Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Աղաջանյանը ցուցահանդեսի եւ առանց քաղաքական կաշկանդվածության՝ թիմային մտածողության մասին

Հունվար 18,2021 23:07

Հանրային գործիչ եւ ռեփեր Դավիթ Աղաջանյանի (NAY 374) նախաձեռնությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում առաջին անգամ ցուցադրվեցին ազգային գործիչ, Հայաստանի անկախության պայքարի հիմնադիր, «Ազգային միացյալ կուսակցության» հիմնադիր Հայկազ Խաչատրյանի կտավները:

Aravot.am-ի հետ զրույցում մոսկվաբնակ մեր հայրենակիցը հայտնեց, որ նման ցուցահանդես նախաձեռնելու գաղափարը վաղուց էր հղացել՝ նշելով մի քանի պատճառ. «Նախ Հայաստանի անկախության պայքարի հիմնադիր Հայկազ Խաչատրյանը շատ տաղանդավոր նկարիչ էր: Երկրորդ, պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում շատ էին նախաձեռնությունները՝ կապված առաջնագիծ օգնություն ուղարկելու, արցախցիներին, զոհվածների, վիրավորների եւ անհետ կորածների ընտանիքներին ինչ-որ բանով օժանդակելու հետ:

Ես եւս, ինչքան հնարավոր է, ակտիվ մասնակցել եմ այդ ամենին՝ բոլոր ուղղություններով: Անընդհատ զգացվում էր, որ ամեն ինչ արվում է՝ կապված պատերազմի ու հետեւանքների հետ, եւ շատ պետք էր, որ հանրային նախաձեռնություններ լինեն, որոնց մեջ առկա լինի մշակույթը, սպորտը: Դրա համար հունվարի 3-ին գնացինք Պանթեոն Եռաբլուր ու Ծիծեռնակաբերդ՝ մի փոքր պատերազմի ձեւաչափից դուրս գալով:

Ապա` շուրջ երկու շաբաթ անց Գրականության եւ արվեստի թանգարանում կազմակերպվեց Հայկազ Խաչատրյանի կտավների ցուցահանդեսը: Մոտ 25 գործ էր ցուցադրված»:

Դավիթ Աղաջանյանն ընդգծեց, որ հատուկ այնպես էին ընտրել աշխատանքները, որ երբ մտնում ես սրահ, սկսվի ընտանիքից, հարազատներից, ծնողներից, «ներկայանա» Հայկազ Խաչատրյանը՝ երիտասարդ տարիքում, ապա անցում լինի դեպի Արարատ լեռ, հայրենիքի թեմա, Նժդեհ, Սարդարապատի ճակատամարտ, իսկ վերջում՝ անձնական կյանք՝ ընկերուհիներ. «Ինքը սիրառատ մարդ էր, գեղեցիկ կանանց էլ է պատկերել»:

Մեր զրուցակիցն ուրախ է, որ ցուցահանդեսին մասնակցել են Հայկազ Խաչատրյանի հարազատները, մարտական ընկերները, քաղաքական եւ հանրային դեմքեր, ասում է ամենակարեւորն այն է, որ մի հարկի ներքո հավաքվել էին քաղաքական տարբեր հայացքների տեր անհատներ, տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Դավիթ Աղաջանյանը շեշտում է, որ նախաձեռնության նպատակը ոչ միայն Հայկազ Խաչատրյանի արվեստի ներկայացումն էր, այլեւ այդ ձեւաչափի մեջ ազգային տրամադրված հայրենակիցների համախմբումը. «Որպեսզի ոչ թե այնպես ստացվի, որ համախմբվել ենք կլոր սեղանի շուրջ, քննարկում ենք երկրի վիճակը, այլ նման ձեւաչափով հանդիպենք, շփվենք, դրական հույզերով, իրար հետ մարդիկ խմորվեն, իսկ օրհասական պահերին հեշտ լինի մարդկանց հավաքելը, քանի որ նրանք սովորել են նման նախաձեռնություններին միասին մասնակցել: Մի խոսքով՝ թիմային մտածողություն է ձեւավորվում, որը ոչ մի քաղաքական կաշկանդվածություն չունի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Գրականության եւ արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031