Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի, նա արել է այն, ինչ պարտավոր էր անել». Շուշիում մահացած, երեք տանկ խոցած Նարեկ Բադալյանի հայր

Նոյեմբեր 22,2020 17:40

«Իմ տղան արել է այն, ինչ պարտավոր էր անել: Ցանկացած հայ տղամարդ պարտավոր է պահել մեր հայրենիքը, կանանց, էրեխեքի կյանքը: Ինքը պարտավոր էր դա անել, իրավունք չուներ հակառակն անելու»,-Aravot.am-ի հետ զրույցում, վիշտը հազիվ զսպելով, ասաց Շուշիում մահացած Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը:

Նարեկ Բադալյանը ծնվել է 2001-ին՝ Էջմիածնի Ծաղկալանջ գյուղում: Սկզբում ծառայել է Գյումրիում, այնուհետև սերժանտ Նարեկ Բադալյանը տեղափոխվել է Արցախ:

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում: Նարեկը խոցել է երեք տանկ:

Վերջին անգամ նոյեմբերի 7-ին՝ իր ծառայության 10-րդ ամսում, նա հեռախոսով խոսել է իր հորեղբոր տղայի և ընկերոջ հետ:

Մինչև նոյեմբերի 16-ը ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Նարեկից: Այդ օրն են իմացել նրա մահվան մասին: Նարեկի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ իր ծնողների ամուսնության 20-րդ հոբելյանի օրը:

Արման Բադալյանն էլ է պատերազմի օրերին դիրքերում եղել: Ցանկացել է տղայի մոտ գնալ, բայց Նարեկը դեմ է եղել: Հայրը պատմեց. «Նարեկը չի թողել, ասել է՝ ինքը գա մոտս, ես իրեն պահե՞մ, թե ինձ: Մտածել է՝ ես պիտի խանգարեի իրեն, բայց ես հաստատ չէի խանգարի: Երնեկ ես գնայի իմ տղայի մոտ, քանի որ չէի թողնի փախնեի: Նարեկը Շուշիում՝ Քարինտակում է եղել, 70 հոգով են եղել, բոլորը փախել են, մնացել են 15 հոգով: Որդուս հետ անընդհատ կապի մեջ էի: Սկզբում ասաց՝ պա′պ, 15 հոգի ենք, հետո ասաց՝ պա′պ, 8 հոգի ենք: Հարցրի՝ ընկերնե՞րդ են, ասաց՝ այո, ասացի՝ հանկարծ չթողնես, ասաց՝ պապ, էս ի՞նչ ես ասում: Դրանից հետո էլ ինձ հետ չի խոսել: Իր ընկերոջն է զանգել, հրաժեշտ տվել և մեկ էլ իր եղբորս տղային է զանգել, հրաժեշտ տվել»:

Արմեն Բադալյանն այդ խոսակցությունից որոշ մանրամասներ հիշեց. «Եղբորս տղան ասել է՝ ախպեր կարո՞ղ ես դուրս գալ, ասել է՝ ցավդ տանեմ ո՞նց դուրս գամ, դեմն իրենք են, հետևն իրենք: Ու ի վերջո իմ տղան ինքնասպան է եղել: Ինքը եղբորս տղային ասել է, որ ոտքից վիրավոր է: Մեզ իրեն նորմալ վիճակում են բերել: Նարեկիս վզի վրա կրակոցի տեղ կա՝ միակ տեղը: Ես որ տեսա, ափիս մեջ պատկերացրի՝ ինչ է եղել: Իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի: Իմ տղան արել է այն, ինչ պիտի աներ: Ու ես պարծենում եմ իրենով»:

Արման Բադալյանն ասաց՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն մի քանի օրից. բայց ինքը վստահ է, թե ինչպես է դեպքը եղել:

Հայրն ասում է՝ մի մարդ չկա, որ Նարեկին չհարգի, չսիրի. «Ամբողջ գյուղը ցավ էր ապրում, պիտի իր հուղարկավորության օրը տեսնեինք… ոչ թե գյուղի մի երեխա է գնացել, այլ Նարեկն է գնացել: Իրոք, բոլորի համար Նարեկ էր»:

Հայրը մի դրվագ պատմեց, որը ցույց է տալիս, թե բոլորն ինչքան են սիրում Նարեկին: Գյումրիի այն զորամասի խոհարարը, որտեղ Նարեկը չորսուկես ամիս է ծառայել, եկել, նրա շիրիմին կարմիր վարդեր էր դրել: Արման Բադալյանն ասում է՝ դա պարծանք է: Իր որդուն մեկ նախադասությամբ է նկարագրում. «Ինքը կյանքով լեցուն, ուրիշներին կյանք տվող տղա էր»: Արման Բադալյանը հպարտությամբ պատմում է՝ տղաս միշտ ասում էր՝ պիտի սովորեմ, ձեզ պահեմ, չեմ թողնելու, որ դուք աշխատեք:

Նարեկի հորեղբոր դուստրը՝ Գայանե Բադալյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ Նարեկի հետ նույն տանն են մեծացել: Գայանեն այժմ երեխայի է սպասում, ու եթե որդի ունենա, անունը Նարեկ է լինելու, իսկ եթե դուստր ունենա, կոչելու են Նարե, քանի որ Նարեկն այդ անունն էր սիրում, և քույր ու եղբայր այդպես էին պայմանավորվել: Գայանեն արցունքն աչքերին պատմեց՝ Նարեկը լույս է, ասաց, որ չի ուզում իր եղբոր մասին անցյալ ժամանակով խոսել. «Նա լուսավոր մարդ է, նրան բոլորն են սիրում: Պետք է տեսնեիք, թե ինչպես էին գյուղի բնակիչները հուղարկավորության օրը նրան ձեռքերի վրա տնից գերեզման տանում»:

Նարեկն իրենց տան մեծն է. հարազատ քույրը 17 տարեկան է, եղբայրը՝ 11: Գայանեն հիշեց՝ Նարեկը չէր սիրում կոստյում հագնել, բայց երբ Վերջին զանգի օրը հագել է, մորն ասել է՝ գնամ բանակ, գամ, այնպիսի գործ եմ ընտրելու, որ միշտ կոստյումով լինեմ: Քույրը պատմեց. «Նարեկը մեծ նպատակներ ուներ, ամեն ձևով աջակցում էր իր ընտանիքին: Նա հումորով էր, բոլորին ուրախացնում էր, ինչքան էլ անտրամադիր լինեիր, իր հետ տրամադրությունդ բացվում էր: Ընկերասեր էր, միշտ ընկերներին էր հասնում նախ, հետո տան գործն անում»:

Գայանեն պատմեց՝ Նարեկի հետ Շուշիում կռված սպաներից մեկի հետ է խոսել, որը մինչև Նարեկի հետ դեպքը պատահելն է վիրավորվել. նրան տարել են հոսպիտալ: Երկու օր առաջ Գայանեին ասել է, որ Նարեկի հետ շրջափակման մեջ եղած տղաներից երեքը ողջ են մնացել, ցավոք, մյուսները զոհվել են:

Նարեկը հայրը՝ Արման Բադալյանն ասաց՝ գյուղում պանթեոն է հիմնելու, բայց ցանկությունն է, որ այդտեղ միայն իր որդին լինի, այլևս զոհ չունենան:

Արման Բադալյանն ինքն էլ և′ առաջին արցախյան պատերազմում է կռվել, և′ այս անգամ, բայց երբեք փառքի ու ճանաչման չի ձգտել: Սակայն ուզում է, որ իր որդուն բոլորը ճանաչեն. «Ես գնացել էի մեր հայրենիքի, մեր էրեխեքի համար: Երկու տղա ունեի դիրքերում՝ եղբորս ու իմ տղեն, Աստծուց խնդրել էի, որ իրենց կյանքի տեղը իմ կյանքը տանի: Բայց Աստված ինձ չլսեց, ու ես չգիտեմ՝ ինչ անեմ»:

Արման Բադալյանն ասաց՝ իրենց տանը գրացված վեց անձանցից երեքը գնացել են պատերազմ ու կարծիք հայտնեց՝ եթե ամեն ընտանիքից մեկ հոգի գնացած լիներ, այսպես չէր լինի:

Խոսելով երկրում կատարվող իրադարձություններից՝ նա վրդովվեց. «Մարդիկ շպարված գնում են Օպերա, ասում՝ էրեխա եմ կորցրել: Ո՞նց կարող է էրեխա կորցրած մարդը քսված գնալ: Իմ կնոջ սիրտը դանակ մտցնես, մի գրամ արյուն չի թափվի: Էս մարդը վա՞տ է արել, որ մի քանի հարյուր հազարի կյանք է փրկել: Բան չունեմ ասելու. կարող է ուշ է եղել դա, բայց փրկել է: Իսկ եթե շուտ էլ աներ, իրեն պիտի ասեին՝ դավաճանել, հողերն է հանձնել: Ես զոհված տղա ունեմ. չէի ուզի, որ ուրիշներն էլ զոհվեին: Որ ասում են՝ ինչի՞ հողերը տվեց, որովհետև եթե հողերը չտար, ես էլ հիմա հետ չէի գալու. շրջափակման մեջ էի ընկնելու»:

Մեր հիշեցմանը՝ այն կարծիքն էլ կա, որ եթե Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ պատերազմը կանգնեցնելու որոշում կայացներ, այսքան զոհ չէինք ունենա, տարածքային կորուստներն էլ ավելի քիչ կլինեին, մանավանդ ռուսական կողմն էլ այդ մասին անընդհատ շեշտում է, զոհվածի հայրն ասաց. «Շուշին իրենք արդեն գրավել էին. ճիշտ է, դավաճանությունով էին գրավել: Շուշին այլ կերպ գրավվել չէր կարող, քանի որ այն ճանապարհով, որով իրենք մտել էին Շուշի, միակ բանն այն էր, որ ճանաչող մարդ այդ տեղերով տաներ: Ունենք այն, ինչ ունենք…. Իմ մտածելով՝ պատերազմը մի քայլ էր, որ ինքը պիտի մտներ դրա մեջ, որ պաշտպաներ, եթե չմտներ, չէր կարող պաշտպանել: Ամեն մեկն իր ձևով ինչ-որ բան կարող է ասել, բայց մենք ոչ ժամանակից առաջ, ոչ էլ հետո կարող ենք գնալ: Եղածից հետո քննադատելը ճիշտ բան չէ»:

Արմեն Բադալյանը վրդովված է՝ ինչո՞ւ էին մտնում, վարչապետի կեցավայրից սպորտային համազգեստ, ժամացույց տանում. «Այդքան լավ տղա էիք, երկու ժամ շուտ գնայիք Շուշի, կարող է իմ տղան իրեն չխփեր, փրկեիք իմ տղային: Ճիշտ հասկացեք՝ ես իրենց չեմ պաշտպանում, իմ էրեխուց հետո ինձ համար սաղ ոչ մի բան են: Բայց փնովելով ազգ չի կառուցվում: Դավաճաններին պետք է ազգի դիմաց հրապարակում գնդակահարել: Եթե դավաճանություն չլիներ, այսպես չէր լինի, այսքան արյուն չէր թափվի»:

Ազատության հրապարակում հանրահավաք անողների մասին էլ ասաց. «էդքան դուխով տղա էիք, գնայիք Շուշին, Աղդամը, Հադրութը շրջափակեիք, հետ բերեիք: Օպերան շրջափակելով՝ ոչ մի բանի չեք հասնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30