Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը խոսեց Սերժ Սարգսյանի մասին. հավատարիմ մարդու հետ պաշտոնափոխությունը նա համեմատեց ծառ տնկելու հետ, թե ջրում ես ու դիտում` ինչպես է աճում

Սեպտեմբեր 02,2020 17:31

Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց Սերժ Սարգսյանի մասին:

Նա իր խոսքում ասաց, որ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո հրաժեշտ տվեց քաղաքականությանը ու չէր մտածում, որ նորից քաղաքականություն կմտնի, ուստի հարցին՝ դա նրանից էր, որ ձեզանից հետո թողել էիք պաշտոնը «ձեր մարդո՞ւն»՝ Քոչարյանը պատասխանեց. «Մասամբ՝ նաեւ դրա համար: Կարծում եմ ՝ իրավահաջորդի հարցը ինչ-որ չափով անհանգստացնում է ցանկացածին:

Այսինքն՝ դա բնական ցանկություն է որպես իրավահաջորդ տեսնել մարդու, որը կշարունակի ինչ-որ գիծ: Դա նույնիսկ անձի հարց չէ: Հարցն այն չէ, թե որքանով ես վստահում կամ չես վստահում: Հարցը, ավելի շուտ, այն վստահությունն է, որ երկրում ընթացող այն «կուրսը», որը կառուցվել է, չի քանդվելու, այլ շարունակվելու է»:

Իր ու Սերժ Սարգսյանի՝ պաշտոնափոխությունը Քոչարյանը նույնիսկ համեմատեց ծառ տնկելու հետ. «Կարծում եմ՝ ամեն մարդ, ծառ տնկելով, ջրում է այն, դիտում է, թե ինչպես է ծառը աճում, դաստիարակում «երեխաներին»: Երկար տարիներ իշխանության մեջ լինելուց հետո նման զգացողություններ ես ունենում, դու պատասխանատու ես լինում ու ուզում ես, որ դա շարունակվի: Այսինքն՝ դա շատ ավելի խորն է, քան պարզապես իշխանությունը հավատարիմ կամ ոչ հավատարիմ մարդուն փոխանցելը»:

Հարցին, թե հետո հիասթափություն չապրեցի՞ք, երբ տեսաք, թե 2018-ին ինչ արեց Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Բնականաբար, հիասթափություն էլ կար»:

Խոսելով 2015-ին Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխման մասին՝ Քոչարյանն ասաց, որ չի աջակցել այդ փոփոխություններին, որովհետեւ գտնում է, որ կառավարման խորհրդարանական ձեւը Հայաստանին հարմար չէ. «Եվ, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, կարծում եմ, ես ճիշտ էի: Եվ, ի դեպ, շատերը դրան չէին սատարում: Ներկուսակցական ժողովրդավարության բացակայության պայմաններում խորհրդարանական ձեւը վերափոխվում է կուսակցության շեֆի իշխանության: Տեսնում եք, ՀՀ ոչ մի նախագահ չուներ այն ուժը, որն ունի այսօր Հայաստանի վարչապետը»:

Քոչարյանն ասաց, որ երբ սահմանադրությունը շատ ես փոխում, տասը տարին մեկ, ավանդույթներ չեն ձեւավորվում:

Հարցին՝ դուք Սերժ Սարգսյանին ասե՞լ եք՝ ինչի՞ եք նման փոփոխություններ անում, երբ ժողովուրդը դեմ է, դուք այն ժամանակ հասկանո՞ւմ էիք, թե ուր կտանի սա՝ Քոչարյանը պատասխանեց, որ այո, այն ժամանակ էլ հասկանում էր, բայց Սերժ Սարգսյանի հետ քիչ էր շփվում, հրապարակային է ասել, ինչ ասել է, զրույց Սարգսյանի հետ չի ունեցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930