Լրահոս
Օրվա լրահոսը

«4500 արցախցի երեխա սովորում է Հայաստանում». Արցախի ԿԳՄՍ նախարար

Մարտ 03,2021 16:10

Վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանի գլխավորությամբ պատվիրակություն էր այցելել Արցախ, եւ նրանց ընդունել էր Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Aravot.am-ը տիկին Ղարախանյանից հետաքրքվեց, թե հանդիպման ժամանակ ի”նչ հարցեր են քննարկվել:

«Շատ արդյունավետ հանդիպում էր: Մենք երկու դաշտերում ենք աշխատում. Արցախի տեղահանված աշակերտությունը Հայաստանի դպրոցներում է, մարզերում, մայրաքաղաքում, եւ բոլոր կրթական հարցերը, որոնք ծառացել են պատերազմից հետո, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լուծել է, չկա այնպիսի հարց, որ դրված լիներ նախարարության առաջ եւ մնար առանց լուծման»,- նշեց Լուսինե Ղարախանյանը` այդ առումով իր գոհունակությունը հայտնելով:

Ապա հավելեց. «Հանդիպումը նպատակաուղղված է եղել մեր հետագա անելիքներին: Օրակարգում էր նաեւ առցանց ուսուցմանն աջակից լինելու, բնագիտության լաբորատորիաների տեղադրելու՝ պետպատվերի տեղերի եւ այլ թեմաների հետ կապված հարցեր են քննարկվել»: Նախարարը մանրամասնեց, որ ի թիվս այլոց, նաեւ նախարարի սպորտի, մշակույթի գծով տեղակալներն են եղել, գիտության կոմիտեի ղեկավարը, եւ բոլոր այն հարցերը, որ կուտակված են եղել, քննարկվել են:

Լուսինե Ղարախանյանը հստակեցրեց, որ իրավական եւ օրենսդրական առումով Հայաստանն ու Արցախը նույն դաշտում են աշխատում, ու փաստեց, որ պատերազմից հետո 12000-ից ավելի երեխա էր սովորում, իսկ այժմ ավելի քան 4500-ը սովորում է Հայաստանում:

«Հայաստանի բոլոր դպրոցները շատ լավ հյուրընկալել են արցախցի դպրոցականներին, այդ թվում` մասնավոր, վճարովի դպրոցները… «ԱՅԲ»-ը, Սլավոնական համալսարանի դպրոցը, Անանիա Շիրակացի ճեմարանը, բոլորն էլ անվճար իրենց դռները բացել են Արցախի աշակերտության առաջ»,-ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության եւ Արցախի դպրոցների տնօրենների միջեւ՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ հանդիպմանը, որ կայացել էր Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան հ.1 դպրոցում, ՀՅԴ-ական երիտասարդները պարզաբանում էին պահանջել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանից՝ նժդեհական գաղափարախոսությունը ֆաշիստական որակելու համար: Տնօրենների հետ հանդիպման ժամանակ հականժդեհական հայտարարության հետ կապված փոխնախարարին հարց էին ուղղել նաեւ արցախցի մանկավարժները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Արցախի դպրոցականների սովորելը Երևանի մասնավոր դպրոցներերում միայն պատիվ է բերում այդ հաստատությանը ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031