Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետ․ Կամավորները, իսկապես, եկել են հայրենիքը պաշտպանելու, չունեն վախ և պատրաստված են

Հոկտեմբեր 30,2020 22:45

«Այս պատերազմը բոլոր պատերազմներից տարբերվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր բերետներ» ջոկատի վաշտի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վանյա Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նախորդ պատերազմների ընթացքում սովորել են հակառակորդի սխալներից, իսկ իրենց սխալները կարողացել են ժամանակից շուտ ուղղել․ «Առաջին պատերազմը, իհարկե՛, դժվար է եղել։ Այդ տարիներին մենք ունեցել ենք այդ զենքը, իսկ եթե ուզում եք իմանալ, իրենք միշտ էլ ավելի լավ են զինված եղել։

Բայց մենք կարողացել ենք հաղթել, որովհետև մենք ավելի մարտունակ ենք եղել, ավելի խելոք ենք եղել: Չնայած այս պատերազմն էլ ենք հաղթելու, էլի խելոք ենք իրենցից՝ անկախ նրանից, թե իրենք ինչ տիպի զենք են օգտագործում, աշխարհի լավագույն զենքերն են մեր դեմ օգտագործում, բայց էլի հաղթելու ենք, որովհետև հարցը զենքի մեջ չէ։ Իհարկե, զենքի մեջ էլ է, բայց պետք է լինել ավելի հմուտ, ավելի պատրաստված և ավելի մարտունակ։ Իսկ հիմա ավելի մարտունակ ենք»։

Վանյա Աբրահամյանը նշեց, որ կամավորների հետ շփումից այն տպավորությունն է ստացել, որ եկել են, իսկապես, հայրենիքը պաշտպանելու, որ չունեն վախ և պատրաստված են։ Նա կարևորում է այն հանգամանքը, որ ջոկատի անդամների մեծ մասը առաջին անգամ չի մասնակցում պատերազմի և բացի այդ ունեն տարիների մեծ փորձ․ «Մեր սպաները մեծամասամբ գնդապետներ են և փոխգնդապետեր։ Օրինակ՝ ես 23 տարվա փոխգնդապետ եմ, որը ստացել եմ 27 տարեկանում՝ մարտի ժամանակ։ Բոլորը մասնակցում են մարտական հերթապահությանը նրանց հետ։ Եվ եթե կա ինչ-որ մի բան, որ սպան զգում է, որ դա սխալ է, տեղում այդ թերությունը վերացնում է, չի թողնում շարունակական լինի»։

Ջոկատում ոչ միայն փորձառուներն են, կան նաև նորեկներ, որոնց միանգամից մարտական հերթապահության կամ գործողության չեն տանում․ «Կցում ենք այն տղաներին, որոնք մեծ փորձ ունեն, որ և՛ զոհերից, և՛ վիրավորվածությունից հեռու մնանք ինչքան հնարավոր է։ Իհարկե՛, կարող են լինել դեպքեր, որոնցից անհնարին կլինի խուսափելը, որովհետև պատերազմի ընթացքում լինում են դեպքեր, երբ չես կարողանում բոլոր օրենքները պահպանել, պահ է գալիս, որ լինում է։ Բայց փառք Աստծո, չկա մեզ մոտ նման բան, քանի որ մենք կարողանում ենք դեռ դա պահպանել բոլոր օրենքները, լինել զգույշ»։

Դիրքեր բարձրանալուց առաջ, սպաները ծանոթանում են նորեկների թերություններին և առավելություններին, և պատրաստում են նրանց, կիսվում իրենց փորձով և գիտելիքներով․ «Եթե դու մեկին տաս զենք, ասես՝ կրակի, և նա կրակել չգիտի, չի կարող իր դեմ ելած, թեկուզ մոտիկ հակառակորդին կրակի, դրա համար դու պետք է իմանաս՝ ով ինչի է պատրաստ։ Եթե մեկը կա, որ առաջին անգամ է զենք տեսնում կամ շատ թույլ է տիրապետում զենքին, ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, որ հասնի այն մակարդակի, որ պատրաստ լինի մարտի գնալ, որպեսզի ինքը առաջինը զոհ չդառնա, անիմաստ զոհ չդառնա։

Պատերազմում կան զոհեր, չկա պատերազմ առանց զոհերի։ Բայց երբ որ դու զգում ես, որ քո ենթական կրակել չգիտի, զենքը առաջին անգամ է տեսնում կամ չի տիրապետում, ու դու իրեն տանում ես մարտի, դա սպայի մեղավորությունն է, դա հրամանատարի մեղավորությունն է։ Դու ուղղակի անփորձին տանում ես մահի բերան․ ինքը նույնիսկ իրեն չի կարողանում պաշտպանի, ո՞նց կարող է իր ընկերոջը պաշտպանի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031