Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը մե՞րն է…

Օգոստոս 15,2020 12:30

ՀՀ կառավարությունը երկու օր առաջ տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է եւս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։ Մասնավորապես,  վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը եւ սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։

Մեղմացվել էին ընտանեկան արարողությունների եւ ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու եւ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը եւ մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով եւ պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։

Վերացվել էր մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Թվում էր բաց տարածքում, գոնե առողջական խնդիրներ ունեցողների դեպքում, առաջին հերթին կտարածվեր այս մեղմացումներից գոնե մեկը: Սակայն դա այդպես չէ: Ներկայացնում ենք, թե ինչ է պատահել երեկ Ռուբինյանց փողոցի վրա:

Ոստիկանը մե՞րն է…

Զեյթունի Սիթիից որոշ գնումներով դուրս եկա առավոտյան ժ. 10-00-ին։ Վատ էի զգում, դիմակս հանեցի ու փողոցը չանցած մոտեցա մոտակա կանգառի (Ռուբինյանցի վրա) նստարանին, ուր տեղ էլ չկար ու նստածներին խնդրեցի մի քիչ տեղ տան։

Մի աղջիկ այն սիրով ինձ զիջեց, դեռ նոր էի նստել, երբ ինձ մոտեցան ոստիկանները՝ 3 հոգով (ասես շատ լուրջ գործ էին անում, սա փաստ է, որ ներքին զորքերի թիվն անսահման ուռճացված է) ու ինձ հանդիմանեցին, թե ինչո՞ւ դիմակ չեմ կրում։ Ես նրանց առաջին հերթին փաստեցի, որ պարետի հրամանով այսուհետ բացօթյա տարածքում կարող են չկրել։ Նրանք 3-ով ջանադրաբար փորձում էին ապացուցել, որ դա վերաբերում է միմիայն բնության գրկում լինելուն։ Կողքից այլ քաղաքացիներ միջամտեցին, որ սա հենց բաց տարածք է, «նավես» էլ չկա, սակայն անդրդվելի էին «հայրենյաց» պաշտպան ոստիկանները եւ հերթական գրոհը կազմակերպեցին թոշակառուիս դեմ, թե ինչո՞ւ չեմ պահպանել անհրաժեշտ հեռավորությունը մյուսներից։ Ես նրանց ստիպված բացատրեցի, որ ինքս վատ զգալուց խնդրել եմ ինձ տեղ տան, մյուսներն, ու աղջիկը, ում փոխադրամիջոցը դեռ չէր եկել, հաստատեցին այդ փաստը։ Իմ աջ ու ձախ կողմում նստածները նույնպես տարեց մարդիկ էին, որոնք չէին կարող տեղից վեր կենալ ոստիկանի ցանկալի հեռավորությունն ապահովելու համար։

Ի դեպ,  կանգառում այդ մեկ նստարանը շատ քիչ է, եթե հաշվի առնենք մեր ծերացող բնակիչների թիվը։ Ես, գլուխ չդնելու հրամայականով, անմիջապես կրեցի դիմակս, հարցրեցի նրանց ազգանունները, ոչ ոք չարձագանքեց իմ պահանջին։ Ես էլ հայտնեցի, որ տուն հասնելուն պես իրենց ղեկավարությանը կգրեմ, որ իրենց ոստիկանները պարետի հրամանը կամ չեն հասկանում,  կամ  չեն կատարում,  կամ  ծառայեցնում են իրենց շահերին։ Լսելով բոլորից, որ ես վատ զգալու պատճառով եմ նստել, նրանցից ոչ մեկի ուղեղը չաշխատեց, որ առաջարկեն իմ իրերը վերցնեն ու ինձ տուն ուղեկցեն, բայց փոխարենը նրանցից մեկը փորձեց ինձ առաջարկել՝ հետեւել իրենց, ես հակադարձեցի, որ իրենց քայլը կլուսաբանեմ թերթում ու հեռացա։

Տուն հասնելուն պես փորձեցի ոստիկանության թեժ գծի բոլոր հեռախոսներով զանգել, վերջապես  մի հեռախոսից պատասխանող գտնվեց։ Աղջիկն ինձ լսեց, ցավակցեց ու տվեց 2 նոր հեռախոսահամարներ՝ դիմումների բաժնի՝ 010-59-68-40 ու իրավաբանական վարչության՝ 010-59-65-91։ Ինչպես սպասելի էր, այս համարները կամ վերցնող չկար, կամ տեւական զանգից հետո անջատում էին ( դե՛, հո չէին թողնի իրենց քաղցր զրույցներն ու լսեին քաղաքացիներին)։

Հարց ոստիկանապետին՝ որտեղի՞ց են պեղում  նման ոստիկաններին ու հարց վարչապետին՝ այսքանից հետո ոստիկանը մե՞րն է, թե՝ ոչ…

Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31