Լրահոս
Օրվա լրահոսը

Գործուղումներ՝ հրավերքով. ո՞վ է մեղավոր, որ Գորգիսյանին չեն տանում գործուղման

Օգոստոս 08,2020 14:00 Share

Ընդդիմության բողոքն ու 2019-ին պատգամավորների գործուղումների փաստական տվյալները

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ֆեսբուքյան իր էջում այսպիսի դժգոհություն էր հայտնել. «Մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։ Պարոնայք եւ տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել»:

Այս գրառման տակ իմքայլականներն արձագանքել էին, որ իրենք բուջեի հաշվին չեն գնացել. «Պետք է ՀԿ-ների հետ աշխատել, քանի որ նշված գործուղումների մեծ մասը տեղական կամ միջազգային ՀԿ-ների հրավերներով է եղել, իրապես մտածելու տեղ պետք է տա սա ձեզ, գուցե առանձնապես վստահություն չե՞ք վայելում: Ինչո՞ւ նաեւ ձեզ չեն հրավիրում»: Սոֆյա Հովսեփյանը բացատրել է, որ իրեն անհատական հրավերք են ուղարկել, պիտի ասեր՝ չէ, անպայման «Լուսավորից» Գորգիսյանին էլ հրավիրեք, նոր գա՞մ: Իսկ Սիսակ Գաբրիելյանն էլ արձագանքել էր՝ «հիմա եթե քեզ չեն ճանաչում կամ քեզ չեն հրավիրում, ո՞վ է մեղավոր, ե՞ս, «Իմ քա՞յլը», վարչապե՞տը, թե՞ ժողովրդավարության սովը»:

«Առավոտը» հարցում էր արել ԱԺ աշխատակազմին՝ պարզելու, թե 2019-ի հունվարից մինչեւ 2020-ի հունվարն ընկած ժամանակահատվածում ԱԺ պատգամավորների գործուղումների ո՞ր մասն է եղել հրավիրող կողմի հաշվին, որը՝ պետբյուջեի: Բացի այդ, մենք գործուղումների ցանկում ուսումնասիրեցինք, թե բուջեի հաշվին գործուղումների ժամանակ ովքեր են ընդգրկվել պատվիրակությունների կազմում:

Բացի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերից, որտեղ հանձնաժողովի անդամը պետք է գործուղվի, այլ դեպքերում իշխանությունները միակուսակցական պատվիրակության կազմով չեն գործուղվել, ինչպես քննադատում էր ընդդիմությունը: 2019-ի փետրվարին մի պատվիրակություն գնացել է Մոսկվա, պատվիրակության կազմում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից եղել է Արկադի Խաչատրյանը:

Հաջորդ գործուղումը եղել է դեպի Վիեննա, այդ ժամանակ եւս պատվիրակության կազմում ընդդիմադիր խմբակցություններից ընդգրկված են եղել Անի Սամսոնյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:

Հետո իմքայլական Մխիթար Հայրապետյանը գործուղվել է Լոս Անջելես՝ միայնակ: Այդ այցն ամբողջությամբ եղել է հրավիրող կողմի հաշվին:

Դեպի Քիշնեւ կատարած իմքայլական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Արփի Դավոյանի գործուղումը նույնպես կիսով չափ եղել է հրավիրող կողմի հաշվին, միայն տոմսի գումարն է հանվել բյուջեից:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորները բավականին մեծ կազմով գործուղման են մեկնել Մոսկվա՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Հյուրանոցային ծախսը եղել է հրավիրող կողմի հաշվին ու այդ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ընդդիմությունից Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը, Արման Աբովյանը: 2019-ի մարտին Փարիզ կատարված գործուղվողների կազմում նույնպես եղել է Մարուքյանը:

Հետո իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանին հրավիրել են Ստամբուլ՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների համար, Մերի Գալստյանին՝ Նյու Յորք: Սանկտ Պետերբուրգ հրավիրվածների ցուցակում «Լուսավոր Հայաստանից» եղել է Արկադի Խաչատրյանը, տոմսն է միայն եղել բուջեի հաշվին:

Իսկ իմքայլական Անդրանիկ Քոչարյանի եւ Մխիթար Հայրապետյանի՝ Երուսաղեմ կատարած գործուղման ծախսն ամբողջությամբ փակել է հրավիրող կողմը:

2019-ի մարտի 17-ին Գերմանիա կատարած գործուղմանը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում եղել են Մարուքյանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Ապրիլի 1-2-ին իմքայլական պատգամավորներ Արման Եղոյանն ու Գայանե Աբրահամյանը գնացել են Բուխարեստ, այս անգամ՝ բուջեի հաշվին ու իրենց հետ չեն տարել ընդդիմադիրներին, բայց այդ ացը եղել է Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողովին մասնակցելու համար, դրա համար պատվիրակության կազում եղել է ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն ու հանձնաժողովի անդամը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Լիմասոլ է գնացել հրավիրող կողմի հաշվին (տոմսը գնել են բյուջեի միջոցներից):

2019-ի ապրիլի 6-9-ը Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Դոհա: Այդ ժամանակ «Լուսավոր Հայաստանից» մասնակցել է Սրբուհի Գրիգորյանը, իսկ ԲՀԿ-ից եղել են Մելքումյանը, Շաքե Իսայանը:

Հետո Սանկտ Պետերբուրգ են հրավիրվել ու «Լուսավոր Հայաստանից» ընդգրկվել է Հարություն Բաբայանը:

Իմքայլականներ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը Դուբլին գործուղվել են ամբողջությամբ հրավիրող կողմի հաշվին: Նրանք նաեւ Հրաչյա Հակոբյանի հետ գործուղվել են Նաննինգ, դարձյալ՝ հրավիրող կողմն է հաշիվը փակել: 2019-ի մայիսին դեպի Ստեփանակերտ, այնուհետեւ՝ Վիլնյուս գործուղվածների ցանկում եղել է Անի Սասոնյանը, ընդ որում, կրկին երկու գործուղումներն էլ եղել են հրավերքով, բյուջեից գումար չի ծախսվել:

Հետո Մելքումյանը Վիեննա է գնացել՝ հրավերքով, իսկ Մարուքյանը գնացել է Լոնդոն՝ բուջեի հաշվին: 2019-ի մայիսի 14-ին «Իմ քայլից» Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանը գնացել են Բաթումի: Այդ այցը նույնպես հրավերքով է եղել, ընդ որում, ընդդիմությունից նրանց հետ եղել է Վահե Էնֆիաջյանը:

Նուր-Սուլթանի այցը նույնպես եղել է հրավերքով, ընդդիմությունից կանչել են Մելքումյանին: Մայիսին Կազան, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ուլան-Բատոր այցերը նույնպես հրավիրող կողմի հաշվին են եղել ու ընդդիմությունից մասնակցել են Շաքե Իսայանը, Սերգեյ Բագրատյանը, Արման Բաբաջանյանը, Միքայել Մելքումյանը:

Այց Բրատիսլավա, կամ 2019-ի հոկտեմբերին Լոնդոն այցը եղել է բյուջեի հաշվին, թե՛ հյուրանոցը, թե՛ ավիատոմսը ու այդ պատվիրակությունների կազմում Գորգիսյանն ընդգրկված է եղել: Հետո գնացել են Թբիլիսի ու Համազասպ Դանիելյանի հետ եղել է ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը: Ստոկհոլմ այցի ժամանակ էլ ԲՀԿ-ից մասնակցել է Արման Աբովյանը, Լոնդոն գնալիս՝ ԼՀԿ-ից Աննա Կոստանանը:

Տոկիոյում Լենա Նազարյանի հետ եղել է «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը: Կոպենհագեն-Հելսինկիում՝ Տարոն Սիմոնյանը: Այս հատվածում՝ 2019-ի հունիսին իշխանական պատգամավորներից Համազասպ Դանիելյանն ու Արուսյակ Ջուլհակյանը Մադրիդ-Լիսաբոն են գնացել, Մարիա Կարապետյանն ու Ծովինար Վարդանյանը՝ Հռոմ, Համազասպ Դանիլյանն ու Սոնա Ղազարյանը՝ Բրատիսլավա ու այդ այցերը բյուջեի հաշվին են եղել, ընդդիմությունից էլ ներկայացուցիչ չի եղել:

Այսպիսով, հիմնականում իմքայլականները գործուղումների գնալիս, եթե միակուսակցական պատվիրակությամբ են մեկնել, այդ այցերը եղել են հրավերքով, իսկ մյուս դեպքերում, որպես կանոն, ընդդիմադիր պատգամավորի ընդգրկել են՝ դա կլինի գործուղում Լյուքսեմբուրգ, Նիկոսիա, Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, Մարաքեշ, Պրահա, թե Ստեփանակերտ:

Այնպես չի, որ Գեւորգ Գորգիսյանին չեն հրավիրել: Օրինակ, 2019-ի ապրիլի 24-ին նրան եւ Վիկտոր Ենգիբարյանին հրավիրել են Բրյուսել: Բայց թե ինչու են այդ դեպքերը քիչ, այդ հարցն իշխանությունների տիրույթում չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31