Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է սա լինի Փաշինյանի կողմից Պուտինին ցտեսություն ասելու հանդիպում. Կիրո Մանոյան

Ապրիլ 06,2021 14:43

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով, հատկապես նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո բավականին հակասական հայտարարություններ են եղել՝ մի կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության, մյուս կողմից վարչապետի գրասենյակի ու իշխանության այլ ներկայացուցիչների հայտարարությունների միջեւ: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում պարոն Մանոյանն անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությանը, այն է՝ շտկումներ պետք է անեն Թուրքիայի հետ հարաբերություններում, ասաց՝ չնայած ԱԳՆ-ն ասաց, որ նման բանից իրենք տեղյակ չեն, բայց չի բացառվում, որ այդպիսի գործընթաց կա: Կիրո Մանոյանը հիշեցնելով 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների շուրջ տեղի ունեցող գործընթացները, ասաց, որ այսօր էլ նույնն է, ուղղակի որոշ գործընթացներ տեսանելի չեն: Ըստ նրա, եթե արտգործնախարարությունն ասում է, որ ինքը տեղյակ չէ, դա էլ մի ապացույց է, որ այսօրվա իշխանություններն իրենց սպառել են:

Կիրո Մանոյանը համամիտ չէր, որ միջնորդ պետությունները անտարբեր են գերիների վերադարձման հարցում, նրա խոսքով՝ մյուս երկու պետությունները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, ակտիվություն ցույց չեն տալիս մարդասիրական եւ խաղաղապահ հարցերում՝ ի տարբերություն Ռուսաստանի, բայց նրանք իրենց դերակատարությունը տեսնում են հարցի կարգավորման մեջ. «Այդ երկու պետությունների օրենսդիրները բավական հստակ իրենց տեսակետները հայտնել են»:

Ասաց, որ իրենց տեղեկություններով, Ադրբեջանում շուրջ 200 գերի կա: Հարցին՝ ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից, պատասխանեց՝ կարող է սա լինի Փաշինյանի կողմից Պուտինին ցտեսություն ասելու հանդիպում, եթե իր նշած արտահերթ ընտրությունները տեղի ունենան: Նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ մինչեւ այսօր Ռուսաստանն այս իշխանություններին հանդուրժում էր, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, որոնք ոչ բոլորն են հայանպաստ՝ իրագործվեն:

Նրա կարծիքով, Ռուսաստանն Ադրբեջանի հետ դեռ իր խնդիրները չի լուծել. «Ադրբեջանի տեսանկյունից՝ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանում, սակայն Ռուսաստան եւ Ադրբեջան չկա հստակ համաձայնագիր, փաստաթուղթ՝ այդ խաղաղապահներն ինչ կարգավիճակ, ինչ լիազորություններ ունեն: Ռուսաստանը մինչեւ այդ հարցը չլուծի՝ չի ուզենա կարգավորման այլ քայլերի դիմի: Բայց եթե հանկարծ Ադրբեջանը Թուրքիայի հետ գնա արկածախնդրության եւ այլ քայլեր ձեռնարկի՝ օրակարգի այլ փոփոխության կբերի»:

Անդրադառնալով Պուտինի հետ ենթակառուցվածքների հարցի քննարկմանը, որը նույնպես ամրագրված է եռակողմ համաձայնագրով, ասաց, որ մինչեւ համաձայնագրի 9-րդ կետը, կա ութերորդը՝ գերիների հարցի վերադարձը, որը Ադրբեջանը հանձնառու է եղել եւ չի իրականացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930