Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսելով սեփական կետից, քանդելով հայկական բանակցային դիրքերը՝ Նիկոլ Փաշինյանը փակուղի մտցրեց բանակցային գործընթացը»․ Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 29,2020 15:29

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասում է«Նիկոլ Փաշինյանը ստում է, որ 2011 թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։

Հիշեցնեմ, որ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց նեղլիկ միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է, թե ցամաքային սահմանի առկայություն։

Այս փաթեթի բաղկացուցիչ մաս էին կազմում Արցախի անվտանգության միջազգային երաշխիքները՝ համապատասխան խաղաղապահ մեխանիզմով։ Բացի դրանից անվտանգության երաշխիքներ էին ստեղծում. ՀՀ եւ Արցախի Զինված ուժերը, Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջազգային լեգիտիմությունը եւ Արցախի դատաիրավական համակարգի ճանաչումը։ Այս ամենը ենթադրում էր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան համապարփակ որոշում։

Ի դեպ, 7 շրջանների վերադարձ նախատեսված չէր անգամ 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Հայաստանի նոր իշխանություններին փոխանցված եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից 2020 թվականի ապրիլին բացահայտված փուլային տարբերակի առաջարկում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի հարցի վերաբերյալ դիտարկմանը, որ դեռևս 2007 թ․-ից Մադրիդյան սկզբունքների համաձայն Շուշիում 90% ադրբեջանական բնակչություն պետք է լիներ, Աշոտյանը նշում է, որ դա իրականության խեղաթյուրում է․ «2007-ից այս կողմ այդ սկզբունքները լրամշակվել էին, քանիցս հրապարակվել եւ մեր թողած բանակցային ժառանգության մեջ ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ այլեւս նախատեսված չէր։

Հիշեցնեմ նաեւ, որ ՌԴ նախագահ Պուտինը, ինչպես նաև իր իսկ ԱԳՆ-ն հայտարարել են, որ Շուշիի հարց բանակցային գործընթացում երբեք չի եղել, հետևաբար նա նորից ստում է։ Ավելին, հիմա Շուշիում, նաև Հադրութում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում 100% ադրբեջանական բնակչություն է լինելու։

Խոսելով Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցային գործընթացի մասին՝ Փաշինյանը հայտնում է, թե իբր Ադրբեջանը օրակարգ էր ձևավորել և Մինսկի խումբը փաստացի այդ օրակարգը դիտում էր որպես առաջնահերթություն։

Կատարյալ սուտ․ Ապրիլյան պատերազմից հետո առաջ եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց մասին նա չի հիշատակում։ Հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ այդ պայմանավորվածությունները թույլ էին տալիս կայունացնել հակամարտության միջավայրը, նոր պատերազմի կանխարգելման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, իսկ դրանց կյանքի կոչվելը ձգձգելու դեպքում համանախագահների մոտ Ադրբեջանին դնում էին դեստրուկտիվ դերակատարության մեջ եւ երկարաձգում էին անցումը այսպես կոչված «բովանդակային բանակցություններին»։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը»։

Արմեն Աշոտյանը նաև հիշեցնում է ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունները, որտեղ ընդհուպ մինչև 2018թ․-ի փետրվար կարմիր գծով անցնում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություների կատարման կարևորությունը։

«Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում։

Արդյունքում սկսելով սեփական կետից, քանդելով հայկական բանակցային դիրքերը եւ չունենալով գիտելիք, փորձ եւ ուղեղ՝ նա փակուղի մտցրեց բանակցային գործընթացը»,- գրում է ՀՀԿ փոխնախագահը՝ ավելացնելով՝ այս ընթացքում դեպի Նախիջևան առանձին կոմունիկացիայի հարց երբեք չի քննարկվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30