Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կորոնավիրուս տարած քաղաքացիների 10 %-ն ունի երկարատեւ Covid. Գիտնականները կուսումնասիրեն՝ ի՞նչ է դա. Արա Դարզի

Մարտ 31,2021 23:45

 «Ցավալի է, բայց մինչեւ համավարակը միջազգային համայնքը, կառավարությունները, առողջապահության նախարարությունները անհրաժեշտ կարեւորություն չեն տվել համավարակների թեմային: Մենք պատրաստ չէինք այս մարտահրավերին»,-այսօր Futures Studio-ի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վեբինարի թեման էր՝ «Առերեսվելով համաշխարհային վախին․մեկ տարի անց»:

Նախարարն ասաց, որ Հայաստանում համավարակի 3-րդ ալիքն է՝ հույս հայտնելով, որ մինչ հաջորդ ալիքն արդեն կխոսեն պատվաստման մասին եւ ավելի լավ պատրաստված կլինեն գալիք շրջանին. «Հայաստանն ամեն ինչ անում է, բոլոր մակարդակներում աշխատում է, որպեսզի կարողանան ապահովել պատվաստումը բնակչության համար»:

Նրա խոսքով, առաջին խմբաքանակը երկու օր առաջ ժամանել է Հայաստան եւ երկու-երեք օրից պատրաստ կլինեն ընդլայնել պատվաստման մասշտաբները: Նախարարը պատվաստումը համարեց կորոնավիրուսի մարտահրավերը հաղթահարելու հիմնական միջոցը. «Մարդիկ հոգնել են կարանտիններից, մեկուսացումից, դիմակներից եւ բոլոր այն միջոցառումներից ու պահանջներից, որոնք որ կան, եւ բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որպեսզի կարողանանք ներկրել հնարավորինս մեծ քանակով պատվաստանյութ եւ ապահովել բնակչության հնարավորինս մեծ ծածկույթ՝ որակյալ պատվաստանյութով»:

Նախարարն ասաց, որ ինչպես աշխարհի որոշ երկրներում՝ Հայաստանում էլ սպասում են հակապատվաստումային շարժման, ինչը
լուրջ մարտահրավեր է առողջապահության նախարարության համար: Նրա խոսքով իրազեկման արշավներ են տանելու, որպեսզի չհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ ունենանք պատվաստանյութ, բայց չունենանք բնակչություն, որը կցանկանա պատվաստվել:

«Flagship Pioneering» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, դոկտոր Նուբար Աֆեյանն ասաց, որ պետք է հնարավորինս արագ վերջ
դնեն այդ փորձարկումներին, որպեսզի հնարավորինս շուտ վերջ դրվի այս համավարակին:

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համանախագահ, վիրաբույժ, պրոֆեսոր Լորդ Արա Դարզին նկատեց՝ կարանտիններն ունեցան որոշակի տնտեսական հետեւանքներ, բայց դրանք ունեցան հստակ ազդեցություն: Նրա խոսքով՝ Բրազիլիայի իշխանությունների անգործության հետեւանքով, սակայն վերջին 24 ժամերի ընթացքում Բրազիլիայի մահերի 25 տոկոսը եղել են կորոնավիրուսից:

Արա Դարզին նաեւ հայտնեց, որ դեքսամետազոն դեղամիջոցը հազարավոր մահեր կրճատել է Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում: Ըստ նրա, ինտենսիվ թերապիայի դեպքում մահվան դեպքերը կրճատվում են: Նա էլ այն կարծիքին է, որ պատվաստանյութը կարող է փրկել
հազարավոր կյանքեր, բայց իրենից լուրջ վտանգ է ներկայացնում պատվաստանյութային ազգայնականությունը: Արա Դարզիի խոսքով, կորոնավիրուսի մուտացիաները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան մարդկային իմունային համակարգն ադապտացվում է: Նա դեմ է բնակչության միայն մի մասին պատվաստելուն, կարծում է՝ չաշխատող տարբերակ է եւ այդ դեպքում համավարակը կդառնա մեր առջեւ ծառացած լուրջ խնդիր:

«Պետք է մտածել համընդհանուր պատվաստման մասին»,-ասաց Արա Դարզին՝ նշելով, որ կորոնավիրուս տարած քաղաքացիների տասը
տոկոսն ունի, այսպես ասած, երկարատեւ Covid, որը նոր երեւույթ է եւ գիտնականները պետք է ուսումնասիրեն՝ ինչ երեւույթ է: Քննարկմանը մասնակից Առողջապահության համաշխարհային կազմակերպության Covid-19-ի գծով հատուկ հանձնակատար Դեյվիդ Նաբարրոն ասաց՝ ունենք վիրուս, ունենք վիրուսի տարբեր շտամներ, վիրուսի մուտացիաներ, ունենք պատվաստանյութ, որն աշխատում է կոնկրետ շտամի վրա, որը պետք է համապատասխանեցվի արդեն փոփոխվող շտամներին: Ըստ նրա, կամ էլ պետք է ստեղծել նոր
պատվաստանյութ, որը կազդի վիրուսի բոլոր տարբերակների վրա:

Առողջապահության նախկին նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի կարծիքով, բնականոն իրավիճակին շուտ չենք վերադառնալու, բայց, ըստ նրա, բոլոր ջանքերը պետք է գործադրել, որ վերադառնանք նորմալ կյանքին: Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն երկու անգամ պատվաստվել է եւ գտնում է, որ պատվաստումը կյանքը փրկող միջամտություն էր. «Ես բոլոր ջանքերը գործադրելու եմ, որպեսզի Հայաստանում ունենանք պատվաստված հնարավորինս մեծ թվով անձինք»:

«Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր եւ կառավարման խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կարծիքով, մարդկանց մեծ մասը պատրաստ չէր այս ճգնաժամին՝ ո՛չ ֆիզիկապես ո՛չ էլ հոգեպես եւ այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցան:

Ռուբեն Վարդանյանը համոզված է, որ համավարակից հետո խնդիր է լինելու բնականոն կյանքին վերադառնալը, քանի որ մարդիկ պետք է ընդունեն նոր իրողությունը: Նրա խոսքով, այս վիրուսը բերել է նաեւ ազգային մեկուսացման՝ սահմաններ են փակվել, ազգերը մեկուսացել են մեկը մյուսից: Ռուբեն Վարդանյանն էլ վտանգ տեսնում է, երբ բնակչության մի մասը պատվաստվի մյուս մասը՝ ոչ: Ըստ նրա պատվաստանյութը կարող է դառնալ նաեւ քաղաքական շահարկումների թեմա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031