Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման հեռանկարնե՞ր, թե՞ թուրքական թակարդ

Ապրիլ 10,2021 14:30

Ներկայումս մեզ հրամցնում են այն տեսակետը, թե տարածաշրջանային հաղորդակցությունների, հատկապես երկաթուղիների ապաշրջափակումը հավասարապես ձեռնտու կլինի Ադրբեջանին, Հայաստանին եւ Ռուսաստանին: Իհարկե, Խորհրդային Միության տարիներին ադրբեջանական երկաթուղին Սոցիալիստական Հայաստանի համար հսկայական դերակատարում ուներ` սպասարկելով բեռնափոխադրումների շուրջ 80%-ը: Արդյունաբերական Հայաստանը հումքահանքային խոշոր բեռնափոխադրումներ էր իրականացնում հենց ադրբեջանական երկաթգծով, որը Արցախյան հիմնախնդրի բարձրաձայնմանը զուգահեռ դադարեց գործելուց եւ մեր երկիրն առավ տրանսպորտային շրջափակման մեջ: Սակայն վերջին երեսուն տարիներին Հայաստանի տնտեսությունը ադապտացվեց հարավային երկաթգծի անգործությանը եւ հարց է ծագում, թե մեր երկրին ներկայումս որքանով է շահեկան ադրբեջանական երկաթգծի շահագործումը:

Իհարկե, այն կարդարացվի, եթե ակտիվացվեն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, Հայաստանում հիմնվեն հայ-ռուսական համատեղ արդյունաբերական ձեռնարկություններ, ռուսական կապիտալը՝ ի հակակշիռ թուրքականի, իր լայնամասշտաբ ներկայությամբ հանդես գա մեր երկրում: Այս դեպքում, արդեն կբազմապատկվեն բեռնափոխադրումները ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Ադրբեջանական երկաթգծի շահագործումը խիստ անհրաժեշտություն կդառնա: Հակառակ դեպքում, Հայաստանին հարավային երկաթգիծը օգուտներ կբերի միայն երկրորդ երկրների կողմից դրանցով բեռնափոխադրումների դիմաց տարանցիկ տուրքերի գանձման առումով: Սակայն արդյո՞ք կապիտուլյացիոն ակտ ստորագրած Հայաստանը ներկայումս իր մեջ ուժ կգտնի պայմանագրային հիմքով պահանջելու տարանցիկ փոխադրումների միջազգային տուրքեր` Արցախյան երկրորդ պատերազմում իրեն հաղթած երկրներից:

Հայաստանյան երկաթուղու շահագործման տակ հիմնականում քողարկված են ոչ թե տնտեսական, այլ պանթուրքիստական նկրտումներ: Ադրբեջանն ու Թուրքիան այսօր չեն էլ թաքցնում, որ ձգտում են ոչ միայն եռակողմ հայտարարությամբ նախանշված տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, այլ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը` ի հակակշիռ Լաչինի միջանցքի: Թուրքիան նպատակ ունի Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսների, մասնավորապես՝ գազի ու նավթի, հենց Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով Եվրոպա մատակարարումը։ Այս հարցում Թուրքիայի հեռահար նպատակների մեջ է մտնում Սյունիքով էներգետիկ նախագծերի իրագործումը, որով Ադրբեջանի տարածքը կկապվի Նախիջեւանի հետ, ինչն էլ ավելի կմեծացնի թուրքական ազդեցության գործոնը։

Եվ քանի որ մինչ օրս Հայաստանի հարավային հատվածով Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա տրանսպորտային եւ էներգետիկ միջանցքների ձեւավորման բանակցությունների արդյունքները գաղտնի են պահվում, ապա ապաշրջափակման հեռանկարը ոչ միայն Հայաստանի համար տեսանելի օգուտներ ու հնարավորություններ չի նշմարում, այլեւ կարող է բազմաթիվ անվտանգային ռիսկեր ի հայտ բերել։ Չէ՞ որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը այդ միջանցքի անվտանգությունը երաշխավորելու միակողմանի պարտավորություն է ստանձնել, հետեւաբար ցանկացած միջադեպ, ավելի ստույգ` սադրանք, որը կխաթարի այդ միջանցքի գործունեությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել որպես ստանձնած պարտավորության խախտում: Հաշվի առնելով տարբեր երկրներում զինված միջամտության եւ այսպես կոչված՝ «բուֆերային» գոտիներ ձեւավորելու Թուրքիայի ախորժակը, վերջինս սեփական նախաձեռնությամբ կարող է որեւէ նպաստավոր առիթ կամ աշխարհաքաղաքական իրավիճակ օգտագործվել՝ Հայաստանի հարավային շրջաններում զինված միջամտության համար:

Ուրեմն հարց է առաջանում. ՀՀ պետական սահմանի հարավային տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը զարգացման հեռանկարներ ունի՞, թե՞ այն պարզապես «թուրքական թակարդ» է մեզ համար: Հարկ ենք համարում նշել, որ գոնե այս անգամ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չպետք է թույլ տա դիվանագիտական սայթաքումներ, այլ հանդես գա ռիսկեր կանխարգելող բանակցային դիրքերից: Այսօր մենք չենք կարող հրաժարվել ապաշրջափակման գործընթացից եւ Մեղրիով տրամադրելու ենք մեր հարեւաններին տարանցիկ ճանապարհ, բայց հնարավորինս պետք է կառավարելի դարձնենք միջանցիկ ճանապարհային ռիսկերը եւ դրանք ամրագրենք պայմանագրերով, այնպես որ, Թուրքիան երբեք հնարավորություն չունենա «բուֆերային գոտու» անվան տակ տարածքային հավակնություններ ունենալ Մեղրիում:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
09.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930