Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը զոհվել է առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի սկզբից

Հոկտեմբեր 08,2020 01:08

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցները խորը կսկիծով ընդունեցին իրենց գործընկերոջ՝ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի նահատակվելու սարսափելի լուրը: Նա զոհվել է առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի հենց սկզբից:

Կյանքից հեռացավ մի մարդ, ով անչափ սիրում էր Հայաստանն ու Արցախը՝ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մարդ, ով անձնվիրաբար նվիրված էր իր հայրենիքին, իր ժողովրդին, իր ընտանիքին: Արցախցի հայտնի քաղաքագետ և լրագրող Միքայել Հաջիյանի ընտանիքում էր, որ ձևավորվեց Երվանդի՝ որպես իսկական հայրենասերի կերպարը, ով իր կյանքը չտարանջատեց Արցախի ճակատագրից, հենց ընտանիքում նա դարձավ իր հանրապետության իսկական քաղաքացի: Եվ երբ Արցախի Հանրապետության վրա նոր վտանգ կախվեց, Երվանդը, առանց երկմտելու և հապաղելու, հետևեց իր ավագ եղբոր՝ Նորայրի օրինակին, ով հազիվ պատանի հասակում դարձավ 1992-94 թթ. ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, իսկ 2016թ. ապրիլին որպես կամավոր մասնակցեց պատերազմին ու նահատակվեց: Երվանդը արժանի եղավ իր հերոս եղբոր հիշատակին՝ իր կյանքը նվիրելով հանուն Արցախի անկախության և իր հայրենակիցների արժանապատիվ կյանքի:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում իր քսանամյա գործունեության ողջ ընթացքում Երվանդ Հաջիյանն առանձնանում էր բարձր արհեստավարժությամբ և բազմագիտակությամբ, աշխատանքի հանդեպ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով: Լինելով պարտաճանաչ անձնավորություն՝ նա անմնացորդ նվիրվում էր աշխատանքին, կիրառում էր մասնագիտական ողջ գիտելիքներն ու կազմակերպչական հմտությունները՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար: Մեր գերատեսչության բոլոր աշխատակիցները մշտապես առանձնացնում էին նրա՝ որպես կիրթ անհատի կերպարը, ընդգծված պարկեշտությունն ու առաքինությունը, գործընկերների նկատմամբ հարգանքը, նրանց կարծիքը լսելու և գնահատելու ունակությունը:

Մեր ընկերոջ և գործընկերոջ` որպես իսկական հայրենասերի, պրոֆեսիոնալ և լավ մարդու վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում: Հանգչի՛ր խաղաղությամբ, Երվանդ:

Այս դժվար պահին Արցախի Հանրապետության ԱԳՆ աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Երվանդի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց ոգու կորով, արիություն և համբերություն:

Արցախի Հանրապետության ԱԳՆ աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031