Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայրենակիցների գերությունն օգտագործվում է հակառակորդի կողմից որպես խաղաքարտ». ՀՀ նախագահ

Ապրիլ 16,2021 20:10

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Գեւորգ եկեղեցի այցելությունից, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շրջապատված է 4 հարեւաններով, ինչը նշանակում է, որ պետք է ավելի եռանդուն եւ ակտիվ լինել արտաքին քաղաքականության ոլորտում: Արմեն Սարգսյանի ձեւակերպմամբ, արտաքին քաղաքականությունը պետք է վարվի ամբողջ սպեկտրով՝ գերտերություններից մինչեւ  տարածաշրջանի երկներ, այդ թվում բարեկամ երկրներ, ինչպիսիք Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Վրաստանն են:

Նախագահը նշեց, որ ուրախությամբ է ընդունել Վրաստանի  նախագահի մեկուկես տարի առաջվա հրավերը, որովհետեւ Վրաստանը բարեկամ երկիր է համարվում: «Բարեկամության ծառի համար պետք է հոգ տանես, որպեսզի կարողանաս բարեկամության պտուղներից օգտվել»,-ընդգծեց նա:

Պատասխանելով Թուրքիայի ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով առաջացած վերջին իրողությունների եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ  Aravot.am-ի հարցին, ՀՀ նախագահն ընդգծեց, որ  Սալոմե Զուրաբիշվիլիի հետ քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել տարածաշրջանային իրադարձություններին, ներառյալ պատերազմին. «Ես մանրամասն  Վրաստանի նախագահին, նաեւ մյուս գործընկերների ներկայացրել եմ Հայաստանի տեսակետը…

Իհարկե, երբ խոսում ես տարածաշրջանի մասին եւ  պատերազմի մասին, ձեւ չկա մոռանալու մեր հայրենակիցների ճակատագրի մասին, որոնք այսօր գերության մեջ են, եւ պատանդ են վերցվում: Ցավոք սրտի, իրենց կյանքը եւ գերությունն օգտագործվում է որպես խաղաքարտ՝ հակառակորդի կողմից այս կամ այն նպատակներին ծառայելու համար, ինչն անթույլատրելի է: Նույնիսկ պատերազմող պետությունների մեջ է անթույլատրելի միջազգային բոլոր օրենքներով, զուտ մարդկային իմաստով, սա հակամարդկային քայլ է, եւ իմ դերը որպես նախագահ այս  մասին անընդհատ բարձրաձայնելն է, քանի այդ հարցը չի լուծվել:

Իհարկե, այստեղ գտնվելով, երբ դու խոսում ես այդ մասին, այս մասին լսում է ոչ միայն Վրաստանի նախագահը, ժողովուրդը, այլեւ միջազգային հանրությունը, որ նմանատիպ խնդիր կա»:

ՀՀ նախագահը նշեց, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ խոսել են տարածաշրջանային համագործակցության մասին. «Աշխարհն ընդհանրապես անկայուն եւ անկանխատեսելի է, իսկ մեր տարածաշրջանն՝ առավել եւս: Շատ կարեւոր է, որպեսզի քայլեր արվեն տարածաշրջանում կայունության համար, իսկ  կայունություն մեր տարածաշրջանում առանց Արցախի հարցի արդարացի վերջնական լուծման անհնարին է: Առաջին անգամ չէ, որ վրացական կողմն առաջարկում է հարթակ, որտեղ կողմերը կարող են բանակցել: Ազնիվ առաջարկ է, թեեւ ովքեր եւ ինչի մասին պետք է բանակցեն, ինձ համար դեռեւս պարզ չէ, որովհետեւ միջպետական բանակցության մասին խոսելուց առաջ  նախ եւ առաջ հակառակորդ կողմը պետք է ցույց տա ամենաէլեմենտար մարդկային վերաբերմունք:

Սա առաջին Արցախյան, Կովկասյան պատերազմը չէ: Առաջին պատերազմում հայկական կողմը հաղթանակ տարավ, սակայն, ես համենայն դեպս չեմ հիշում, որ մենք անմարդկային վերաբերմունքն ենք ցույց տվել»:

Նախագահն անդրադարձավ նաեւ պատերազմից հետո Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին. «Հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, հազարավոր երիտասարդներ վիրավոր են, կորցրել են իրենց առողջության մեծ մասը, ինչը հսկայական բեռ է՝ բարոյական, հոգեբանական, ֆիզիկական եւ առողջապահական, ունենք նաեւ տնտեսական դժվարություններ, շրջափակում, քովիդից նույնքան զոհեր ունեցանք, որքան պատերազմում: Երբ  տարածաշրջանային անվտանգության մասին ենք խոսում, դա նաեւ առողջապահական անվտանգությունն է: Դրան գումարվում է քաղաքական, ռազմական անվտանգությունը, տեղեկատվական անվտանգությունը ընդհուպ մինչեւ սննդի անվտանգությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930