Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակից կա ելք, և այդ ելքը Փաշինյանի «ելք»-ը չի

Փետրվար 28,2021 13:00

Այն, որ մենք գտնվում ենք քաղաքական (և ոչ միայն) խորը ճգնաժամի մեջ, կասկածից վեր է, և ճգնաժամից կարելի կլինի դուրս գալ միահամուռ ջանքերի ու համախմբման միջոցով: Ամեն անգամ Արցախի ծվեն ծվեն արված, բզկտված քարտեզին նայելուց հուսահատվում և ուզում ես փախչել այս իրականությունից ու երկրից։ Շատերի մոտ էլ ինչ-որ բան անելու տրամադրություն չկա։ Բայց չէ, առանց այդ էլ շատ են լքել հայրենիքս, պե՛տք է մնալ, պե՛տք է հավատալ, քանի որ կան ուժեղ ու պրոֆեսսիոնալ մարդիկ, ովքեր կարող են դուրս հանել մեզ այս համազգային աղետից՝ ստանձնելով ազգի ու պետության վերականգնման գործը:

Պատերազմում պարտությունից անմիջապես հետո պետական հեղաշրջում իրականացնելու փորձը, բարեբախտաբար, ձախողվեց։ Ինչու՞ բարեբախտաբար, քանի որ պետական հեղաշրջումը (սովորաբար այն բռնություններով է ուղեկցվում) հղի է լրջագույն սպառնալիքներով առանց այն էլ թուլացած մեր պետության համար։ Կարծես թե նվազել էր քաղաքացիական բախումների և հետևաբար նաև քաղաքացիական պատերազմի վտանգը։ Սակայն այդ վտանգը վերստին զգացվեց փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի (ԳՇ) շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան սպաներ, այդ թվում ԳՇ պետն ու իր երկու տեղակալներ, հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը:

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը որակեց իբրև ռազմական հեղաշրջման փորձ և իր աջակիցներին կոչ արեց հավաքվել հանրապետության հրապարակում՝ միաժամանակ որոշելով հեռացնել ԳՇ պետին: Ընդդիմությունն իր հերթին հավաքվել էր Ազատության հրապարակում, և հակառակ ճամբարների հանրահավաքներն ու երթերը տեղի էին ունենում գրեթե միաժամանակ: Բարեբախտաբար կողմերը զսպվածություն և ողջախոհություն ցուցաբերեցին, ինչը գերլարված մթնոլորտը որոշակիորեն թուլացրեց: Սակայն ճգնաժամից դուրս գալու մասին դեռ վաղ է խոսել:

Քաղաքական իշխանությունը նախաձեռնել էր մի կողմից նոր կադրերի համալրում, մյուս կողմից էլ իշխանություն-ընդդիմություն երկխոսություն (դեռևս 2020 թ. տարեվերջին) խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորությունները քննարկելու համար։ Առաջինն ավելի շուտ նման է ներիշխանական տեղաշարժի, իսկ երկրորդը չստացվեց, և իշխանությունները մտափոխվել էին ընտրություններ անցկացնելու առումով։ Փետրվարի 25-ի հանրահավաքի ժամանակ սակայն, Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ընտրությունների օր որոշելու համար, բայց մի քանի հազար քաղաքացիների առարկմամբ որոշեց պարզապես խորհրդակցություններ սկսել: Նման կարևոր որոշումների համար փաստորեն մի քանի հազար մարդու ձայնը բավարար է մի քանի միլիոն բնակչության փոխարեն որոշել:

Պատերազմի ավարտին հաջորդող մի քանի ամիսների ընթացքում խելամիտ չէ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ Բայց մյուս կողմից էլ վարչապետի և նրա թիմի նկատմամբ կա հանրային լայն դժգոհություն՝ կապված բազմաթիվ խնդիրների հետ, որոնցից առաջնայինն, իհարկե, պատերազմի արդյունքն է։ Ճիշտ է՝ դժգոհողներից շատերը փողոց դուրս չեն գալիս հաշվի առնելով, թե ովքեր են կազմակերպում բողոքի ակցիաները։

Քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու իմ պատկերացրած սցենարը հետևյալն է.

Գործադիր իշխանությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի ժամանակավոր կառավարություն, հետո (1 տարվա ընթացքում) կազմակերպվեն խորհրդարանական  արտահերթ ընտրություններ։ Ներկայիս հավաքական ընդդիմությունը և նրա կողմից առաջադրված թեկնածուն (ընդդիմադիր մյուս ուժերը նույնպես) չունեն բավարար չափով լեգիտիմություն, ուստի պետք է այլընտրանք։ Այլընտրանքը արհեստավարժների թիմ է՝ բաղկացած այնպիսի անձանցով, ովքեր իրենց անձնական և մասնագիտական հատկանիշներով հասարակության մեծամասնության կողմից ընդունելի կլինեն։ Այլ կեպ ասած՝ նրանք պետք է ունենան բարձրակարգ կրթություն, բավարար չափով աշխատանքային փորձ, և չունենան խնդրահարույց անցյալ։ Եվ եթե գործող իշխանությունը հրաժարական չտա ու հետևաբար ժամանակավոր կառավարություն չձևավորվի իմ կողմից առաջարկված մարդկանցից (ովքեր պետք է որ ընդունելի լինեն բոլոր շրջանակների կողմից), այդ դեպքում խիստ անհրաժեշտ է որ ապագայում, օրինակ եթե լինեն խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրություններ, նրանց հիշենք և ընտրենք/առաջադրենք։

Չե՞ք ընդունում նախկիններին, որովհետև իրենց նույնպես մեղադրում եք թույլ տված բազմաթիվ վատ բաների մեջ, ուրեմն չեք ընտրի նրանց, չեք ընտրի ՀՀԿ-ին, Ս. Սարգսյանին կամ Ռ. Քոչարյանին, կամ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց մի շատ կարևոր փաստ՝ նախկինների մեջ եղել են նորմալ վարքով արհեստավարժ մասնագետներ, ում կարելի է վստահել։ Նախկիններին որպես հավաքական թիմ չե՞նք ուզում, շատ բարի, չենք ընտրի նրանց որպես հավաքական, ամբողջական թիմ։ Բայց կարելի է և արդյունավետ կլինի իրենցից լավագույններին վստահել: Չպետք է ասել՝ «լավ դե որ հանրապետականից է, կամ իրենց հետ կապ ունի, ուրեմ լրիվ պարզա»։ Ամենալավերի հավաքականությանն այլընտրանք չեմ տեսնում։ Նախկիններից բացի այլ ուժերի մեջ էլ կան պատշաճ վարքով պրոֆեսիոնալներ։ Ոմանց գիտեմ ու առաջարկում եմ դիմել իրենց (Ի դեպ՝ իրենք չգիտեն այս մասին):

Եվ այսպես. Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելու համար կարելի է խնդրել Վաչե Գաբրիելյանին, քանի որ նա տնտեսագիտության, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, և ամենակարևորը՝ հանրային կառավարման լավագույն մասնագետներից է և ունի աշխատանքային հարուստ փորձ թե՛ ակադեմիական և թե՛ պետական կառավարման ողորտում։ Ժիրայր Լիպարիտյանը կարող է լինել վարչապետի գլխավոր խորհրդական։ Այդ կառավարությունում Հովհաննես Նիկողոսյանին (ունի բավարար ունակություններ և աշխատանքային փորձ) տեսնում եմ փոխվարչապետի կամ արտգործնախարարի պաշտոնում։ Պարոն Նիկողոսյանի՝ փոխվարչապետ լինելու դեպքում արտգործնախարարի պաշտոնը կարող է ստանձնել ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը՝ անհրաժեշտ փորձ և միջազգային լայն կապեր ունեցող պրոֆեսիոնալ։ (Հովհաննես Նիկողոսյանն ի զորու է նաև լինել վարչապետ եթե խորհրդարանում խնդիրներ առաջանան Վաչե Գաբրիելյանին վարչապետ ընտրելու առումով): Սոսի Թաթիկյանն ունի բավարար ունակություն և աշխատանքային փորձ՝ լինելու փոխարտգործնախարար։

Վահրամ ՏերՄաթևոսյանին (թուրքագետ, պատմաբան, ազգային անվտանգության հարցերով մասնագետ, և աշխատանքային փորձ ՊՆ-ում) տեսնում եմ որպես պաշտպանության նախարար: Տարոն Սիմոնյանը (բարձրակարգ կրթությամբ և աշխատանքային փորձով իրավագետ) կարող է լինել արդարադատության նախարար, իսկ

Արկադի Խաչատրյանն (տնտեսագետ և իրավագետ՝ աշխատանքային հարուստ փորձով) էլ՝ էկոնոմիկայի նախարար։ Արթուր Դրամփյանին կարող ենք վստահել ֆինանսների նախարարությունը։

Կարծում եմ՝ կարելի է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխարեն ունենալ երկու նոր նախարարություն։ Մեկը կրթության և գիտության նախարարություն՝

Սմբատ Գոգյանի ղեկավարությամբ, իսկ Վահրամ Թոքմաջյանն էլ կարող է փոխնախարարի պաշտոնը զբաղեցնել։ Մյուսը՝ սփյուռքի և սպորտի հարցերով նախարարություն՝

Արման Եղիազարյանի (պատմաբան է և ունի աշխատանքային փորձ՝ սփյուռքի նախարարությունում) գլխավորությամբ, իսկ Կարեն Գիլոյանը կարող է մնալ որպես սպորտի գծով փոխնախարար։

Արթուր Մեսչյանին տեսնում եմ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, իսկ Ռալֆ Յիրիկյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Առողջապահության նախարարությունը կարող է գլխավորել պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը, ով ունի բարձրակարգ կրթություն և երկարամյա աշխատանքային փորձ ակադեմիական ու հանրային ոլորտում, իսկ շրջակա միջավայրի նախարարությունը կարող ենք վստահել Աստղինե Փասոյանին։ Արտակարգ իրավիճակների նախարարը՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, կարծում եմ կարող է շարունակել պաշտոնավարումը։ Վստահ եմ՝ վարչապետ Վաչե Գաբրիելյանը կգտնի աշխատանքի և սոցիալական հարցերի այնպիսի նախարար, որ ընդունելի կլինի ժողովրդի մեծամասնության համար։

Լավ կլինի, որ այս մարդիկ, ովքեր ունեն բարձրակարգ կրթություն, բարի համբավ ու մասնագիտական աշխատանքի մեծ փորձ, ապագայում նույնպես շարունակեն իրենց պաշտոնավարումը՝ կախված իրենց հետագա ցանկությունից, աշխատանքի արդյունավետությունից, և հանրային պահանջից։ Առաջարկս իրականում ժամանակավոր կառավարության ձևավորում է ենթադրում, բայց այն հավակնում է նաև հիմնականի/մշտականի եթե լինի հանրային անհրաժեշտ գոհունակություն ու լեգիտիմություն։

Հ.Գ. Ուրախ կլինեմ լսել կարծիքներ, առաջարկություններ, առարկություններ։

Ընդառաջ գնալով առկա խնդրանք/պահանջներին՝ այս սյունյակում օգտագործվել է կենցաղային լեզու։

Հովսեփ ԿԱՆԱԴՅԱՆ

ԱՆԿԱԽ ՀԵՏԱԶՈՏՈՂ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեր բանակը ոչ միայն նախորդ պատերազմին էր պատրաստվում, այլեւ հիմա շարունակում ենք նախորդ քաղաքական պատերազմին պատրաստվել: Սովետի ժամանակ մենք քաղաքական երեխա էինք՝ մեր փոխարեն էին որոշում կայացնում, իսկ հիմա երեխա երեխա մտել են մեծերի կռիվների մեջ, բնական է անփորձ երեխան իր երեխայական սովորության համաձայն մեծերի մեջ է արդարություն փնտրում, բայց մեծերի աշխարհը այդքան վարդագույն ու արդար չի՝ ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր: Ես հակված չեմ մտածել, թե պարտվել ենք, մենք պետք է պարզապես շատ արագ հասունանանք, չմտածենք, թե բարի դյադյաները մեզ կգան օգնության: Այսօրվա մեր իշխանությունը լավագույն դեպքում միամիտ երեխա է, բայց նման պաշտոնները սուրբ տեղեր են եւ մեծ դյադյաները այն դատարկ չեն թողնում, որ միամիտները այն զբաղեցնեն, ամեն մեկը ցանկանում է իր մարդկանց դնի եւ հայ ժողովրդին հարցնող չկա, այլ կան լիքը հայ ժողովրդին հարիֆցնողներ, դրա համար եթե մտադիր ենք մենք էլ որպես հայ ժողովուրդ մեր մարդուն նշանակենք այդ պաշտոնում, ուրեմն պետք է պատրաստ լինենք կռիվ տալ մեծ դյադյաների հետ իրենց կանոնների համաձայն, իսկ նրանց կանոնները ոչ թե անգլիական, այլ ամերիկյան ֆուտբոլ է:
    Ձեր բերած ցուցակը շատ լավ ցուցակ է, բայց թագավորին իր շքախումբն է թագավոր դարձնում, այսինքն՝ ով էլ լինի, նրանց թիկունքին պետք է մասնագետների հզոր բանակ կանգնած լինի՝ սկսած հատուկ ծառայությունների ու զինվորական նախկին ու ներկա, բայց ժողովրդին նվիրյալ թոշակառուներից ու գործող անձնակազմից: Այսօր աշխարհը գրավել են ազգային պետականության դեմ գործող ուժերը, որոնց ձեռընտու է մեր նման պետությունների կործանումը, մենք մեր ուժը դեռ չենք գիտակցում, բայց մեր թշնամիները դա շատ լավ գիտեն եւ գիտեն, որ այս երեխան մեծանալու է ու նրանց մսրա մելիքի օրն է գցելու: Մենք տարիներով չպետք է մեծանանք, այլ ժամ առ ժամ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728