Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է, որ Հրանտ Գրիգորյանը հասկանա, որ մեկ է՝ չի խուսափելու արդարադատությունից։ Իր հետևից գալու են». «Ժամանակ»

Սեպտեմբեր 09,2020 10:20

«Շատ ուրախ եմ, որ հորս սպանության գործով նոր քննություն է սկսվելու։ Ես փորձում եմ հասնել արդարության։ Ես հասնելու եմ նրան, որ Հրանտ Գրիգորյանի պես տականքը հասկանա, որ ինքն անպատժելի չէ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տարիներ առաջ Արմավիրի մարզում սպանված Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը, 2020թ. մարտի 5-ին կայացրած որոշմամբ, ամբողջությամբ բավարարել էր ՀՀ զինվորական դատախազի կողմից ներկայացված բողոքը՝ 26 տարի առաջ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողովրդական դատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

ՀՀ Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ 2020թ. մայիսի 17-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը՝ խնդրելով բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը: ՀՀ Վճռաբեկ դատարանը, սակայն, օրերս որոշում է կայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան քննության ուղարկելու մասին, ինչը նշանակում է, որ Մհեր Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքների լույսի ներքո կիրականացվի նոր դատական քննություն:

Էդուարդ Պողոսյանի խոսքով, սակայն, շատ բան իրենից, իր պայքարից չի կախված։ Շատ բան կախված է այսօրվա համակարգից։ «Եթե իսկապես ինչ-որ բան փոխվել է դատական համակարգում հեղափոխությունից հետո, ապա Հրանտ Գրիգորյանը պետք է նստի։ Իսկ եթե բան չի փոխվել, ու Հրանտ Գրիգորյանի պես տականքները չեն նստելու բանտ, ուրեմն ես ու իմ նման շատ մարդիկ հիասթափվելու են։ Իսկ հիասթափությունը շատ վատ բան է»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ հասկանում է, որ այսօր շատ գործերով դժգոհություն կա դատական համակարգից, բայց պետք է մի քիչ համբերատար լինել, և հնարավոր կլինի հասնել արդարության։

Պողոսյանի խոսքերով՝ իր հոր գործով այս ընթացքը և արդարության վերականգնումը կարող է նախադեպային լինել։

Եթե կատարվածից 25 տարի անց արդարությունը վերականգնվի, և Հրանտ Գրիգորյանը պատասխանատվության ենթարկվի իր հոր սպանության համար, ապա այդ ալիքը շարունակական կլինի։ «Եթե իմ մոտ ստացվեց հասնել արդարության, մյուս անգամ դատավորը փող վերցնելուց կվախենա ու կմտածի այս գործի մասին ու կզգուշանա։ Սա շատ կարևոր է։ Այս գործը ու մի քանի նման նախադեպերը կարող են պատճառ հանդիսանալ, որ մյուս անգամ Հրանտ Գրիգորյանի պես տականքները կրակելուց առաջ մտածեն, որ եթե այդ պահին փող ու իշխանություն ունեն, ապա գուցե գա մի ժամանակ, որ ո՛չ փողը, ո՛չ իշխանությունը չլինի, ու ինքը հայտնվի դատարանի առաջ։ Գուցե այդ ժամանակ նա ու նրա նմանները չկրակեն, ատրճանակը դնեն գրպանն ու փորձեն խոսել»,- ասաց Պողոսյանը։

Էդուարդ Պողոսյանն ասաց, որ հետևողական է լինելու, որ գործը հասնի իր տրամաբանական ավարտին։ «Ես արնախում չեմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ Հրանտ Գրիգորյանը հասկանա, որ թեև դեպքից 25 տարի անցել է, բայց մեկ է գալու են իր հետևից։ Ու իմ համար բացարձակ կապ չունի՝ նրան 3 տարի կտան, թե 10 տարի։ Ինձ համար, կրկնում եմ, կարևոր է, որ նա հասկանա, որ մեկ է՝ չի խուսափելու արդարադատությունից։ Իր հետևից գալու են»,- եզրափակեց Պողոսյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930