Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները հարբած վիճակում կրակոցներ են արձակում․ Արման Թաթոյան

Հունվար 30,2021 22:18

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում:

Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշեր ժամանակ: Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Ընդ որում, գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ:

Այս կրակոցների մասին Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն ահազանգեր էին ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին Կապանի Ճակատեն և այլ գյուղեր այցերի ընթացքում: Այդ ժամանակ նաև անմիջականորեն էր արձանագրվել, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում:

Այս հանցավոր, բացարձակ դատապարտելի արարքները պետք է իսպառ վերանան: Դրանք դարձել են իրական սպառնալիք Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության պահպանման, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս իրավունքների համար: Սրանք կոպտորեն խախտում են նաև երեխաների շահերը:

Այս փաստն ավելի է ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանի համոզմունքը, որ խաղաղ բնակիչների կյանքի ու կենսական մյուս իրավունքների համար իրական սպառնալիք է նաև ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Հայաստանի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ, միջհամայնքային ու միջպետական ճանապարհներին:

Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին: Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031