Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ասում է Սերժ Սարգսյանը՝ հենց այդպես էլ եղել է». Էդմոն Մարուքյան

Փետրվար 17,2021 12:18

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ճեպազրույց էր հրավիրել: Նա հայտարարեց. «Սահմանադրական դատարանում սպասվում էր մեր դիմումի քննությունը, որով վիճարկում էինք սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը: Այսօր պետք է քններ այս գործով դիմումը, եւ մենք ստացել ենք որոշումը, գործի քննությունը հետաձգվել է ապրիլի 20: Գործի այն մասով, որը վերաբերում է լիազորությունների վեճին, կարճվել է եւ մնացել են միայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի մասով վիճարկման հարցերը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունելով՝ չէր ուղարկել ՍԴ՝ եզրակացության:

Մարուքյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո գրառում էր արել, որ եթե ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել, կողմ է եղել փոխզիջումային տարբերակին, քննարկել է շրջանների վերադարձի 5+2 բանաձեւը, ինչո՞ւ էին հարկատուների փողերով այդ տարածքներում ենթակառուցվածքներ զարգացնում, քաղաքներ կառուցում, որ հետո տային Ադրբեջանի՞ն: Հարցին՝ կարծում էիք, որ սպաները պետք է վրաններո՞ւմ ապրեին, տներ չկառուցվեի՞ն՝ Մարուքյանը պատասխանեց. «Մանիպուլացնում եք իմ հայտարարությունը: Ես կողմ եմ ներդրումներին, հիմա էլ եմ կողմ, եթե չպետք է տայինք Ադրբեջանին: Եթե պետք է տայինք՝ դեմ եմ: Մարդիկ ասում են, որ մենք բանակցում էինք, որ տանք: Ես էլ ասում եմ, եթե այդպես է, պետք էր աշխատանք տանել, ոչ թե մեզ բոլորիս պատրաստել տարածքներ չտալուն, հետո ասել՝ բոլորս էլ կողմ էինք: Անընդհատ ասում էին մեզ՝ մենք բանակցում ենք՝ ձգձգելու համար, տալու ոչ մի բան չունենք: Նախկին իշխանությունները, ՀՀԿ բոլոր պատգամավորները այդպես էին ասում, հետ գնացեք, նայեք հայտարարությունները: Հիմա նախագահ Սարգսյանն ասում է՝ ես միշտ եղել եմ այն գծի մեջ, որ պետք է գնալ այդ ճանապարհով, ոչմիթիզականությունը քննադատում է: Հայ ժողովրդի, սփյուռքի գումարները չպետք է ներդրվեին այն տարածքներում, որոնք պետք է հանձնվեին: Արցախում գրվել է Սահմանադրություն, լավ գիտեք, գրել է Հրայր Թովմասյանը եւ ՀՀԿ իշխանությունը, այդտեղ գրված է, որ 7 շրջանները Արցախի հանրապետության տարածք են համարվում եւ անքակտելի մաս է: Մի բան արվել է, ժողովրդին մատուցվել, որ սա ձեր տարածքն է, մյուս կողմից տարածքները տալու համար բանակցել են»:

Մարուքյանը զարմացած է ՀՀԿ պատգամավորների արձագանքից: Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ մասը դիտելուց հետո Մարուքյանը համոզվել է, որ պարիտետային հանձնաժողով ստեղծելը անհրաժեշտություն է, որովհետեւ ինչ ասում է Սերժ Սարգսյանը, հենց այդպես էլ եղել է. «Ես հոկտեմբերի 2-ին գնացել եմ Արցախ ու իմացել եմ, որ նախկին փորձառու գեներալներին թույլ չեն տվել մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրներին եւ ինձ ասվել է՝ սա ուղղակի աբսուրդ է, ինչի են նման բան անում: Ասվել է՝ թող դուրս գան սենյակից, բոլորը շատ հիասթափված ու դրանից նեղացած՝ Ստեփանակերտի հրապարակում կանգնած էին, ես այնտեղ տեսել եմ: Իշխանությունը պետք է պատասխան տա դրա համար: Արցախի նախագահը պետք է պատասխան տա նրա համար, որ իրեն փորձել են օգնել նախկին նախագահները, հանդիպում են խնդրել եւ, փաստորեն, նա մերժել է այդ հանդիպումները ու չի տվել պատասխան, թե ինչու է մերժել»:

Մարուքյանը վստահեցրեց, որ դեռ հոկտեմբերի 2-ն էր, Շուշիի վրա ռմբակոծություն չէր եղել, բայց արդեն տրամադրությունն այնպիսին էր, որ մենք պարտվել ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում 2015 թ. սեպտեմբերի 18-ին հանդիպում է Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Թևան Պողոսյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728