Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ սերն այնքան է քո հետ լինելու, որ դու ոչ մի բանից չես վախենա». Հերոս Սեւակի նամակը՝ սիրելի կնոջը

Հունվար 11,2021 20:20

Լոռեցի Սեւակ Սերոբյանին շատերն են ճանաչում: Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահը մեկն է մեր այն հերոսներից, որ հայրենի հողի պաշտպանությունը բարձր գնահատեց սեփական կյանքից:

Հերոսի կինը՝ Հայկուհին, պատմում է, որ պատերազմի լուրը լսելուն պես, Սեւակը նույնպես շտապում է կամավորագրվել ու մեկնել սահման: Սկզբում ծառայություն է իրականացնում Տավուշի տարածաշրջանում, ապա մեկնում՝ Արցախ. «Ամսի 27-ի առավոտյան լուրերով տեսանք, որ պատերազմը սկսվել է: Այդ օրը Վանաձոր էինք գալիս, գործեր ունեինք: Սուսուփուս եկել ենք, առանց որեւէ բառ խոսալու, բայց որ տեսա զինվորական բեռնատարները գնում են անընդհատ լացում էի: Ինքը միշտ խոսում էր վրաս, որ ես լացում էի, բայց այդ օրը ոչ մի ձայն չհանեց: Երբ վերադարձանք տուն, մի քանի ժամով տնից դուրս եկավ, հետո երբ հետ եկավ, ասեց շորերս դիր, կամավորագրվել եմ, գնում եմ: Մամաս մեր տանն էր, ասեց՝ Սեւ ջան, ու՞ր ես գնում, ինքը մի հատ խիստ հայացք ունի, նայեց ու ասեց՝ ո՞նց ուր եմ գնում, գնում եմ ընտանիքիս ու հայրենիքիս պաշտպանելու: Ես որ չգնամ ո՞վ գնա, գնամ, որ օրինակ ծառայեմ»:

Նույն օրն իրերը հավաքում ու մեկնում է Շամշադին: Հոկտեմբերի 16-ին մի քանի ժամով տուն է վերադառնում, ապա շտապում արդեն պաշտպանելու Արցախի սահմանները. «Ամսի 17-ին կամավորագրվել էր, որ գնա Ղարաբաղ: Զանգեց, ճիշտն ասաց մի քիչ վիճեցի, որ ինչի ես մեզ թողնում մենակ, եթե քեզ տարել էին Շամշադին, ուրեմն դու այդտեղ պետք է մնայիր: Կատակով ասեց՝ կարող է գիտե՞ս եկել եմ այստեղ, որ շակալների ձայնը լսեմ, եկել եմ, որ գնամ կռիվ: Հետո էլ ասեց՝ տղերքին մենակ չեմ թողնի: Ասեցի Սեւ, այսինքն` ինձ մենակ կարաս թողնես, տղերքին՝ չէ՞: Անջատեց ու SMS ուղարկեց՝ «Իմ սերն այնքան է քո հետ լինելու, որ դու ոչ մի բանից չես վախենա»:

Սեւակը տղաների հետ մեկնում է Արցախ, պաշտպանում Մարտունու սահմանները: Սեւակի հետ Հայկուհին վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ի երեկոյան. «Անվտանգությունից  ելնելով ոչինչ չէր ասում, միայն մի բան էր միշտ ասում, որ հանկարծ մեր տեղն անօդաչուները ֆիքսած չլինեն: Այդ օրն էլ ասաց՝ Հակ ջան, մի քիչ խառն եմ, տեղ ունեմ գնալու, կզանգեմ հետո: Իրենց զգուշությունը շատ բարձր մակարդակի վրա է եղել եւ դա ստիպել է թշնամուն, որ կենտրոնանա իրենց վրա: 4 օր նշանի տակ են եղել: Արդեն 22-ի առավոտյան 7:30 խրամատ փորելիս են եղել, տղաները գալիս են մի պահ հավաքվում Սեւակի մոտ եւ այդ պահին հրետանին խփում է: 6 հոգով են եղել, 4-ը տեղում զոհվել են, 2-ը՝ վիրավոր են եղել: Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց պատմել են, որ իր մարմինը հանելիս 2 հոգին էլ են զոհվել: Կարողացել են միայն իր մարմինը հանել»,- ասում է Հայկուհին ու հավելում. «Իր հետ կապված իմ զգացողությունները միշտ ուժեղ են եղել: Ինքն ինձ զանգում էր ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան: Ես գիտեի, որ առավոտյան մինչեւ 8:10 հաստատ զանգելու է:  Այդ օրը չզանգեց: Արդեն զգում էի, որ ինքը չկա, դրա համար չի զանգում, բայց վախենում էի ինքս ինձ խոստովանել… հետո երեկոյան արդեն լուրն իմացանք…»:

Հայկուհին պատմում է, որ ամուսինը վերջին երկու տարում սկսել էր չափից շատ կարդալ, նախապատվությունը տալով հայոց պատմությանը. «Դեպի հայրենիք իրա զգացողություններն ու մտածելակերպը շատ ուժեղ փոխվել էին: Ամեն  գրքից հետո, որ  քննարկում էինք, ասում որ՝ սկսել եմ ուրիշ ձեւ մտածել, ուրիշ տեսանկյունին այս ամեն ինչին նայել: Հայրենիք հասկացությունն իմ համար հիմա այլ կերպ է բացվում»,- ասում է հերոսի կինն ու հավելում, որ պատերազմի օրերին Սեւակը չէր փոխվել, միայն աչքերն էին այլ. «Իրա աչքերն էին փոխվել: Ոնց որ ինքը շատ-շատ մեծացած լիներ:  Միշտ է ունեցել խելացի հայացք, իմաստուն մտածելակերպ, բայց որ այնտեղ էր այդ ամեն ինչը շատ անգամ խորացել էր արդեն: Իր բնավորության համաձայն ամեն ինչ կիսվում էր ինձ հետ: Անգամ մասուրի թեյ էր այնտեղ պատրաստել, նկարել ուղարկել էր, որ Հակ նայի, մասուրի թեյ եմ խմում»:

Սեւակը Հայկուհուն ծաղիկներ նվիրել շատ էր սիրում: Անգամ պատերազմի ընթացքում սովորության համաձայն ծաղիկներ է նվիրել. «Մի օր ծաղիկ էր նկարել ինձ ուղարկել: Հետո զանգեց, թե դե որ այդտեղ չեմ, չեմ կարողանա ծաղիկ բերեմ, գոնե նկարեմ, ուղարկեմ: Այդ ծաղիկը պահել էր տուփի մեջ, եւ  երբ որ հոկտեմբերի 16-ին եկավ, բերեց հետը»:

Սեւակն ու Հայկուհին 11 ու կես տարի է ինչ ամուսնացած են: Ունեն 3 երեխա՝ 2 աղջիկ եւ 1 տղա: Մեծը տղան է՝ 11 տարեկան, մեծ աղջիկը՝ 8, իսկ փոքրը՝ 6 տարեկան. « Այս Նոր տարին Նոր տարի չէր առանց իրեն, ոչ մի բան իմաստ չունի առանց Սեւոյի: Ուղղակի այն միտքը, որ ունեմ 3 երեխա եւ պետք է իրենց կողքը լինեմ, ուղղակի, որ երեխեքս առանց ինձ էլ չմնան: Նոր տարվա երեկոյան փոքր աղջիկս լացում է, ասում եմ՝ ինչի՞ ես լացում, պապային ես կարոտե՞լ, աչքերով հասկացնում է, որ՝ հա:  Ասում է, ես չեմ ուզում լաց լինեմ, որովհետեւ դու քեզ վատ ես զգալու, որ ես լացեմ: Հետո մի քիչ անցավ, ասում է՝ իմ մոտ տպավորություն է, որ պապան պարապմունքներից հեսա տուն է գալու, ախր ոնց կարողա լինի, որ իմ պապան հետ չգա: Իրա բացակայությունը ոչ մի կերպ չի լրացվում: Ոչ մի բան չի կարող ինձ սփոփել: Անգամ երեխաներս ինձ չեն կարողանում սփոփեն, իրա կորուստը շատ մեծ է: Ինքը շատ ափսոս էր ու ասում եմ ոչ թե նրա համար, որ ինքը իմն էր, այլ ինքը շատ մեծ գործ էր անում թիկունքում: Այդքան սերունդ  կրթել ու դաստիարակել: Իր հոգով դաստիարակած սերունդն ուրիշ էր»:

Սեւակ Սերոբյանը մարզչական կարիերան սկսել է 13 տարի առաջ: Այդ ընթացքում մարզել է գրեթե 500 սաների, որոնցից 2-ը հասցրել են ստանալ սեւ գոտի 2-րդ դան, ավելի քան 45-ը՝ սեւ գոտի 1-ին դան: Նրա սաները Եվրոպայի, Կովկասի եւ Հայաստանի բաց առաջնությունների բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ են:

2018թ-ին Երեւանում իր իսկ կողմից կազմակերպած միջազգային ուսումնամարզական սեմինարներից մեկի ժամանակ,  «Կյոկուշին Կան կարատե դո»-ի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ սեւ գոտի 9-րդ դան Կանչո Հաթսու Ռոյամայի կողմից արժանացել է Շիհանի կոչման: 31 տարեկանում Սեւակը դարձավ աշխարհում այդ կոչման ամենաերիտասարդ կրողը:

Այժմ Սեւակի գործը շարունակում է Հայկուհին. «Սեւակն ամբողջ կյանքը  նվիրել էր կարատեին, ապրում էր կարատեով: Շատ բան ունի արած Տաշիրի տարածաշրջանի երեխաների համար: Բնականաբար իր գործը չեմ թողել եւ համապատասխան նամակ եմ ուղարկել Ճապոնիա, որպեսզի թույլ տան ֆեդերացիան իմ ձեռքը վերցնել եւ ինքս ղեկավարել: Պարտավոր էի ինձ զգում գործը կիսատ չթողել: Ինձ համար հաճելի անակնկալ եղավ, որ իրենք էլ նախապես որոշել էին, որ ես պետք է լինեմ ղեկավարը, որ ինձնից հարմար թեկնածու չունեն: Եվ այդպես, դեկտեմբերի 21-ին Ճապոնիայի կողմից նշանակվեցի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի Հայաստանի նախագահը: Այս ընթացքում պարապմունքները մենք չենք դադարեցրել: Երեխաների համար շատ ծանր հարված էր Սեւոյի կորուստը: Սկզբից  դժվարությամբ էին գալիս, որովհետեւ իրենց համար էլ բարդ էր, որ իրենց Շիհանը չի պարապելու: Սակայն ունենք մարզիչներ, որոնք որ դաստիարակված են Սեւակի հոգով, եւ իրենց մեջ զգում ես, որ Սեւակից շատ բաներ կան: Անգամ իրենց շարժ ու ձեւը, հայացքը Սեւակին շատ նման է: Փորձում ենք պահել Սեւակից վերցրած ամեն ինչը: Եզակի ու յուրահատուկ մարդ՝ իր ամեն ինչով, իր ժպիտով»:

Բարի, հոգատար, ժպտերես, ընտանիքին նվիրված երիտասարդի Մեծավանում գտնվող հայրական տան իր սենյակը հայրը վերածել է թանգարանի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Հայկուհի Շահբազյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031