Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականաշինության արդյունքների կիսատությունը պայմանավորված է Հռչակագրի նպատակների մի զգալի մասից շեղվելու հանգամանքով. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Օգոստոս 24,2020 16:01

2020 թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Ազգային-ժողովրդավարական բևեռի քաղաքական խորհրդաժողովը, որ կազմակերպվել էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի 30-ամյակի առթիվ:

Խորհրդաժողովը տվեց անկախության շուրջ երեսուն տարիների քաղաքական գնահատականը, ներկայի բնութագիրը և սահմանեց Բևեռի անելիքները:

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐԸ

1.ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԵՒ ՆՐԱՆԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ
2.ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՒ ԴՐԱ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ
2.1.ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2.2.ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ
2.3. ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
2.4.ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ

2.5.ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
1.ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԵՒ ՆՐԱՆԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի անկախության Հռչակագրի ընդունման պահից անցել է երեսուն տարի: Երբ հետադարձ հայացք ենք  գցում անցած տարիների ընթացքում պետականաշինության և ազգային ինքնության արդիականացման արդյունքներին, ապա,  կարեւորելով հանդերձ Արցախի հերոսական  ազատագրումը,  ազգային բանակի ստեղծումը, միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը  և կրթության վերահայացումը, ստիպված ենք, այնուամենայնիվ, արձանագրելու, թե որքան համեստ և թերի են եղել այդ երեսուն տարվա ձեռքբերումները, երեսուն տարիներ,  որոնք հավասար են Խորհրդային Միության գոյության գրեթե կեսին:

Ստիպված ենք նկատել, որ պետականաշինության արդյունքների վերոնշյալ համեստությունը և կիսատությունը ուղիղ կերպով պայմանավորված են Հռչակագրի նպատակների մի զգալի մասից շեղվելու հանգամանքով:

​Թեև Հռչակագրում խոսվում է 1-ին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները զարգացնելու մասին, ըստ այդմ՝ անուղղակիորեն ընդունելով նաև նրա իրավահաջորդությունը, նորանկախ Հայաստանի Հանրապետության իրար հաջորդող վարչակազմերը ի սկզբանե և մինչ օրս որդեգրել են Հռչակագրին հակասող՝ Խորհրդային Հայաստանի իրավահաջորդության «իրավաքաղաքական հայեցակարգ»:

​Այդ կեղծ իրավաքաղաքական հայեցակարգի վրա հիմնված պետական և հանրային կյանքի ընթացքը հանգեցրել է Հռչակագրով սահմանված արժեքների՝ պետականության ժառանգականության և հայոց իրավատիրության, ժողովրդավարության և ինքնիշխանության էական աղճատման ու անկման, այդ թվում՝ փակուղի մտցնելով ըստ էության լուծված Արցախի հիմնախնդիրը:

Իրար հաջորդող վարչակազմերի՝ Անկախության հռչակագրից ամենավտանգավոր շեղումը ժողովրդավարությունից հրաժարումն է, որի հետևանքով զավթվել է պետությունը, դեկորատիվ ժողովրդավարության քողի տակ վերստեղծվել է քաղաքական ավտորիտար, նախաանկախական շրջանի հիվանդագին ավանդույթը, որն իր հերթին հանգեցրել է ազատ շուկայական հարաբերությունների խեղման, տնտեսական մոնոպոլիզացման, բնության գիշատչական շահագործման, ինչի հետևանքով՝ կասեցվել է հասարակական հարաբերությունների և ազգային կենսակերպի անհրաժեշտ արդիականացումը և եղածն էլ սկսել է աղճատվել:

2.ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՒ ԴՐԱ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

2.1. ​ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հռչակագրի ուղենիշներից շեղվելու հետևանքով աստիճանաբար առաջացել է պետականության ամբողջական համակարգային ճգնաժամ, որի երեք հիմնական դրսևորումները և խթանիչները դարձան.

1.2008 թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում ժողովրդավարության գնդակահարումը, ինչը փաստեց հանցավոր համագործակցության վերածված վարչախմբի կողմից սահմանադրական կարգի տապալումը և պետության ամբողջական զավթումը և, այդպիսով, բռնապետության հաստատումը,

2.2013 թ. վերջից սկսված Եվրասիական Տնտեսական Միությանը հարկադրաբար անդամակցելու գործընթացը, որը էապես սահմանափակեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ մեզ գրեթե զրկելով միջազգային հարաբերություններում ինքնուրույն գործելու կարողությունից,

3.հիմնականում 1-ին հանրապետության իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառով Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախի հիմնահարցի լուծման փակուղայնացումը, ինչն ի վերջո հանգեցրեց Լավրովյան պլանին և դրանից ածանցվող 2016 թ. Ապրիլյան պայմանավորված պատերազմին:

Համակարգային ճգնաժամի առաջացրած վտանգներից արթնացած բուն ինքնիշխանը՝ ժողովուրդը, ի վերջո իր ձեռքը վերցրեց երկիրը պաշտպանելու, զավթված պետությունն ազատագրելու, ինքնիշխանությունը վերականգնելու և ժողովրդավարությունը վերահաստատելու գործը:

Հանուն Հռչակագրով սահմանված արժեքների ժողովրդի դիմակայության հիմնական իրադարձությունները դարձան 2008-ի մարտի 1-ը, 2016 թ. Ապրիլյան պայմանավորված պատերազմը, 2016 թ. Սասնա Ծռերի զինված ապստամբությունը և 2018 թ. համաժողովրդական խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը, որն ի վերջո տապալեց ռեժիմին:

2018-ի հեղափոխական ալիքի վրա պետության կառավարումը ստանձնած քաղաքական ուժը, ցավոք սրտի, նախորդ վարչախմբերի նման շարունակեց Հռչակագրի սահմանած ուղենիշներից շեղված քաղաքականությունը և գործելակերպը, ինչի հետևանքով չարդարացվեցին հեղափոխական սպասումները և չկատարվեցին խոստումները:

Համակարգային ճգնաժամը հաղթահարվելու փոխարեն շարունակում է խորանալ: Իսկ դրան գումարվող կորոնավիրուսի համավարակը եւ զուգահեռաբար զարգացող համաշխարհային մասշտաբի դարակազմիկ տեխնոլոգիական եւ քաղաքակրթական փոփոխությունների հորձանուտում տեղի ունեցող ցնցումները մեր ազգի և պետականության համար ստեղծում են գոյութենական նոր մարտահրավերներ:

2.2.ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

Համակարգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է համազգային համախմբում և հակաճգնաժամային կառավարման տրամաբանությամբ արտակարգ լուծումներ:

Գործող վարչակազմը, հրաժարվելով ազգային համաձայնության կայացմամբ և համազգային ներուժի համախմբմամբ հակաճգնաժամային անցումային կառավարման անցնելու միակ ելքից, չի կարողանում լուծել գոյութենական մարտահրավերներ ծնող համակարգային ճգնաժամը, ինչը նաև առաջացնում է ժողովրդային մեծ ու աճող դժգոհություն: Դրա հետևանքով իշխանության կենսունակությունը կսպառվի և կարճ ժամանակ անց նա կհեռանա:

Նման իրավիճակում Ազգային-ժողովրդավարական բևեռը պարտավոր է բացառել ժողովրդավարական վակուումը, ազգային համաձայնության և հնարավոր լայն ներառականության հիման վրա նախաձեռնել առողջ ուժերի և գործիչների համախմբում՝ գլխավորապես երկու խնդիր լուծելու նպատակով.

  • կազմել հակաճգնաժամային անցումային կառավարություն (կոլեգիալ կառավարման ձևաչափով) և իշխանության անկման պահից ստանձնել պետության կառավարման պատասխանատվությունը,
  • բացառել պետության ղեկը նախկին կեղեքիչ խամաճիկներին կամ նրանց դիմափոխված սատելիտներին հանձնելը:

Ցավոք սրտի՝ ներկայիս վարչախմբի կարողությունները էապես չեն համապատասխանում մեր աչքի առջև ահագնացող այդ մարտահրավերներին:

Ստեղծված իրավիճակում, վերը նշված հակաճգնաժամային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության ձևով՝ բռնապետության անվերադարձելիությունն ապահովելու համար: Անցումային կառավարման փուլը նախապես պետք է սահմանվի կարճ և հստակ (մեկամյա) ժամկետով ու լիազորությունների խիստ սահմանված շրջանակով:

Հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա, ինչպես նաև ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համակարգի վրա:

Հակաճգնաժամային անցումային կառավարման, այդ թվում՝ Սահմանադրության մշակման և ընդունման, գործընթացի մեջ պետք է ներառվեն 2018-ի փոփոխությունները ողջունած և դրանց միացած բոլոր ուժերն ու գործիչները: Միևնույն ժամանակ՝ հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք պետք է ազատ լինեն իրենց գործողությունների ձևաչափն ընտրելու հարցում:

2.3.ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի արտաքին ռազմավարության վերանայմանը, այդ թվում՝ դիվերսիֆիկացմանը:

Ըստ այդմ՝ հատկապես պետք է հաշվի առնվի փոփոխականորեն զարգացող նոր իրավիճակը, որը համաշխարհային անկայունացման համատեքստում պայմանավորված է մի կողմից Թուրքիայի ագրեսիվության և անկանխատեսելիության աճմամբ, մյուս կողմից՝ հակաթուրքական դաշինքի ձևավորման միտումով, որը աճող ռազմաքաղաքական վտանգին զուգահեռաբար ստեղծում է նոր անվտանգային հնարավորություններ: Այս պարագաներում մեզ համար կենսական որոշ հարցերի նկատմամբ Ռուսաստանի անհստակ դիրքորոշումը  ու պատմության շրջադարձային փուլերում մեր տարածաշրջանից անսպասելիորեն նահանջելու նրա ձեռագիրը , ինչպես նաև Ռուսաստանում արձանագրվող հարաճուն անկայունությունը էական են դարձնում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը:

Առարկայական հույսեր են ներշնչում Ռուսաստանում և նրա աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթում գտնվող կից պետության՝ Բելառուսում, տեղի ունեցող գործընթացները: Եթե որպես արդյունք ձևավորվի ժողովրդավարական և հանրապետական Ռուսաստանի կառուցման ուղին որդեգրած իշխանություն, ապա հնարավոր ենք համարում նրա հետ արժանապատիվ եւ իրավահավասար գործընկերությունը:

Ստեղծված իրավիճակում էականորեն արդիական է դառնում տարածաշրջանի ներկայիս քաղաքական ճարտարապետության հիմքը կազմող ապօրինի փաստաթղթերի՝ Մոսկվայի և Կարսի այսպես կոչված պայմանագրերի, նկատմամբ դիրքորոշման հստակեցումը, ինչպես նաև զուգահեռաբար՝ Հայաստանի Հանրապետության իրավավատիրության և, առհասարակ՝ Հայկական հարցի լուծման հիմքը կազմող լեգիտիմ միջազգային փաստաթղթերի՝ Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի (1920 թ. փետրվարի 24), Սան Ռեմոյի համաժողովի որոշումների (1920 թ. ապրիլի 23-26), Սևրի պայմանագիր (1920 թ. օգոստոսի 10) և Վիլսոնի իրավարար վճռի (1920 թ. նոյեմբերի 22) վերարծարծումը:

Սա մեզ հնարավորություն կտա դիվանագիտական լծակ ձեռք բերելու Թուրքիայի վրա և կարևոր դիրք զբաղեցնելու միջազգային հարաբերությունների փոփոխվող համակարգում, այդ թվում՝ դիրքորոշվելու ձևավորվող Եգիպտոս-Արաբական Միացյալ Էմիրություններ-Հունաստան-Կիպրոս-Ֆրանսիա հակաթուրքական դաշինքի հանդեպ:

Այս անհրաժեշտ պայմաններին զուգահեռաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության բավարար մակարդակի հասնելու կենսական անհրաժեշտություն է Ազգ-բանակ համակարգի կայացումը՝ հնարավորինս ինքնաբավ պաշտպանական արդյունաբերությամբ և համազգային մոբիլիզացիայի կարողություններով:

2.4.ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ

2.4.1 Հակաճգնաժամային անցումային կառավարման արդյունավետության անհրաժեշտ պայմանը 1991 թ. մինչ օրս ընկած ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատականն է՝ դրա փուլերի նկատմամբ տարբերակված մոտեցումներով:

2.4.2 Իրավաքաղաքական գնահատականից բխող Անցումային արդարադատությունը, որը բռնապետությունից ժողովրդավարության անցումն ապահովող հիմնական մեխանիզմն է:

2.4.3 Իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ նոր Սահմանադրության ընդունումը և դրա հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացումը հակաճգնաժամային անցումային ծրագրի ողնաշարն է:

Նոր Սահմանադրությունը պետք է լուծի երկու փոխպայմանավորված խնդիր՝ արդյունավետ պետական կառավարման ապահովում և իշխանության յուրացման բացառում:

Միևնույն ժամանակ՝ Սահմանադրության մշակման և ընդունման գործընթացը հարթակ և գործիք է դառնում ներազգային երկխոսության և սահմանադրականության ապահովման նպատակով բազմակարծության վրա հիմնված անհրաժեշտ այնպիսի բնական քաղաքական բևեռների առաջացման համար, որոնք հենված են ժողովրդի քաղաքական-գաղափարական պատկերացումների իրական ռելիեֆի վրա և երաշխավորում են փոխադարձ հանդուրժողականությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համագործակցությունը:

Հակաճգնաժամային անցումային կառավարումը պետք է իրականացվի կոլեգիալ կերպով՝ մերժելով ոչ լեգիտիմ առկա Սահմանադրության կուսակցապետական-գերվարչապետական կառավարման համակարգով սահմանված միանձնյա կառավարումը:

2.4.4 Զուգահեռաբար՝ իրավաքաղաքական գնահատականի, Անցունային արդարադատության արդյունքների, ինչպես նաև նոր Սահմանադրության հայեցակարգային մոտեցումների հաշվառմամբ պետք է մշակվեն և իրականացվեն ռազմավարական ոլորտների հակաճգնաժամային անցումային ծրագրեր:

Մասնավորապես՝ այդպիսի ծրագրեր պետք է մշակվեն և իրագործվեն պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ առաջին հերթին՝ նրա դատաիրավական բաղադրիչում, առողջապահության, պաշտպանության, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության, պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտներում: Առանձնակի կերպով պետք է կարևորվի հայրենադարձությունը, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ներառականությունը Հայաստանի կառավարման գործում:

2.5. ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Բևեռը, հիմնվելով ապստամբության բնական իրավունքի գերակայության վրա և հաշվի առնելով զավթված պետությունն ազատագրելու նպատակով զինված ապստամբության և խաղաղ անհնազանդության դիալեկտիկ փոխլրացումը ճանաչելու անհրաժեշտությունը, գործող վարչախմբից պահանջում է վերջ տալ Սասնա Ծռերի ապստամբության առթիվ քննվող գործի աչառու դատավարությանը, ազատ արձակել դեռևս բանտում գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հրաժարվել մեղադրանքից, իսկ մահվան ելքով դրվագները քննել անաչառ և անշահախնդիր քննչական խմբի միջոցով:

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31