Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյանի շահերը ներկայացնող փաստաբան. «Նախարարի հրամանը կվիճարկվի դատական կարգով»

Սեպտեմբեր 10,2020 14:58

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ազատվել է աշխատանքից` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով: «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում պարոն Վիրաբյանն ասաց, որ ավելի քան 19 տարի ղեկավարել է Հայաստանի ազգային արխիվը եւ երբեք չի մտածել, որ հավերժ է ղեկավարելու. «Ես ինձ համար օր էի ընտել արխիվի տնօրենի պաշտոնից պատվով հեռանալու համար, դա կամ այս տարվա նոյեմբերի 27-ն էր, երբ լրանում էր իմ պայմանագիրը, կամ հաջորդ տարվա օգոստոսի 17-ը, երբ իմ 65-ամյակը կլրանար, եթե երկարացնեին պայմանագիրը, քանի որ օրենքը դա թույլ է տալիս: Բայց սեպտեմբերի 7-ին արդարադատության նախարարը հրաման է արձակել, որով ինձ ՊՈԱԿ-ի մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի ԺԲ ենթակետով ազատել է աշխատանքից: Ի՞նչ է նշանակում այդ ենթակետը` պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարներ իր մեղքով սահմանված հաշվետու ժամկետի հետ հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել: Եթե այս տրամաբանությանը հետեւենք՝ մինչեւ 2019թ աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պետք է հեռացվեին»:

Հայաստանի ազգային արխիվի ազատված տնօրենը պարզաբանեց, թե օրենսդրական ինչ բացի եւ տեխնիկական ինչ խնդիրների պատճառով է առաջացել այս թնջուկը, որը հետո հարթվել է, քանի որ դա արխիվի տնօրենի մեղքով չի եղել. «Քրեական գործ չի հարուցվել, նյութեր են նախապատրաստվել, վճարումը կատարելուց հետո` հարցը փակվել է: Եթե օրենքի տրամաբանությանը նայենք` նույն օրենքի 5-րդ կետում ասվում է. «Սույն հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «ը», «թ», «ժ», «ժբ» և «ժգ» ենթակետերով նախատեսված դեպքերում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են` համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելու հաջորդող օրը»:

Այդ իրադարձությունը 2018թ օգոստոսին է եղել, այդ տրամաբանությամբ պետք է Պապիկյանն ինձ աշխատանքից ազատեր, բայց չի ազատել, ընդհակառակը դիմել է կառավարություն, որ այդ գումարները տան: Եվ երկու տարի հետո հանկարծ հիշել են այս կետի մասին: Ես ենթադրում եմ, որ արդարադատության նախարարությունն ուղղակի չի տիրապետում օրենսդրությանը կամ շտապել է: Այսինքն` այս հրամանը հակասում է ՀՀ օրենսդրությանը»:

Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ նաեւ արդարադատության նախարարության մամուլի քարտուղարի գրառմանը. «Նա լուր էր տարածել, որ շահույթահարկ չվճարելու համար են ինձ ազատել աշխատանքից, դրա համար կխնդրենք, որ գլխավոր հաշվապահը ներկայացնի, թե ինչի մասին է խոսքը»:

Հայաստանի ազգային արխիվի գլխավոր հաշվապահ Վահագն Աբիսողոմյանը, որ 17 տարի վարում է Հայաստանի ազգային արխիվի հաշվապահությունը, նշեց, որ նախարարի հրամանի հիմքում դրված է վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանի զեկուցագիրը: Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ խնդրահարույց 26 մլն դրամ շահութահարկին ` նշելով. «Դա հասկանալու համար նախ պետք է ստուգման ակտը կարդալ, մինչդեռ ես տպավորություն ունեմ, որ որեւէ մեկը ստուգման ակտը չի կարդացել»:

Հաշվապահը նշեց, որ կառավարության բոլոր որոշումներն իրենց հիմքում ունեն ամփոփաթերթեր, որտեղ նշվում են բոլոր շահագրգիռ նախարարությունների առաջարկները, եզրակացությունը: Շահութահարկի հարցը բարձրացրել է նաեւ ֆինանսների նախարարությունը: Աբիսողոմյանը մանրամասնեց, թե որտեղից է առաջացել շահութահարկը: Ապա հղում անելով ամփոփաթերթին, փաստեց, որ արդարադատության նախարարությունը եւ ՊԵԿ-ը առարկություն չեն ունեցել:

Ասաց նաեւ, որ 3 տարի 7 ամիս ստուգվել է ԱԱՀ-ն եւ եկամտահարկը, եւ այդ ընթացքում իրենց խախտումը կազմել է 186000 դրամ, որը հաշվապահական սխալի արդյունք է եղել, ակտում առանձնացված է:

Ամատունի Վիրաբյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Գրիգորյանը խոսելով Ռուստամ Բադասյանի հրամանի մասին, ասաց. «Նյութերն ուսումնասիրելիս ինձ մոտ տպավորություն է, որ կամ արդարադատության նախարարն ամբողջական չի ուսումնասիրել նյութերը, կամ իրեն սխալ են զեկուցել»: Նրա խոսքով, արդարադատության ներկայիս նախարարը չունենալով իրավասություն նախկին գործողությունների համար` կայացրել է ոչ իրավաչափ հրաման, որով նման պատվավոր աշխատողին ազատել են աշխատանքից: Փաստաբանն ասաց, որ հրամանը կվիճարկվի դատական կարգով: Զարմացած եմ հապճեպ որոշման հետ կապված, ուզում եմ հասկանալ անձի դե՞մ էր ուղղված, թե՞ այսպիսի իրավական անհրաժեշտություն կար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930