Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքանո՞վ է հիմնավոր եղել 11 անձի՝ օպերների կողմից խցում ֆիզիկական բռնության ենթարկելը, նրանք ունեին գլխի, դեմքի ուսերի սալջարդեր, արյունազեղումներ, կապտուկներ». Հասմիկ Հարությունյան

Սեպտեմբեր 02,2020 14:39

«Գոյություն ունեն մարմնական վնասվածքներ, որոնք զուտ մահճակալից ընկելով կամ սայթաքելով չեն առաջանում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան քրեակատարողական ծառայողների կողմից դատապարտյալի ծեծի ենթարկվելու դեպքին՝ հայտարարեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ դիմակավորված անձինք ներխուժել են ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և բռնություն գործադրել դատապարտյալների նկատմամբ։ Նույն օրը՝ օգոստոսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և այդ դեպքի շուրջ առանձնազրույց ունեցել երեք ազատազրկվածի հետ, որից մեկը դեպքի վերաբերյալ գրավոր նամակ է ուղղել ՄԻՊ-ին։

Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ անմիջապես այցելություն է իրականացվել քրեակատարողական հիմնարկ, ունեցել են առանձնազրույցներ ազատազրկված անձանց հետ և դրանից հետո են արձանագրումներ են կատարել: Նա նշեց, որ իրենց բարձրաձայնումից հետո տեղեկություն է տարածվել, որ դեռևս օգոստոսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 9-ի մոտակայքում, տեղի է ունեցել չնախատեսված այցելություն քրեակատարողական օպերների կողմից, որոնք Նուբարաշեն ՔԿՀ-ի չորրորդ խցում գտնվող անձանց ենթարկել են զննության. նախնական տվյալներով կարծես հայտնաբերվել է անլար ականջակալ, ինչից հետո չգիտես ինչու տարբեր պատճառաբանություններով մոտ մեկ ժամ հետո նույն հիմնարկ այցելություն է իրականացվել:

Հասմիկ Հարությունյանը մանրամասնեց. «Նախարարության կողմից տեղեկացվել է՝ 11 օպերների կողմից, որոնք նշել են, որ պատժախցում գտնվող անձանց կողմից թույլ է տրվել դիմադրություն, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կիրառել հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ: Սա նախարարության կողմից ներկայացված տեղեկություն է, բայց մենք արձանագրել ենք, զուտ դիտարկումների արդյունքում դեռ չունենալով նախարարության պատճառաբանությունները և պաշտոնական տեղեկությունը՝ թույլ ենք տվել մեզ անմիջապես մինչև հրատապ գրություն ուղարկելը ներկայացնել հաղորդում հանցագործության մասին»:

Հասմիկ Հարությունյանը նշեց՝ յոթ-ութ տարվա՝ քրեակատարողական հիմնարկներում աշխատանքի և մշտադիտարկումների արդյունքում նմանատիպ դեպք ինքն ու իր գործընկերները դեռևս չէին տեսել. «Նման դեպք չէինք հանդիպել, որ ազատազրկված անձինք լինեին նման վիճակում՝ մարմնի վրա ունենալով տարբեր տեսակի վնասվածքներ, գլխի, դեմքի ուսերի սալջարդեր, արյունազեղումներ, կապտուկներ, որոնք թարմ վիճակում էին գտնվում: Չլինելով բժիշկ կարելի էր հասկանալ, որ դրանք բավականին թարմ են և զուտ ֆիզիկական բռնության արդյունք: Ըստ պաշտոնական պարզաբանման՝ իրենք էլ ասել են, որ իրենց խցում մահճակալից են ընկել: Հավատալ նման պատճառաբանությանը՝ տեսնելով նման վնասվածքներ, անլուրջ է: Բժշկական մատյանում զուտ այդ արձանագրումը թույլ է տալիս բարձրացնել մտահոգություն, որ եթե տեղի է ունենում քրեական ենթամշակույթի դեմ պայքար, ինքնին ներսում այդ մշակույթն այնքան գերակա է, որ թույլ չի տալիս՝ անձինք բարձրացնեն իրենց նկատմամբ տեղի ունեցած վնասվածքների մասին: Բռնության ենթարկված անձինք չունեն իրենց ֆիզիկական անվտանգության երաշխիքները՝ ինչով պայմանավորված նախընտրում են ձեռնպահ մնալ բողոքներից, ինֆորմացիան հանրայնացնելուց, ինչը կարող է հանգեցնել անպատժելիության մթնոլորտի»:

Հասմիկ Հարությունյանը վստահեցրեց՝ իրենց ոլորտային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում տեղի է ունեցել ոչ թե երկու անձի նկատմամբ բռնություն, այլ պատժախցում եղել է երեք անձ: Այս առիթով ասաց. «Գլխավոր դատախազություն խմբի հաղորդման հիման վրա նյութեր են ներկայացվել ՀՔԾ: Պնդում ենք, որ սա այն միջադեպն է, որի առնչությամբ իրավասու և ոլորտային համակարգող գերատեսչության կողմից պետք է տրվեին բացատրություններ, որ ոչ թե մենք պայքարում ենք քրեական մշակույթի դեմ և կարող է առաջանալ հատուկ միջոցների կիրառության անհրաժեշտություն, այլ պետք է տրվեին չափազանց դետալացված պարզաբանումներ և հիմնավորումներ՝ պատասխան տալով նաև դիտորդական խմբի գրության մեջ բարձրացված հարցերին, թե ինչ դիմադրություն է ցուցաբերվել այդ անձանց կողմից: Ինչքանո՞վ է հիմնավոր եղել 11 անձի՝ օպերների կողմից խցում ֆիզիկական բռնության ենթարկելը, ի՞նչ են այդ անձինք կատարել, որ 11 անձի կողմից է այդ հատուկ ֆիզիկական բռնությունը կիրառվել, արդյոք պահպանվա՞ծ է եղել համաչափության սկզբունքը, ինչպե՞ս է ընտրվել կոնկրետ չորրորդ խուցը: Մեզ պատասխանեցին նաև, որ այդ ընթացքում այլ խցերում այլ ազատազրկված անձինք չեն ենթարկվել խուզարկության, զննություն չի իրականացվել, ինչը կրկին հարցերի տեղիք է տալիս: Երկրորդ այցի ընթացում՝ օգոստոսի 23-ին, խուզարկությամբ ոչինչ չի արձանագրվել, այդ մարդկանց մոտ նույնիսկ արգելված իրեր չեն եղել»:

Ըստ Հասմիկ Հարությունյանի՝ այսքանից հետո նշել, որ պայքար է գնում քրեական ենթամշակույթի դեմ և հնարավոր է հատուկ միջոցների կիրառման նկատմամբ դիմադրությունը կանխելու առիթով ֆիզիկական ուժի կիրառում, դա ցավալի իրականություն է մեզ համար. «Կարող են հետընթաց արձանագրել փակ հաստատություններում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ նման իրավիճակների մասին կարող էինք խոսել 2000-ականների սկզբներից, չեմ հիշում, որ վերջին տարիներին նման աղաղակող խնդիրներ տեղի ունենային և դրան տրվեր նման բացատրություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930