Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես թիկունքից մարդու չեմ խփի, ես Նիկոլ Փաշինյանը չե՜մ, ես Մինասյան Աշոտն եմ»

Դեկտեմբեր 18,2020 13:30

Աշոտ Մինասյանը վստահեցնում է, որ ինքը «խակ» չի, որ կրակել չիմացող նկարչին հետը տանի՝ հանցագործություն կատարելու:

«Իմ նկատմամբ քրեական գործը քաղաքական նպատակներով է: Նախ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ էլ ես դեմ եմ եղել իրեն, որովհետեւ 2018-ի ապրիլի ե՛ւ 21-ին, ե՛ւ 22-ին ես դուրս եմ եկել իր դեմ: Իրենք գիտեն՝ ես ընդդիմադիր եմ իրենց: Ես չեմ ընդունում այս իշխանությանը, որովհետեւ սա հակահայկական իշխանություն է: Բնականաբար, այս ժամանակահատվածում, արդեն պատերազմական իրավիճակում ես ունեցել եմ իմ ձեռքի տակ բազում փաստեր: Հաճելի չէր իրենց, որ ես նման փաստերը պիտի արձանագրեի, ունենայի, բնականաբար ուզում են մեկուսացնել ինձ»,- «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեց, երբ հարցրեցինք՝ ինչո՞ւ են ուզում ձեզ մեկուսացնել, այսօր դուք ինչպիսի՞ վտանգ եք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որ ձեզ ուզում են մեկուսացնել այդ քրգործով:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման եւ 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Մեր դիտարկմանը, որ միեւնույն է, ձեր ունեցած փաստերը դուք կարող եք այսօր էլ հրապարակել՝ Աշոտ Մինասյանը պատասխանեց. «Ես հրապարակել եմ, youtube-ում դրել եմ, ես միակը չեմ: Ուզում են ճնշել, ասել՝ տեսեք, Մինասյան Աշոտին կարող ենք ձերբակալել, կարող ենք ճնշել՝ մյուսներին լռեցնելու համար: Իրենք չեն մտածում մի բան՝ այդ ինձ լռեցրեցիք, բա մնացածի՞ն, բա այն մարդկանց, որոնք պետություն են կերտել, պետություն են ստեղծել, երկու պատերազմ են հաղթել, նրանց ո՞նց են լռեցնելու: Հո Մովսես Հակոբյանին էլ չե՞ն ձերբակալի, հո մնացած գեներալներին էլ չե՞ն ձերբակալի: Ես եմ այսօր խոսում, ինձ են ուզում ձերբակալել, ինձ են ուզում լռեցնել, բա մնացա՞ծը: Չէ՞ որ բոլորն էլ պայթելու են, խոսելու են, ասելու են իրականությունը, իրականությունը մի օր պիտի պարզվի՞, թե՞ ոչ»:

Դիտարկմանը, որ պատերազմը մի մարդու գործողություն չի, բնականաբար, բազմաթիվ կամավորներ կան, զինծառայողներ, ոնց էլ լինի, պատկերը ներկայացնեու են, պատմելու են, հետեւաբար ո՞նց կարող են այդ ամեն ինչը թաքցնել՝ Աշոտ Մինասյանը պատասխանեց. «Իրենք թաքցնելու տեղ չունեն էլ, այդ շղարշն արդեն բացված է: Իրենք հնարավորություն չունեն թաքցնելու, որովհետեւ դա այն ժամանակները չեն, որ կարողանան թաքցնել կամ ասեկոսեների վերածել: Մարդիկ կարողանում են, ինչպես իրենք էին անում 2,5 տարի առաջ՝ այն մեկի քայլելը, այն մեկի նստելը, այն մեկի ծխելը, այն մեկի ուտելը նկարում ու վատով ներկայացնում ժողովրդին, ժողովուրդն էլ միամիտ էր, ընդունեց, այսօր արդեն այդ ամեն ինչը փաստավավերագրվում է: Յուրաքանչյուր զինվոր ունակ է հեռախոսով նկարահանել իր հրամանատարի փախուստն էլ, ամեն ինչն էլ ու ներկայացնել ժողովրդի դատաստանին, կամ համապատասխան մարմիններին: Ի՞նչ թաքցնեն, թաքցնելու ոչ տեղ ունենք, ոչ ժամանակ»:

Հարցին՝ դուք, այնուամենայնիվ, գուցե բարկության պահին Նիկոլ Փաշինյանին համարելով դավաճան՝ ցանկացել եք վերացնել՝ Աշոտ Մինասյանը պատասխանեց. «Ես անձերի դեմ ոչինչ չունեմ, ես իմ տեսակով ասպետ եմ, չեմ կարող անձի դնել գնդակահարել: Եթե նա ինձ հետ գա մենամարտելու, ես կընդունեմ այդ մարտահրավերը, կմենամարտեմ իր հետ: Եթե նա չի գալիս, ես թիկունքից մարդու չեմ խփի, ես Նիկոլ Փաշինյանը չե՜մ, ես Մինասյան Աշոտն եմ: Իմ մասին կարող եք հարցնել, ես այդ փորձն ունեմ, 92 թվականի դեկտեմբերի 10-ին ինձ հետ թուրքն է մենամարտել ձեռնամարտում, ես այսօր կամ, այդ թուրքը չկա, ես ա՛յդ տեսակն եմ: Ես Նիկոլը չեմ, որ մարդու թիկունքից ինչ-որ բաներ անեմ»:

ԱԱԾ-ն ձայնագրություն էր հրապարակել, թե ինչպես են, ըստ իրենց վարկածի, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանը եւ Աշոտ Մինասյանը վարչապետի սպանությունը նախապատրաստել:

Աշոտ Մինասյանը վստահեցրեց, որ այն ձայնագրությունը, որը դրել են մեղադրանքի հիմքում, շինծու է ու մոնտաժված. «Իրար կպցրած բառեր են: Դուք ինչպե՞ս եք կարծում, ՀՀ-ում Երեւան քաղաքից դուրս միակ պետական մրցանակի դափնեկիրը՝ նկարիչը, ինձ հետ կարող էր գալ հանցանք կատարելո՞ւ, հա՞, որը կրակել չգիտի: Նա վրձնից բացի, ոչինչ չգիտի, ինքն է ու իր վրձինը, արվեստի մեծ աշխարհը, շատ հզոր կերպար: Այսինքն ես այդքան եմ հասկանում, որ իրեն պիտի հետս տանեի հանցագործություն կատարելո՞ւ: Ես այդքան խակ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031