Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ո՞ւր են էրեխեքը, պատասխան տուր, անտառներո՞ւմ են, գելե՞րն են վրա տվել, թե՞ թուրքը»․ գերի ընկածների հարազատները՝ Շիրակի զինկոմիսարին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2020 23:00

Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված ու գերեվարված շիրակցի կամավորականների հարազատներն այսօր դարձյալ Շիրակի մարզպետարանում էին․ նրանք տեղեկություն էին պահանջում իրենց որդիների մասին։ Հանդիպումն ընթացավ լարված, հուզական միջավայրում․ մասնակցում էին նաև զինկոմիսարիատի Շիրակի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Թումանյանն ու Շիրակի մարզի ռազմական ոստիկանության պետ Գագիկ Գինոսյանը։

Հավաքվածները հարցեր էին հղում զինկոմիսարին ու չստանալով որևէ կոնկրետ պատասխան՝ ավելի էին զայրանում, պահանջում էին իրենց որդիներին։

Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանը պարբերաբար փորձում էր հանգստացնել կրքերը, սակայն ծնողներն այնպես հուզված էին, որ գրեթե անհնար էր։

Հարազատներից մեկը հետաքրքրվեց, թե գերեվարված ու շրջափակման մեջ գտնվող շիրակցի տղաներից որևէ տեղեկատվություն ունե՞ն՝ ի՞նչ կարգավիճակում են նրանք, ո՞ղջ են։

Շիրակի զինկոմիսարն ասաց, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանդիպել է խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, այս պահին էլ բանակցություններն ընթանում են։ Ըստ զինկոմիսարի, Արցախում կմնան այնքան, մինչև այդ հարցին լուծում տրվի։ Նա ասաց, որ այսքանը գիտի, ուրիշ պատասխան չունի։

Ծնողներից մեկը շատ հուզվեց ու շատ զայրացած զինկոմիսարին հարցրեց․ «Ո՞ւր է իմ տղեն, ո՞ւր են էրէխեքը, ինչի՞ ես նստել»:

Հարազատներից մեկն էլ զինկոմիսարին ասաց․ «Ինչո՞ւ տեղյակ չես ամեն ինչից, էնքան աշխատի, մի քնի, մինչև տեղյակ լինես, գիշերը տուն մի գնա, մինչև տվյալ ունենաս»։ Զինկոմիսարն ասաց՝ չեմ էլ քնում։

Գերի ընկածներից մեկի հայրն էլ հարցրեց․ «Եթե խաղաղապահը կար, եթե ռուսական զորքը կար, և՛ ադրբեջանական, և՛ հայկական սահմանը պիտի խաղաղեցներ, այսօր նորից ծանուցագիր եք ուղարկում, նորից զորակոչում եք, ո՞ւր եք տանում երեխեքին։ Ո՞ւր են մեր երեխեքը, ո՞ւր են, անտառներո՞ւմ են, գելերն են ուտո՞ւմ, թե՞ թուրքերը։ Դե թող պատասխանի»։

Գերի ընկածներից մեկի մայրն էլ արտասվելով բացականչեց․ «Մեր էրեխեքին վաճառեցիք»։

Ծնողներից մեկն էլ հայտարարեց, որ տեղի է ունեցել ռազմական հանցագործություն։

«Եթե հողերը հայկական չէին, ինչի՞ խաղաղապահն կանգնած չէր հայկականի ու ադրբեջանցիների մեջտեղը, ինչի՞ էրեխեքին հանեցիք վերև, ինչի՞ տարաք մեր տղաներին, էն էլ կրկնակի անգամ։ Առաջին անգամ էլ տարան Ջաբրայիլ, ավերեցին, ինչի՞ խաբեցիք, տարաք մսաղացի բերան։ Տղես 24 տարեկան է, երեք պատերազմ է անցել»։

Զինվորականներից մեկն էլ հարցրեց՝ եթե գիտեիք, որ այդ տեղանքը հանձնված էր, ինչո՞ւ էիք մեզ տանում։

Ծնողներից մեկն էլ պատմեց, որ երեխաներին տարել, հանել են սարի գլուխը, նույնիսկ չեն դիրքավորել։

«Հրամանատարը պաշոլ է եղել, փախել, մեր էրեխեքն անտեր էին, հա՞։ Հավի ձագ էին, առաջին անգամ էլ գնացին Ջաբրայիլ, հրամանատարը թողեց, փախավ, մինչև Գորիս են հասել ոտքով՝ 130 կիլոմետր։Կրկնակի նորից երեխեքին ղրկեցիք, հա՞, ո՞ւմ էրեխու ճակատագրի հետ խաղացիք, պարոն կամանդիր, մի հատ շիշկի երեխա կա՞ էդ 100 էրեխեի մեջ, հլը բոլորին նայեք»։

Կրքերն այնքան բորբոքվեցին, հարազատներն այնքան վրդովեցին, որ այլևս միմյանց լսելն անհնար էր․ ոստիկանապետը խնդրեց դադարեցնել այդ պայմաններում հարց ու պատասխանը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ վաղը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ժամը 16․00-ին կլինի Շիրակի մարզպետարանում, կհանդիպի գերի ընկած կամ շրջափակման մեջ գտնվողների հարազատների հետ։

Շիրակի մարզպետը նաև նշեց, որ այսօր եղել է Երևանում, սակայն ՊՆ-ում հանդիպում չի կայացել․ այն մարդիկ, որոնց հետ պիտի հանդիպեն, Երևանում չեն, Արցախում են՝ բանակցությունների մեջ։ Այսօր երեկոյան հանդիպում պիտի տեղի ունենար Ստեփանակերտում, որին պիտի մասնակցեին մեր մարզի զինծառայողների ծնողներ, ինչպես նաև Շիրակի մարզից ևս երկու պատգամավորներ՝ Նազելի Բաղդասարյանն ու Սոֆյա Հովսեփյանը։

Իսկ միջազգային «Կարմիր խաչ»-ի գրասենյակում դեռևս տեղեկատվություն չեն ստացել Բաքվի իրենց գործընկերներից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031