Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյան. Արսեն Բաբայանի իրավունքները խախտվում են

Սեպտեմբեր 07,2020 18:03

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում այսօր դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք իրականացնելու համար: Իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահմանը եւ պաշտոնական կեղծիք իրականացնելուն օժանդակելու համար:

Արսեն Բաբայանի շահերի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանն այսօր միջնորդեցին Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։ Երվանդ Վարոսյանն այսպես հիմնավորեց իրենց միջնորդությունը՝ եղել է երաշխավոր, եղել են վճարված դրամական միջոցներ, որոնք անիմաստ գտնվում են դատական դեպարտամենտի հաշվին։ Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, որ 2018 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն համաներման մասին որոշում է կայացրել եւ դա հաշվի առնելով, պաշտպանական կողմը բացարձակապես անիմաստ է համարում այս գործով ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելը։ Երվանդ Վարոսյանը քննության խոչընդոտելու պատրվակը բացառում է, քանի որ ոչ Արսեն Բաբայանը, ոչ Արա Բաբլոյանը թաքնվելու մտադրություն չունեն: Պաշտպանի համոզմամբ, այս գործով ցանկացած սահմանափակում առաջացնում է մարդու իրավունքների խախտում:

«Մենք հույս ունենք, որ կլինի օրինական դատական ակտ։ Խափանման միջոցն ընտրվելու պարտադիր պայմանը խափանման միջոցի պայմանն է և հիմքերը։ Երբ Բաբայանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվում, լրիվ այլ մեղադրանք էր, այսինքն՝ լրիվ այլ պայման գոյություն ուներ»,- հավելեց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Մեղադրող դատախազը առարկեց՝ ասելով, Արսեն Բաբայանի նկատմամբ անձնական երաշխավորությունը տրվել է այն ժամանակ, երբ նրա նկատմամբ խափանման միջոց է եղել կալանքը եւ որոշում է կայացվել կալանքը փոփոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառել։ «Այսինքն, այդ փուլում գնահատվել է, որ խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են։ Գտնում եմ, որ դատաքննության ներկա փուլում դեռեւս չեն վերացել այդ հիմքերը»,- ասաց դատախազը։

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը

Դատախազությունը պետք է իր մեջ ուժ գտնի, թույլտվություն ստանա Նիկոլ Փաշինյանից, որպեսզի ընդհանրապես հրաժարվի այս մեղադրանքից։

«Շարունակվում է այն ամբողջ պրոցեսը, որը սկսվեց իշխանությունները յուրացնելու, սահմանադրական կարգը տապալելու այս ամբողջ հանցավոր գործընթացում իշխանությունում ներգրավված հանցավոր բանդայի կողմից, ինչի մասին ՀՔԾ հաղորդում ներկայացրել ենք, ինչը ՀՔԾ-ն մերժել է։ Սահմանադրական դատարանի, սահմանադրության փոփոխություններով իրենց խնդիրը, իրենց ցանկություններն արդեն բավարարել են, կամաց-կամաց ժամանակն է հրաժարվել այդ ամբողջ գործընթացից»,- նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը։

Գործով հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 18-ին, 16.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930