Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտն ասել էր՝ ես նահանջող տղա չեմ

Դեկտեմբեր 10,2020 12:00

Հիշողություններ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսի մասին

«Կիեւյանցի Հրանտոն եմ ես»,- սիրում էր կրկնել զոհված 20-ամյա Հրանտ Եղիազարյանը, որը Եղիազարյանների ընտանիքի միակ զավակն էր: Հրանտոն, ինչպես ընկերներն էին սիրում նրան դիմել, սիրում էր ժպտալ ու ժպիտ պարգեւել, ապրել ու ապրեցնել իր շրջապատում գտնվող մարդկանց։

«Միշտ ժպիտով էր, դրական ու բարի։ Անգամ երբ նեղացնում էր, հետո գալիս ու ներողություն էր խնդրում։ Շատ հումորով էր, մեր բոլոր միջոցառումների փորձերը շատ երկար էին տեւում, որովհետեւ ինքը մի էնպիսի հումոր էր անում, որից պետք էր ուղղակի ուշքի գալ»,- պատմում է Հրանտի նախկին դասընկերուհին՝ Դիանան։

«Երբ տխրում էի կամ լաց լինում, գալիս, աթոռը դնում էր կողքիս ու նստում էր։ Ասում էր՝ մի նեղվի, դուխդ մի գցի, որովհետեւ ոչ ոք արժանի չէ քո արցունքներին։ Ասում էր՝ գիտես չէ՞, կողքիդ կանգնած եմ։ Հետո անցնում էր մի որոշ ժամանակ, ասում էր՝ ախպերս ես, չէ՞։ Հիշում եմ՝ մի օր էլ գնաց ու ինձ համար կոնֆետ գնեց, որ չտխրեմ»,- պատմում է Հրանտի դասընկերուհիներից Էլենը։

Հրանտը մեծերի ու նրանց ասած խոսքի հանդեպ հատուկ հարգանք էր տածում։ Ուշադիր էր հատկապես տատիկի նկատմամբ։
«Մի օր 21 էինք խաղում, հարցրի՝ ապագայում ի՞նչ ես ուզում դառնալ, երկար մտածեց ու պատասխանեց՝ չգիտեմ ինչ, բայց ես պիտի տատիկիս ու իմ ընտանիքի համար լավ մարդ դառնամ, որ տատիս հպարտանա»,- հիշում է Հրանտի մանկության ընկերուհին՝ Մանիկը։

Դասերի ժամանակ հաճախ էր չարաճճիություններ անում, եւ ուսուցիչները երբեմն ստիպված էին լինում «սպառնալ» ծնող կանչելով։
«Ուսուցիչներից մեկը պիտի բողոքեր Հրանտից ժողովին, Հրանտը ժողովից առաջ գնացել ու ուսուցչին ասել էր՝ տատիկս է գալու, սրտի հետ խնդիր ունի, շատ բան չասեք, որ չվատանա։ Ժողովին ուսուցիչը մոտեցել էր Հրանտի մայրիկին ու ասել էր՝ Դուք երեւի Հրանտի տատիկն եք, չէ՞, մայրիկն ասել էր՝ չէ, ես Հրանտի մայրիկն եմ։ Ու էդտեղ ամբողջը ջրի երես էր դուրս եկել»,- ժպիտով հիշում է Դիանան։

Հրանտի միջնակարգ դպրոցի դասղեկը՝ Նազիկ Ադամյանը, ասում է, որ դասարանի «любимчик»-ն էր Հրանտը, համն ու հոտը։ «Ինչ էլ որ աներ, նրա վրա բարկանալը մի քիչ դժվար էր, որովհետեւ մարդկանց զինաթափող ժպիտ ուներ։ Երբ ուզում էի նկատողություն անել, չէր ստացվում, ինձ էր նայում իր լայն, պայծառ հայացքով ու վերջ: Երբեմն նույնիսկ մոռանում էի, թե ինչ էի ուզում ասել եւ ինչու: Գերազանց չէր սովորում, բայց գերազանց մարդ էր»,- պատմում է ընկեր Ադամյանը։

«Մարդ էր,- կրկնում է Հրանտի ավագ դպրոցի դասղեկը՝ Կարինե Դուրգարյանը,- ազնիվ, անասելի բարի, ընկերասեր, նվիրված, ուղիղ խոսող ու սուտը տանել չկարեցող մարդ էր, որը ապագայի հետ կապված լուրջ ծրագրեր ուներ»,- հիշում է դասղեկը։

Նպատակ ուներ ծառայությունից հետո անցնել աշխատանքի ու ամենակարեւորը՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա գնել։
«Իր գերնպատակն էր «Նիվա»-ն։ Դասարանում բոլորս Հրանտի «Նիվա»-ի համար փող էինք հավաքում՝ կոպեկ առ կոպեկ»,- պատմում է Դիանան։
Ուզում էր նաեւ շարունակել բռնցքամարտիկ դառնալու իր ուղին, իսկ մինչեւ բռնցքամարտը զբաղվել էր տարբեր սպորտաձեւերով՝ թեկվանդո, մարմնամարզություն, լող, ֆուտբոլ։

«Միասին 10 տարի բռնցքամարտով ենք զբաղվել։ Շատ երազանքներ ուներ բռնցքամարտում։ Բռնցքամարտի դպրոցում էլ առաջնության ֆինալիստ էր՝ 2-րդ հորիզոնականն էր զբաղեցրել»,- ասում է Ռոմանը։

Ընկերը պատմում է, որ սպորտում պարտաճանաչ էր՝ ի տարբերություն դասերի, սուր հումորը չէր կորցնում ու…մազերը չէր կտրում, սափրվել նույնպես չէր սիրում։

«Ամեն անգամ դպրոցում մի պատճառ բռնում էր, որ չթրաշվեր, իրեն թրաշով էր դուր գալիս։ Երբ տնօրենը մտնում էր ու Հրանտին տեսնում էր, պարտադիր խոսում էր թրաշի վրա։ Հաճախ հեռախոսս վերցնում էր, տեսախցիկը միացնում ու նայում էր՝ իր սրտո՞վ էր ամեն ինչ, թե՞ չէ, իսկ երբ նոր հեռախոս էի գնել, վերցնում ու դրանով նկարվում էր։ Նկարներն էլ մինչեւ հիմա հեռախոսումս պահել եմ»,- ժպիտով հիշում է Հրանտի նախկին դասընկերուհի Նանեն:

Իսկ դասարանի ավագը՝ Էլիզան, պատմում է, որ Հրանտը հաճախ էր սպորտային համազգեստով գալիս դպրոց եւ ուսուցիչները վրան բարկանում էին։
«Մի օր զանգեց, ասեց՝ Էլիզ, պոստը բաց ա, կարա՞մ գամ»,- ասում է Էլիզան։

Դպրոցի պոստն անցավ, հետո տեղափոխվեց Արցախի պոստեր՝ չնայած կարող էր ազատվել բանակից։ 2019 թվականի հունվարի 9-ին պատրաստակամորեն մեկնեց ծառայության։ Սկզբում ծառայեց Էջմիածնում, հետո՝ Ստեփանակերտում, ապա՝ Մատաղիսում։ Պատերազմի սկսվելու ժամանակ դեռ հիվանդանոցում էր ու ի վիճակի չէր գնալ, բայց երբ հարցրել էին՝ պատրա՞ստ ես մեկնել ռազմաճակատ, պատասխանել էր՝ պատրաստ եմ։
Հարազատները պատմում են, որ մի քանի ամիս էր մնացել ծառայության ավարտին, երբ պատերազմը պայթեց։ Ասում են՝ այնքան հանգիստ էր խոսում պատերազմի ընթացքում, որ ոչ ոք չէր հավատում, որ առաջնագծում էր, մտածում էին՝ ներքեւում է օգնում։

Մարտական ընկերների խոսքով՝ համարձակ էր Հրանտը, կռվի թեժ պահին, երբ նահանջի հրաման էր ստացել, ասել էր՝ ես նահանջող տղա չեմ։ Ու հոկտեմբերի 28-ին չնահանջող Հրանտը երկրից «նահանջեց» դեպի երկինք, իսկ պատճառը անօդաչուի հարվածն էր։

«Կան մարդիկ, որոնք ունեն իրենց հատուկ շարժումները, բառերը, հայացքները, որ մենակ իրենցն են։ Հրանտը էդ մարդկանցից էր, ինքը շատ տարբերվող էր ու աչքի ընկնող։ Երբ ասում եմ Հրանտ, իմ աչքի առաջ հայտնվում է աշխույժ ու կյանքով լի մի տղա, որն իմ հուշերում կմնա որպես ուժեղ ու բարի մեկը… սարի պես մեր Հրանտոն»,- ասում է Հրանտի դասընկերուհին՝ Մարիամը՝ հավատացնելով, որ Հրանտը հենց էդպես կուզեր, որ իր անունը տային։

Անի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031