Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Վերադաս է ՊՆ-ն, ցավոք սրտի, նաեւ՝ վարչապետը, եւ զինվորականները պարտավոր են ենթարկվել վերադասի հրամանին»

Փետրվար 25,2021 13:08

«Կոչ եմ անում հանդարտություն պահպանել, որեւէ կտրուկ գործողություն չանել, այլ մասնակցել ժողովրդական խաղաղ հավաքի՝ գալով Հանրապետության հրապարակ։ Իսկ բոլոր զինվորականներին կոչ եմ անում շարունակել իրականացնել հայրենիքի պաշտպանության գործառույթը եւ որեւէ դեպքում զգոնությունը չկորցնել։ Ամեն ինչ վերահսկողության տակ է, մեր զինվորների վերահսկողության տակ է, պետք չէ թույլ տալ ծառայողական գործընթացին հակասող գործողություն»,-քիչ առաջ «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։

Փաշինյանը նաեւ ասաց․ «Պետք է հասկանալ՝ ի՞նչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան զինվորականների եւ քաղաքական շրջանակների հետ»։

Փաշինյանի խոսքով․ «Անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ եւ հանդես գան քաղաքական գնահատականներով։ Հասկանում եմ, որ խոսքը ոչ բոլոր զինվորականների մասին է։ Նրանց մեծ մասը վերադասի հրամանն են կատարել, բաց ընդգծեմ, որ վերադաս է նաեւ պաշտպանության նախարարը, ցավոք սրտի, նաեւ՝ վարչապետը, եւ զինվորականները պարտավոր են ենթարկվել վերադասի օրինական հրահանգներին»։

Հիշեցնենք, որ ուղիղ եթերում Փաշինյանն այսօր նաեւ հայտարարել է, որ աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ ՀՀ նախագահը ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը:

«Պաշտպանության նախարարին հրահանգված է կատարել իր ծառայողական պարտականությունները եւ ԶՈՒ բնականոն գործընթացն ապահովել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հանրապետության հրապարակում կանդրադառնա մի շարք հրատապ հարցերի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728