Լրահոս
Օրվա լրահոսը

«Համապետական ընտրություններից առաջ ուզում են անցկացնել իրենց ուզած թեկնածուին». Պոլիտեխնիկի ռեկտորի թեկնածու

Ապրիլ 26,2021 17:06

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության շուրջ կրքերը դեռ լարված են, իսկ ռեկտորի թեկնածուներից ոմանք կարծում են, թե մրցույթը պետք է չեղյալ հայտարարվի: Նրանք դեմ են, որ Գոռ Վարդանյանը ռեկտոր դառնա: Ռեկտորի թեկնածուներից Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը փորձում է դատարանի միջոցով վերականգնել արդարությունը:

Aravot.am-ի հետ զրույցում Պոլիտեխնիկի ռեկտորի 6 թեկնածուներից Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանն ասաց. «Դավիթ Ղազարյանը դատական հայց է ներկայացրել ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու եւ ընտրությունների ժամկետները իրավական դաշտում քննարկելու հետ կապված: Նշեմ, որ անհարկի ձգձգվում է դա երկու շաբաթից ավելի: Դատավորը գնացել էր վերապատրաստման: Ես եւ պարոն Բալջյանը (Հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգեւ Բալջյանը-Գ.Հ.) մեր փաստաբանի միջոցով նամակներ էինք ուղղել վարչապետին եւ ԿԳՄՍ նախարարությանը:

Մեր փաստաբանը տեղեկացրել է, որ մեր նամակների պատասխանը եկել է, ըստ որի՝ հարցը դեռ գտնվում է քննարկման փուլում: Այսինքն, պարզաբանումներ են անում մեր մատնանշած խախտումների վերաբերյալ: Խախտումների մի ստվար զանգված վերաբերում էր նախընտրական ընթացքին ու ընտրության ընթացակարգին, իսկ մյուս մասը` անցկացված ընտրությունների ընթացքին:

Ամսի 15-ի խայտառակ նիստի ժամանակ փորձ արվեց կեղծել ընտրության արդյունքները, հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը փորձեց խեղաթյուրել եւ թյուր հաղորդագրություն տվեց, թե կա 3 ստորագրություն արձանագրության տակ: Ընդ որում, պարզվում է, որ այդ 3 ստորագրությունը վերաբերել են ինչ-որ թղթիկի, որի պատճենը մեզ տրամադրել են մեկ ամիս ուշացումով»:

Պարոն Միքայելյանի ձեւակերպմամբ, իրենց տրամադրված արձանագրությունները ծիծաղելի գրառումներ են. «Դրանք անգամ քաղվածքի նման չեն: Դուք շատ լավ գիտեք, թե ինչու ես եւ պարոն Բալջյանը ինքնաբացարկի դիմեցինք` բողոք հայտնելով նախընտրական ընթացքի, ընտրության կարգի հետ կապված: Մեր կարծիքով, այս ամենը հոգաբարձուների խորհրդի կողմից ուղղորդված մի գործընթաց էր, որպեսզի Գոռ Վարդանյանի կեղծ ընտրությունը ներկայացնեն իրավական դաշտում կայացած»:

Հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգեւ Բալջյանը անդրադառնալով շուրջ 15 ժամ տեւող ընտրական գործընթացին, զարմանքով նշեց, ընդամենը 4-5 էջանոց արձանագրություն է կազմվել ու տրամադրվել մեկ ամիս ուշացումով: «Երկու ընտրությունների ժամանակ էլ հայտարարություն ենք տարածել, երկրորդի ժամանակ շուրջ 30 աշխատակիցներ են ստորագրել` ներկայացվել է մեր բողոքը ընտրությունը հետաձգելու հետ կապված, սակայն արձանագրությունների մեջ մեր 4 թեկնածուների քննադատական խոսքից ոչ մի բառ այնտեղ ասված չէ»,-նշեց պարոն Բալջյանը:

«Մեզ սկզբում թարմ տեղեկություններ էր հասնում, որ ԿԳՄՍ նախարարությունը մերժել է հարցը, սակայն 40 օր ձգձգումներից հետո լուրեր ենք ստանում, որ կառավարությունը որոշել է այս հինգշաբթի դրական լուծում տալ հարցին»,-ասաց մեր զրուցակիցը:

Պարոն Բալջյանի բնորոշմամբ, Պոլիտեխնիկում թայֆայական մեթոդներով են աշխատում. «Դրանից լավ էլ ի՞նչ ցուցանիշ պետք է լիներ, երբ 16 մարդ միաձայն նույն մարդուն է ձայն տալիս»: Նա ասաց, որ շատ խիստ ձեւակերպումներով նամակներ են հղել հոգաբարձուների խորհրդի նախագահին եւ անդամներին:

Արամ Միքայելյանը փաստում է, որ դատաիրավական համակարգում «փաստաթուղթ սարքելու» արատավոր պրակտիկա կա, ինչն իր տպավորությամբ արվում է նաեւ Պոլիտեխնիկի պարագայում. «Իմ եւ գործընկերներիս մոտ արդեն հաստատագրված կարծիք է ձեւավորվել, որ հարցի տեւական ձգձգումն օգտագործեցին արձանագրություն «նկարելու» համար, այդպիսով փորձ անելով ընտրության արդյունքներ կեղծել, ինչը քրեական հետապնդման առարկա է: Լրագրողներին հայտնել էին, թե 3 ստորագրություն է եղել, մինչդեռ արձանագրությունում 2-ն էր: Ընդ որում, քվեաթերթիկների հաշվարկման ամփոփման օրինակելի ձեւ գոյություն ունի: Չե՞ն ուզում պարզել, թե ինչու է մի տեղ 3, մեկ այլ տեղ 2 ստորագրություն:

Ես չեմ ուզում քաղաքականացնել հարցը, բայց իրավունք ունեմ ասելու, որ համապետական ընտրություններից առաջ փորձ է արվում է ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել ու այս միջոցով են անցկացնում իրենց ուզած թեկնածուին: «Փակագծեր» չեմ բացի, «փակագծերը» ժամանակը կբացի` դրանք քաղաքակա՞ն պայմանավորվածություններ են, թե՞ իրավական լուծում է տրվելու հարցին»:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը նշեց, որ 60 տարի աշխատել է Պոլիտեխնիկում, սակայն նրա դիմումը չէին ձեւակերպել ինչ-ինչ պատճառաբանություններով, երբ կարող էին թերի տվյալները լրացնել կադրերի բաժնի հետ ճշտելով: Ինչ վերաբերվում է ուսանողական խորհրդին, այնտեղ ներգրավված ուսանողներն իր ձեւակերպմամբ, մակարդակ չունեն: «Ինձ`60 տարվա աշխատողին իրավունք չտվեցին հարց հնչեցնելու, ուզում էի ընդամենը որեւէ օրենք հարցնել, հաստատ չէին իմանալու, որովհետեւ ուսխորհրդում եղածները ուսանող չեն, ուղղակի գրանցված են որպես ուսանող, նրանց բոլորին գիտեմ, դրա համար էլ փողոցից եկածին ուզում են ռեկտոր դարձնել»,-ասում է Էդուարդ Մանուկյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները պատրաստ են գնալ մինչեւ վերջ: «Նաեւ այնպես ենք անելու, որ Գոռ Վարդանյան թեկնածուի գիտակրթական որակը հանրորեն քննարկման առարկա դառնա»,-ասաց Արամ Միքայելյանը:

 Թեմայի վերաբերյալ այլ կարծիքներ` առաջիկայում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930