Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կնոջ առողջության պահպանման պարզ բանաձևերը՝ գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի մատուցմամբ

Օգոստոս 29,2020 22:00

Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին և կանանց համար» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի հետ

-Բժշկուհի Սուվարյան, բժշկության ոսկե կանոն է համարվում «Ավելի լավ է կանխարգելել, քան բուժել» հայտնի ձեւակերպումը, կինն ինչպիսի՞ հետազոտություններ պետք է անցնի գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար եւ ի՞նչ հաճախականությամբ։

-Միանշանակ համաձայն եմ, որ ցանկացած հիվանդության դեպքում կանխարգելումն ավելի հեշտ է իրականացնել, քան թե բուժումը։ Ընդհանուր ասեմ՝ կանայք պետք է գոնե տարին մեկ անգամ այցելեն գինեկոլոգին, անցնեն փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, պարտադիր պետք է հանձնեն արգանդի վզիկից բջջաբանական հետազոտություն, որը սքրինինգային է, տարին մեկ անգամ պետք է հանձնեն հեշտոցային քսուկ։
Ինչ վերաբերում է դեռահաս աղջիկներին, ապա մենարխեից (առաջին դաշտանային ցիկլ) հետո նրանք մեկ տարի կարող են սպասել դաշտանային ցիկլի կարգավորմանը, քանի որ առաջին մեկ տարում հնարավոր են խախտումները, և եթե մեկ տարուց հետո դաշտանային ցիկլը չի կարգավորվում, ապա պետք է դիմեն գինեկոլոգին՝ ցիկլի հետ կապված խախտումները շտկելու և հետագայում ավելի լուրջ խնդիրների առջև չկանգնելու համար։

-Ինչպիսի՞ ընդհանուր կանոններ կան, որոնք կարող են դրական անդրադառնալ կնոջ առողջության վրա։

-Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց դեպքում կարևոր է առողջ ապրելակերպը, որը ներառում է սպորտով զբաղվելը, վնասակար սովորություններից, օրինակ՝ ծխելուց հեռու մնալը։ Առողջության համար կարևորում եմ նյարդային համակարգի ադեկվատ վիճակը, քնի ապահովումը և ճիշտ սնվելը։ Այստեղ ուզում եմ խոսել դիետաների մասին․ շատ լավ է, որ կանայք հետևում են իրենց քաշին ու արտաքին գրավչությանը, ինքս կողմ եմ դիետաներին, բայց պետք է ամեն ինչ անել ճիշտ․ օրինակ՝ եթե մեկ ամսում կինը նիհարում է 10 կգ, իսկ հաջորդ ամսում գիրանում 8 կիլոգրամով, այդպիսով վնասում է իր առողջությանը, քանի որ քաշի կտրուկ տատանումները վնասակար են։ Քաշի՝ այդպիսի կտրուկ տատանումներից խուսափելու համար դիետաները կարելի է կազմակերպել ինչպես մասնագետների օգնությամբ, այնպես էլ ինքնուրույն՝ պահպանելով առողջության համար արդյունավետ կանոնները։
Իսկ եթե հարցին մոտենամ որպես գինեկոլոգ, ապա առողջության համար կարևոր եմ համարում մշտական զուգընկերոջ առկայությունը։

-Իսկ ի՞նչ գործոններ են ազդում կնոջ վերարտադրողական առողջության վրա։

-Վերարտադրողական առողջության վրա կարող են ազդել կնոջ տարիքը, կնոջ վնասակար սովորությունները, օրինակ՝ ծխելը, կնոջ քաշը․ ավելորդ քաշը կարող է բերել հորմոնալ խնդիրների՝ առաջացնելով ցիկլի խանգարումներ, հղիանալու հետ կապված խնդիրներ և այլն։ Կնոջ վերարտադրողական առողջության վրա կարող է ազդել սեռական ոչ ճիշտ դաստիարակությունը, սեռական կյանքի կուլտուրան, որի խախտումները կարող են բերել ինֆեկցիոն խնդիրների, իսկ ինֆեկցիոն խնդիրներն, օրինակ, կարող են առաջացնել արգանդափողերի անանցանելիություն, ինչն էլ կազդի կնոջ ռեպրոդուկտիվ գործառույթի վրա։ Վերարտադրողական առողջության վրա բացասաբար են անդրադառնում հղիության ընդհատումները՝ և՛ գործիքային, և՛ դեղորայքային․ նույն գործիքային միջամտություններից հետո կարող են առաջանալ արգանդափողերի հետ կապված խնդիրներ: Հղիության ընդհատումները կարող են առաջացնել նաև հորմոնալ խնդիրներ։

Նշեմ, որ սեռական առողջության մասին հոգ տանելու առումով այսօր որոշ չափով դրական միտումներ կան։

Հիմա ավելի շատ են այն զույգերը, որոնք ամուսնությունից առաջ դիմում են մասնագետին, անցնում հետազոտություններ, ապա պլանավորում հղիությունը և իրենց հետագա կյանքը։

-Ինչպիսի՞ խնդիրներ են առավել հաճախ հանդիպում կանանց շրջանում։

-Կանանց մոտ առավել հաճախ են հանդիպում հորմոնալ խնդիրները, նյութափոխանակության խանգարումները։

-Ինչպե՞ս հավասարակշռել հորմոնները, մի՞շտ է արդյոք անհրաժեշտ դեղորայքային միջամտություն, որպեսզի կարգավորվի օրգանիզմի հորմոնալ ֆոնը։

-Ոչ միշտ, օրինակ, եթե կինն ունի ավելորդ քաշ, ապա քաշի նվազեցման դեպքում՝ ոչ կտրուկ, հնարավոր է՝ շատ հորմոններ ինքնին վերականգնվեն։ Շատ կանայք են մեզ դիմում ավելորդ քաշով, և երբ մենք իրենց քաշը կարգավորում ենք՝ և՛ ցիկլն է կարգավորվում, և՛ հղիություն է առաջանում։ Ընդ որում, նշեմ, որ շատ նվազ քաշն էլ ցանկալի չէ, այլ քաշի՝ ադեկվատ վիճակը։
Իհարկե, ֆիզիկական ակտիվությունը շատ ցանկալի է, բայց ֆիզիկական գերակտիվությունը կամ գերծանրաբեռնվածությունը նույնպես կարող է բերել հորմոնալ խնդիրների, և եթե հնարավոր լինի այդ ծանրաբեռնվածությունը թուլացնել, ապա նույնպես հորմոնները կարող են կարգավորվել։
Նյարդային լարվածությունը նույնպես կարող է հանգեցնել հորմոնալ խնդիրների, և այդ վիճակի կարգավորումը ևս կարող է դրական անդրադառնալ հորմոնների վրա։

-Բժշկությունն անընդմեջ զարգանում է, գինեկոլոգիան, կարծում ենք, նույնպես։ Կանանց գինեկոլոգիական հիվանդությունների հետազոտման ի՞նչ նոր մեթոդներ կան և որոնք են համարվում արդեն հնացած ու ոչ այնքան արդյունավետ։

-Այստեղ կուզեմ նշել տրանսվագինալ՝ ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը, որն ավելի ինֆորմատիվ է կնոջ հիվանդությունների հայտնաբերման և բուժման համար։ Նախկինում մենք օգտվում էինք աբդոմինալ ուլտրաձայնային հետազոտությունից, որն այդքան էլ ինֆորմատիվ չէ։ Տրանսվագինալ հետազոտությունը ավելի շատ ինֆորմացիա է տալիս, օրինակ, ասենք, արգանդի խոռոչի մասին, իսկ փոքր կոնքի աբդոմինալ ուլտրաձայնային հետազոտությունը այդպիսի ինֆորմացիա չի տալիս։ Նախկինում արական սեռական հորմոնների բարձր քանակի հայտնաբերման համար օգտագործվում էր մեզում 17 կետոստերոիդների հայտնաբերումը, որը այժմ այդքան էլ ակտուալ չէ։ Ոչ ակտուալ մեթոդներից կարող եմ նշել նաև ռեկտալ ջերմաչափումը, քանի որ մենք այժմ կարող ենք ուլտրաձայնային հետազոտության միջոցով ճշտել՝ կնոջ մոտ օվուլյացիա (ձվազատում) եղել է, թե՞ ոչ։

-Սա «Առողջ առավոտ»-ի ավանդական հարցն է, որը հղում ենք մեր հյուրերին․ խնդրում ենք նշել մեկ հայտնագործություն, որն, ըստ ձեզ, բեկումնային էր բժշկության զարգացման գործում։

-Նայած, թե որ ժամանակաշրջանն ենք դիտարկում․ այս պահին ես շատ եմ կարևորում Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հայտնագործումը։

-Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն հղիներին, որոնք պատրաստվում են անցնել ծննդաբերության շատ երջանիկ, բայց միեւնույն ժամանակ դժվարին ճանապարհով։

-Նախ խորհուրդ կտամ կանանց ծննդաբերել ինքնուրույն, եթե չկան հստակ ցուցումներ կեսարյան հատման համար։ Այստեղ ես շատ եմ կարևորում կանանց կոնսուլտացիաների դերը, քանի որ իրենք կարող են աշխատելով հղիների հետ՝ բավարար չափով տեղեկատվություն մատուցել նրանց, որպեսզի կանայք ճիշտ պատկերացում ունենան ծննդաբերական գործընթացի մասին։ Ծննդաբերությունը, ճիշտ է, ցավոտ է, բայց կարծում եմ՝ կարելի է հաղթահարել այդ ժամանակաշրջանը, քանի որ ցավերը միշտ չեն լինում, և ծննդաբերության որոշակի մի փուլում ցավերը վերանում են։ Էպիդուրալ ցավազրկմանը նույնպես կողմ եմ, եթե կան հստակ ցուցումներ։

Ինչպես նաև կուզեի նշել, որ կանայք իրենք՝ իրենց կազմակերպվածությամբ, եւ, վերջիվերջո, իրենց պահվածքով նույնպես կարող են օգնել ծննդաբերական գործընթացին, որպեսզի այն հնարավորինս հարթ ընթանա, և այստեղ ևս մեկ անգամ կուզեի շեշտել կանանց կոնսուլտացիաների կարևոր դերն ու հղիներին բավարար չափով իրազեկման անհրաժեշտությունը։

-Համոզված ենք, Ձեր աշխատանքը լի է հետաքրքիր դեպքերով ու պատմություններով։

-Այո, իսկապես։ Այս պահին կառանձնացնեմ եզակի հանդիպող մի դեպք, որի հետ առնչվել եմ բոլորովին վերջերս․ կրկնակի արգանդ ունեցող կինը հինգ տարվա ընթացքում մի քանի հղիություն էր ունեցել, որոնք ավարտվել էին ինքնաբեր վիժումով, սակայն կնոջ վերջին հղիությունը բարեհաջող ընթացք ունեցավ և 37 շաբաթականում կատարվեց կեսարյան հատում, ծնվեց հասուն աղջիկ՝ 2,7 կգ քաշով։

-Որպես ամփոփում՝ ո՞րն է ձեր մասնագիտության ամենադրական կողմը։

-Երբ արդյունք եմ տեսնում այն զույգերի մոտ, որոնք դիմել են հղիության բացակայության պատճառով, ինչպես նաև ցանկացած տարբերակով ծննդաբերության դեպքում մանկան ճիչը, որը թոթափում է ամեն տեսակ լարվածություն եւ ապացուցում, որ կյանքը հրաշալի է․․․

Հարցազրույցը վարեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31