Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի փոքրիկ դերասանները՝ արցախցի երեխաներին

Հոկտեմբեր 11,2020 12:30

Կապանի քաղաքապետարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի սաներն այս օրերին ներկայացումներ են խաղում Արցախից Կապան տեղափոխված երեխաների համար։

40 րոպե տեւողությամբ ներկայացման մեջ երեխաները հանդիպում են Հովհաննես Թումանյանի չորս՝ «Բարեկենդանը», «Տերն ու ծառան», «Սուտասանը», «Քաջ Նազար» հեքիաթների հերոսներին։ Բաժնի ղեկավար, Կապանի դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանի խոսքով, փորձել է հեքիաթները բեմադրել ժամանակակից շնչով, մատուցել յուրովի, որ հանդիսատեսը, տվյալ դեպքում՝ Արցախից եկած երեխաները նույնպես տեղում ներկայացման մասնակիցը դառնան։

Առաջին անգամ խաղացել են «Դասուգ» հյուրանոցա–ռեստորանային համալիրում, իսկ հերթական հրավերը Սյունիքի մարզային գրադարանից էր։ Այստեղ էլ արցախցի այն երեխաներն էին, որոնք հանգրվանել են «Վանատուր» հյուրանոցառեստորանային համալիրում։

Ներկայացման վերջում Կապանի արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանն արցախցի դպրոցականներին առաջարկեց ընդգրկվել դպրոցում գործող խմբակներում, որպեսզի ժամանակավոր դադարը չազդի նրանց հոգեվիճակի վրա։

«Արցախում եթե չէիք էլ հաճախում երաժշտական կամ արվեստի դպրոցներ, կարող եք գալ մեզ մոտ՝ սկսել ու շարունակել Արցախում, ձեր բնակավայրերում»,–ասաց տիկին Նահապետյանը։

Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանը, շնորհակալություն հայտնելով փոքրիկ դերասաններին, հույս հայտնեց, որ շատ շուտով նրանք Արցախում, ավելի մեծ դահլիճներում եւ շատ հանդիսատեսների առաջ կխաղան նոր ներկայացումներ։

«Դուք ուժեղ եք, սիրելի արցախցի դպրոցականներ, մենք ուժեղ ենք ու ոչ մեկը չի կասկածում, որ հաղթելու ենք այս գոյամարտում, շուտով ձեզ հյուր ենք գալու»,–ասաց Լ․ Գասպարյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031