Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը հայկական է արցախցին խոսել եւ խոսելու է հայերեն». ԱՀ ԿԳՄՍ նախարար

Մարտ 03,2021 15:32 Share

Aravot.am-ը Արցախի Հանրապետության կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանից հետաքրքրվեց, թե որպես ոլորտային գերատեսչության ղեկավար՝ ի՞նչ կարծիքի է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի՝ աղմուկ հանած նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ նախատեսվում է գրական հայերենից բացի՝ ռուսերենը եւս դարձնել Արցախի Հանրապետության պաշտոնական լեզու։

«Ոչ թե երկրորդ պետական լեզվի, այլ երկրորդ պաշտոնական լեզվի մասին է խոսքը, եւ ինչպես գիտեք, հայերենը որպես պետական լեզու ամրագրված է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ: Այդ նախագծով պարզապես պաշտոնական հայերենին ավելացվում է նաեւ ռուսերենը, ինչը էական նշանակություն չի կարող ունենալ Արցախի լեզվական քաղաքականության համատեքստում»,-նշեց Արցախի ԿԳՄՍ նախարարը:

«Արցախը հայկական է, արցախցին խոսել եւ խոսելու է հայերեն, քանի որ յուրաքանչյուր արցախցի քաջ գիտակցում է, որ հայոց լեզուն սոսկ հաղորդակցության միջոց չէ, որ որպես գլխավոր կռվան՝ այն խորհրդանշում է մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, անձնավորում է մեր ցեղի լուսեղեն ոգին, մեր հերոս նահատակների աննկուն կամքը: Լեզուն մենք ենք, յուրաքանչյուրս:

Միաժամանակ համոզված ենք, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների կարիք ներկայումս չկար, որքան էլ նախաձեռնողները դա պայմանավորեն օրվա հրամայականով: Այնուամենայնիվ, Արցախի ԿԳՄՍ նախարարությունը ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում ջանքեր չի խնայելու մեր ոսկեղենիկ մայրենին անաղարտ պահելու համար, քանզի լեզվի աղճատումը հանգեցնում է արժեհամակարգի եւ ինքնության աղճատմանը, եւ այս կենսական հարցում չենք կարող անտարբեր լինել:

Թերեւս դա կարելի էր նաեւ մի քիչ ուշ նախաձեռնել, բայց չեմ կարծում, որ վնասելու է, քանի որ կրթական համակարգ չի մտնելու, նախագծի փոփոխությունը չի ազդելու Արցախի կրթական համակարգի վրա»,-ընդգծեց Լուսինե Ղարախանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031