Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւավճարն առանձին վերցրած որպես շռայլություն դիտարկելը չափազանցված է». Ջանջուղազյան

Դեկտեմբեր 09,2020 16:04 Share

«Ի՞նչը փոխվի բյուջեի, եկամտայի՞ն մասը, ծախսայի՞ն մասը: Ասում եք, թե պետք է գոտիները ձգենք: Շատ լավ, եկեք ձգենք, ուրեմն նախաձեռնեք քաղաքականությունների փոփոխություն, ոչ թե այս ամբիոնից, կներեք, ամեն մեկս փորձենք որպես ռազմաքաղաքական փորձագետ վերլուծել, թե ինչպիսին են ռազմական կարիքները կամ ասենք, թե այսքան պայմանագրային ծառայող պահելը համադրելի է պարգեւավճարների հետ»,-ՀՀ պետբյուջեի 2021թ.-ի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հարգելի պատգամավորներ եւ քաղաքացիներ: Եվս մեկ անգամ ասեմ, թե կառավարման համակարգում աշխատանքի վարձատրությունն իրենից ինչ է ներկայացնում: Դա տարբեր բաղկացուցիչներ ունի: Դրա մաս է կամ կարող է լինել պարգեւավճարը: Պարգեւավճարն առանձին վերցրած որպես շռայլություն դիտարկելը գերագնահատված եւ չափազանցված մոտեցում է: Այլ է հարցը, որ կարելի՞ է քննարկել հիմնական վարձատրությունը նվազեցնելու հարցը, թե ոչ: Այո, իհարկե կարելի է քննարկել: Իսկ ինչո՞ւ ենք միայն պարգեւավճարի բաղադրիչին անդրադառնում: 2021թ.-ի համար 67 միլիարդ դրամ էլ նախատեսված է որպես հիմնական աշխատավարձ՝ 19 766 աշխատակցի համար: Եկեք դրան էլ անդրադառնանք, քանի դեռ այս դահլիճում հնչեցված բացասական ուղերձները մինչեւ վերջ իրենց նպատակին չեն հասել եւ չեն խեղաթյուրել աշխատուժի շուկան: Ափսոս կլինի, եթե ինքներս մեր սխալների վրա չսովորենք»,-հավելեց Ատոմ Ջանջուղազյանը:

Հիշեցնենք՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր համոզմունք էր հայտնել, որ բոլորին հավասար պարգեւատրելը խփում է պետականության հիմքերին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել