն առաջիկա 5 տարիներին զբաղվելու է նաև տրիոյի առաջմղմամբ, կատարումների տարածմամբ։ 2018 թվականին «Halidon music» պիտակի ներքո թողարկվել է «Օտրի Տրիո»-ի «Երևակայության թռիչք» խորագրով առաջին ձայնասկավառակը, որը կարելի է ձեռք բերել Ամազոնում, iTunes-ում, Spotify-ում եւ այլուր։ Սա, ըստ տրիոյի անդամների, իրենց ամենամեծ ձեռքբերումներից է։ «Halidon music»-ում այժմ տրիոյից սպասում են նոր ստեղծագործություններ, նոր կատարումներ։

«Օտրի Տրիոն» ելույթներ է ունեցել Մալթայում, Ֆրանսիայում։

Պանդեմիայի պայմաններում տրիոյի երաժիշտներն աշխատում են առավելագույնը հասցնել։ Արդեն իսկ արել են ձայնագրություններ, ունեցել են առցանց համերգ՝ հանդես գալով առաջնորդության դպրոցի ավարտական արարողությանը։ Երազում են ելույթ ունենալ Նյու Յորքի Կարնեգի հոլի կամերային դահլիճում։ Հուսով են՝ շատ շուտով երազանքն իրականություն կդառնա։

Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031