Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրում փոփոխություններ կատարելու մասին

Օգոստոս 29,2020 15:04

Ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին Հռչակագիրը (այսուհետև՝ Հռչակագիր) հիմնված է Հռչակագրին միացող անհատների համար ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա և արձանագրում է այդ անհատների կամքն արտահայտող ռազմավարությունը՝ իր նպատակով ու դրա իրագործման համար լուծելիք խնդիրներով:

Ըստ այդմ՝ Հռչակագիրը որդեգրում է նաև այդ ռազմավարության, նրա նպատակի իրագործման ու խնդիրների լուծման որոշակի մարտավարություն, որը կարող է վերանայվել ըստ իրավիճակի:

Առաջնորդվելով սույն հրամայականով, Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ 2020 թ. օգոստոսի 24-ին անցկացված քաղաքական խորհրդաժողովը, վերագնահատելով քաղաքական իրավիճակը և ձևավորվող միտումները, իր գլխավոր քաղաքական զեկուցմամբ արձանագրեց, որ.

1. Գործող իշխանությունն ընթանում է դեպի անկում, այդ պատճառով Հռչակագրի նպատակի իրագործումը և խնդիրների լուծումը նրա համակարգմամբ կյանքի կոչելու ճանապարհն այլևս հեռանկար չունի, ուստի հարկ կլինի ապավինել նրանից դուրս գտնվող ազգային-ժողովրդավարական ներուժին,

2. Հռչակագրով սահմանված մեկամյա հակաճգնաժամային անցումային փուլում հնարավոր է նոր Սահմանադրությունն ընդունել ութամյսա ժամկետում, ուստի այդ մեկամյա ժամկետի ավարտին կազմակերպվող արտահերթ ընտրություններից առաջ հնարավոր է և նպատակահարմար է ոչ թե փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին օրենքում, այլ ընդունել նոր Ընտրական օրենսգիրք և Կուսակցությունների մասին նոր օրենք:

Ղեկավարվելով վերը նշվածով, Ազգային Ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը, ի կատարումն Քաղաքական խորհրդաժողովի հիշյալ արձանագրման, Հռչակագրի տեքստում կատարում է հետևյալ փոփոխությունները.

1. 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետևյալ ճանապարհը՝ հնարավորինս համախմբել ազգային-ժողովրդավարական ներուժը, ձևավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն, որը գործող իշխանության կանխատեսելի անկման պահից կստանձնի պետության կառավարումը և անցումային ծրագրի իրականացմամբ կապահովի ճգնաժամի հաղթահարումը»:

2. 15-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) նոր Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին նոր օրենքի մշակում և ընդունում և դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում»:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
29 օգոստոս 2020 թ., Երևան

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, նկատի ունենալով, որ դրանք համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետևանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար, փաստելով, որ մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձևով, արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք և կարողություն, նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է և ունակ չէ ձևավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը, համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձևաչափով, նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական և կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բևեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետևյալ ճանապարհը՝ հնարավորինս համախմբել ազգային-ժողովրդավարական ներուժը, ձևավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն, որը գործող իշխանության անխուսափելի անկման պահից կստանձնի պետության կառավարումը և անցումային ծրագրի իրականացմամբ կապահովի ճգնաժամի հաղթահարումը (խմբ. 08.29.2020):

Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա և պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետևյալ համակարգային միջոցառումները և փոփոխությունները.
1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
– քրեական արդարադատություն,
– լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, ինչպես նաև որպես հետևանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության և դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում և ընդունում,
5) նոր Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին նոր օրենքի մշակում և ընդունում և դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում (խմբ. 08.29.2020):
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը և արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաև արտահերթ ընտրություններով ձևավորված իշխանության գործունեությամբ:

Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձևաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բևեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին:

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31