Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց վերաբերմունքը, արձագանքները եւ այդ ամբողջ էներգետիկան, որը կար հրապարակում, որեւէ կերպ չի կարող հաստատել, թե մենք կիրառել ենք վարչական լծակ». Արփի Դավոյան

Մարտ 03,2021 15:40

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված հայտարարեց. «Ես ամաչում եմ իմ նախկին ընդդիմադիր գործընկեր Փաշինյանի փոխարեն, որ նա հասել է նրան, որ ավտոբուսներով, վարչական ռեսուրսն օգտագործելով՝ մարդ են բերում հրապարակ, դա ամոթալի է: Ես ամաչում եմ իր համար»:

Արփի Դավոյան

«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանն Aravot.am-ի հետ զրույցում Մարուքյանի ամոթանքին այսպես պատասխանեց. «Մենք վարչական ռեսուրս չենք կիրառել: Հրապարակում մարդկանց ներկայությունը վկայում է այն մասին, որ այնտեղ վարչական ռեսուրս չի կիրառվել, որովհետեւ այնտեղի մարդկանց վերաբերմունքը, արձագանքները եւ այդ ամբողջ էներգետիկան, որը կար Հանրապետության հրապարակում, որեւէ կերպ չի կարող հաստատել, թե մենք կիրառել ենք վարչական լծակ, որովհետեւ մենք բազմիցս տեսել ենք, թե հրապարակ ստիպողաբար բերած մարդիկ ինչպիսի վարքագիծ են դրսեւորել»:

Մեր դիտարկմանը, որ ավտոբուսներով մարդիկ եք բերել ու դա հաստատում են ոչ միայն ձայնագրությունները, նաեւ իշխանականներն են հաստատում՝ Արփի Դավոյանը արձագանքեց. «Իսկ ովքե՞ր են եկել ավտոբուսներով: ՔՊ համակիրները ի՞նչ կապ ունեն վարչական ռեսուրսի հետ: Եթե ՔՊ համակիրներն են, ինչպես ուզել, այնպես եկել են, ինչպես հարմար են գտել, այնպես էլ եկել են: ՔՊ համակիրները մեր կուսակցական ընկերներն են»:

Թագուհի Թովմասյան

Մեզ հետ զրույցում պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ հրապարակում չի եղել ու չի կարող Դավոյանի նկարագրած էներգետիկան իր ընկալմամբ մեկնաբանել, բայց իր համար շարունակում է մնալ մերժելի, որ մարդկանց գլխաքանակով են վերաբերվում. «Իրենց խնդիրն է ոչ թե այնտեղ նրանց որպես մարդ վերաբերվելն է, այլ՝ թե ինչքան գլուխ կա այնտեղ կանգնած ու ինչքանով են այդ գլուխներն իրենց սատարում: Ոչինչ, որ այդ գլուխները երբեմն խոնարհված էին կամ երբեմն կարող են իրենց մասին վատ կարծիք ունենալ, ամեն ինչ չէ, որ առաջին գծում կանգնածների նման ողջունում էին, բայց դա չի նկատվում, ստվերվում է դըմփ-դըմփ-հու-ի հնչյունների տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031