Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ին

Սեպտեմբեր 29,2020 20:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը:

Հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր ագրեսիային այդ թվում Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը:

«Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները: Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական հրահանգիչները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել»,– ասել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները: «Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,– նշել է Հայաստանի վարչապետը:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն: «Դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով նման հայտարարություն է արել»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:

Վարչապետի հարցազրույցի ձայնագրությունը BBC-ի լրատվական ծառայությանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930