Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մեծ է գեղեցիկ ու պաշտպանված լինելու ցանկությունը․ դիմակը՝ նորաձև աքսեսուար

Օգոստոս 05,2020 21:00

Եվ այսպես, Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին» նախագծի շրջանակներում մենք ամեն չորեքշաբթի խոսելու ենք գեղեցկության և վերջինիս պահպանման, խնամքի, կատարելագործման միջոցների ու գաղտնիքների մասին, անդրադառնալու ենք նորաձևության ու պարֆյումերիայի պատմությանն ու ժամանակակից միտումներին, կոսմետիկայի, էսթետիկ բժշկության նորություններին։

Նախագիծը, թեև կանանց մասին է, բայց, կարծում ենք, հետաքրքիր կլինի նաև տղամարդկանց, չէ՞ որ նրանք բոլոր ժամանակներում էլ փորձել են հասկանալ՝ վերջապես ի՞նչ է ուզում կինը։ Իսկ կինը բոլոր ժամանակներում էլ՝ անկախ իր զբաղեցրած դիրքից, պարտականություններից և իրավունքներից, ուզում է լինել գեղեցիկ։

Այո՛, լինել գեղեցիկ, անգամ երբ ստիպված է դեմքն ամբողջությամբ «թաքցնել» դիմակի ետևում։

Ուստի այսօր, երբ բոլորս կամա թե ակամա «թաքնված» ենք բժշկական դիմակի ետևում, կարճ անդրադարձ կատարենք  դիմակի նորաձևությանը։

1918-19 թթ․-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ թվում էր, թե վերջապես կարելի է ազատ շունչ քաշել ու մտածել առօրյա կյանքի մասին, աշխարհը պատուհասեց մարդկության պատմության ամենամահաբեր հիվանդություններից մեկը՝ իսպանական գրիպը կամ «իսպանկան»։  Այդ տարիներին նույնպես մահաբեր վարակից խուսափելու կարևորագույն միջոցը դիմակն էր։ Եվ որքան էլ իրավիճակն օրհասական ու անհուսալի էր, կանայք անգամ այդ պայմաններում չէին մոռանում գեղեցիկ ու նորաձև լինելու մասին։

Այդ տարիներին եվրոպական երկրներում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում կարելի էր հանդիպել ժամանակի նորաձևության միտումներին համապատասխան հագուստով ու աքսեսուարներով կանանց ու տղամարդկանց, որոնք կրում էին կտորե լայն, կամ քթին ամրացվող փոքրիկ կտուցանման դիմակ՝ ձգտելով պահպանել իրենց ոճն ու արտաքին գրավչությունը։

Իհարկե, Կարմիր խաչում աշխատող գթության քույրերը, բժիշկներն ու բուժառուների հետ անմիջական շփում ունեցող մարդիկ նախապատվությունը տալիս էին թանզիֆե բազմաշերտ դիմակներին՝ ժամանակ չունենալով մտածելու արտաքին գեղեցկության մասին։

1952 թ․-ին Լոնդոնը պատվեց Մեծ սմոգով․ գործարաններից արձակվող աղտոտիչները՝ քամու բացակայության պայմաններում 5 օր անընդմեջ թանձր մառախուղ առաջացրեց քաղաքի վրա՝ վտանգելով տասնյակ հազարավոր մարդկանց առողջությունը։

Մարդիկ այդ օրերին պաշտպանվում էին հնարավոր ամենատարբեր միջոցներով, իսկ նորաձև կանայք նախընտրում էին նրբագեղ շարֆերը։

Լոնդոնի անհայտ բնակչուհու՝ այդ օրերից պահպանված այս լուսանկարը հիանալիորեն արտացոլում են ինչպես ժամանակի նորաձևության միտումները, այնպես էլ կնոջ՝ գրավիչ լինելու «առաքելությունը»։

2002-2003 թթ․-ին բռնկված Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի համաճարակը (SARS) հատկապես ասիական երկրներում պաշտպանիչ դիմակներ կրելու սովորություն ձևավորեց․ դրան նպաստեց նաև մեծ քաղաքներում օդի աղտոտվածության բարձր մակարդակը։ Մինչ Կովիդ-19 համավարակն էլ Ճապոնիայի, Չինաստանի ու Հոնկոնգի փողոցներում ոչ մեկին չէին զարմացնում դիմակներով մարդիկ, իհարկե, եթե չկար դիմակի որևէ կրեատիվ լուծումով զարմացնելու ցանկություն։ Հատկապես երիտասարդության շրջանում տարածված էին սև կամ ամենատարբեր նկարներով դիմակները, որոնք կրելու սովորությունն, ի դեպ, օգնեց այդ երկրներին ավելի արագ հաղթահարել նոր կորոնավիրուսի բռնկումով առաջացած ճգնաժամը։

Մեր օրերում նույնպես գեղեցիկ լինելու «կանացի» կանոնը գործում է առանց բացառության։

Փույթ չէ, որ ստիպված ես դիմակ կրել, կարևորը՝ գտնես տարբերվելու ու քո ոճն ընդգծելու հարմար եղանակ։

Օրինակ՝ 2020 թ․ մարտի 21-ին Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան իր երդման հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացավ հագուստի ու դիմակի վառ համադրությամբ՝ արժանանալով թե՛ ներկաների և թե՛ սոցցանցերի օգտատերերի հաճոյախոսություններին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նույնպես արդեն հասցրել է աչքի ընկնել հագուստի ու դիմակի ընդգծված համադրությամբ։

Ինչպես և սպասելի էր, դիմակները չէին կարող վրիպել դիզայներների աչքից, և այս դեպքում դիմակները ոչ այնքան պաշտպանիչ, որքան էսթետիկ դեր ունեն․ դրանք զարդարված են թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերով, դեկորներով, ամբողջացնում են ընդհանուր կերպարն՝ այն դարձնելով ավելի գայթակղիչ ու առեղծվածային։

Թեև նշենք, որ շատ ականավոր մոդելավորողներ մինչ համավարակն էլ պարբերաբար անդրադարձել են պաշտպանիչ դիմակների թեմային՝ ներկայացնելով ինչպես առօրյա, այնպես էլ շքեղ ու էքստրավագանտ տարբերակներ։

1995 թ․-ին Ժան Պոլ Գոտիեի ներկայացրած ցուցադրությունը կարծես մարգարեական լիներ․ ճեմահարթակում քայլում էին կաշվե երկար պիջակներով ու վառ կարմիր քարերով զարդարված դիմակներով մոդելներ։

Մեր օրերի հետ հետաքրքիր զուգադիպություն է կազմում դիզայներ Մարին Սերրի գարնանային հավաքածուն, որը ներկայացվել է 2019 թ․-ի աշնանը։ Հավաքածուի թեման պայմանականորեն ներկայացնում է կյանքն աշխարհի վերջից հետո․ թե ինչ տեսք կունենան մարդիկ ապոկալիպսիսից կամ կլիմայական պատերազմներից հետո։ Այս հավաքածուի մեջ լայնորեն ներկայացված են  ռեսպիրատոր դիմակները։

Մեր օրերի «համավարակային նորաձևության» միտումներից մեկն էլ «տրիկինին» է՝ լողազգեստի ու համապատասխան դիմակի համադրությունը, սակայն այսպիսի լողազգեստով ընդունված արևայրուքը դժվար թե ինչ-որ մեկին գեղեցկացնի։

Իհարկե, կարելի է գտնել գրավիչ լինելու հազարավոր տարբերակներ, սակայն չպետք է մոռանալ, որ երբեմն ամենատպավորիչ գեղեցկությունը պետք է փնտրել պարզության մեջ՝ ինչպես այս դեպքում վարվել է աշխարհի ամենագեղեցիկ կանացից մեկը՝ Անջելինա Ջոլին։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31