Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանն ասել էր, եթե ինձ հետ հանդիպի, կուտեն իրեն». Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 05,2020 00:20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտնեց, որ պատերազմի երրորդ օրն արդեն Արցախում էր. «Ուշացա դատական նիստի պատճառով, թե չէ հենց առաջին օրը այնտեղ կլինեի, կիրակի օրը սկսվեց պատերազմը, երեքշաբթի օրը դատական նիստը, երբ հետաձգվեց, նույն օրը հենց շարժվեցի և երեկոյան Ղարաբաղում էի: Ընդամենը պահանջվեց մեկ ու կես օր, երկու օր հասկանալու համար, որ լրջագույն պրոբլեմի առաջ ենք, և օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ լուրջ զիջումներով:

Ազերիների տեխնոլոգիական առավելությունը ակնհայտ էր, իսկ մեզ տեսնում էինք կազմակերպչական լուրջ խնդիրներ, ես չգիտեի, որ համալրումն է դադարեցված և առկա էին մի շարք այլ կազմակերպչական անհեթեթություններ, որոնք գալիս էին քաղաքական իշխանությունից: Այն ժամանակ ես կիսվեցի որոշ գաղափարներով և Արկադի Ղուկասյանի հետ և Բակո Սահակյանի հետ, և Բակո Սահակյանը առաջարկեց հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։ Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով, համարեցի, որ պետք է կիսվել գործող նախագահի հետ մտահոգություններով և որոշ առաջարկներով։

Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարող դա անել, եթե հանդիպեմ, ինձ կուտեն և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա»:

Ռոբերտ Քոչարյանը պարտության պատճառներից մեկն էլ համարում է փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումը. «Հենց այդ օրերին, երբ  մտա վետերանների միություն,տեսա բոլոր փառավոր վետերաններին այնտեղ հավաքված, ջղայնացա, ասեցի՝ այստեղ ի՞նչ եք անում, դուք ինչո՞ւ եք այստեղ, ամեն մեկդ մի ուղղությամբ պետք է իր վրա ինչ-որ բան վերցնի։ Ասում են՝ պարոն նախագահ մեզ նոր հանեցին այդ հրամանատարական կետից՝ վարչապետի հրահանգով։ Կոնկրետ Լևոն Մնացականյանը ասում է՝ մենք այնտեղ էինք Ջալալին օգնելու համար, մեզ ասացին, որ դուրս գանք, ասաց ուղղակի վարչապետը սելեկտորային ինչ-որ խորհրդակցության ժամանակ:

Հենց այդպիսի հրամանատարներ էին պետք, երբ իրենցից ոմանց արդեն պատերազմի վերջերում սկսել են հրավիրել որոշ խնդիրներ լուծելու համար, բայց արդեն ուշ էր, գնացքն արդեն գնացել էր։ Ներգրավեցին եւ Արշավիր Ղահրամյանին եւ Լևոն Մնացականյանին, բայց կրկնում եմ, արդեն ուշ էր: Հիմա սա է, չօգտագործվեց ներուժը, պատերազմի արդեն չորրորդ, հինգերորդ օրը ակնհայտ էր, որ պետք է կանգնեցնել այս պատերազմը։ Հետո մենք իմացանք, որ երրորդ օրը պատերազմի ԳՇ-ն զեկուցել է, անարդյունք: Ես չգիտեի այդ զեկույցի մասին»:

Նրա խոսքով, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը. «Օրինակ, ես մտադիր էի որոշ քայլեր առաջարկել Արայիկ Հարությունյանին։ Առաջինը իր այդ հայտարարությունները գիտեք՝ առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու», այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու ժամանակն էր, պահի պահանջ էր։ Այո, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը: Վարչապետը պարտավոր էր կանգնեցնել հաջորդ օրը, երբ գլխավոր շտաբի կողմից ստացավ զեկույցը: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ: Կոնկրետ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիներն ընդամենը երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել:  Եվ ունեինք ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգնեցվեց 44-րդ օրը՝ մի քանի հազար զոհ, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալուց հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031