Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար յուրայինների մեջ, օտար… օտարների մեջ

Ապրիլ 30,2021 21:52

Ս․թ․ ապրիլի 22-ին «Ռուսաստանն այսօր» (RTD) հեռուստաալիքով հեռարձակվել է «Փոփոխությունների գինը․ պոպուլիզմն ու պայքարը իշխանության համար» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Հայաստանում 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությանն ու դրան հետևած ողբերգական դեպքերին։ Բացարձակապես միտք չունեմ ֆիլմը վերլուծելու օբյեկտիվության տեսանկյունից։ Ուղղակի ուզում եմ անդրադառնալ ֆիլմում կարծիք հայտնող Նարեկ Մալյան անուն ազգանունով «հերոսին»։  Սույն անձը, ժամանակին լինելով Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի օգնականը, ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով հեռացել էր համակարգից (Նարեկ Մալյանի հետ ծանոթացել եմ այդ ժամանակ, երբ նա այցելեց մեր գրասենյակ և շատ հետաքրքիր բաներ պատմեց), բայց հետո հաշտվել և դարձել արդեն ՀՀ Ոստիկանության ծառայության պետ, նույն Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը։

Այնուհետև, 2018թ․ իշխանափոխությունից հետո, հանկարծ ակտիվացավ, ստեղծեց «Վետօ» կոչված շարժումը և սկսեց հետևողական պայքարն ընդդեմ Հայաստանում «գործակալական ցանցի», հիմնական թիրախ դարձնելով Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան  (ԲՀՀ), կամ ինչպես ընդունված է ասել Սորոսի հիմնադրամը։

Իր գրասենյակի պատին նա փակցրել է, իր համոզմամբ Հայաստանի գործակալական ցանցի անդամների, նկատի ունենալով Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող անձանց նկարները։ Վերոնշյալ ֆիլմում, դեմքի խելոք, ամեն ինչից քաջատեղյակ Նարեկ Մալյանը ցուցադրելով նկարները, նրանց բոլորին անվանում է օտարերկրյա գործակալներ։ Եվ այդ նկարներում հայտնաբերեցի նաև իմ և մեր գրասենյակի աշխատողներ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի և Մարիամ Վարդանյանի նկարները։

Անկեղծ ասած, նախկինում էլ լսել էի, որ իմ  նկարը փակցված է Նարեկ Մալյանի գրասենյակի պատին, բայց որոշել էի չարձագանքել և զուր, անիմաստ բանավեճի մեջ չմտնել, մանավանդ որ շատերի կողմից այն կընկալվեր, որպես իմ կողմից արդարացում։ Սակայն վերոնշյալ ֆիլմում  արդեն, իմ, որպես «գործակալ» պիտակավորումը միջազգայնացվեց և այլևս լռել չեմ կարող։

1 ․ Ուշադիր նայելով Նարեկ Մալյանի պատին փակցված «գործակալների» նկարները, պարզվում է պարոն «գործակալաբացահայտողը» չգիտես ինչու «մոռացել» է փակցնել նաև այլ, այսօր իր շատ մտերիմ գործիչների նկարները , ովքեր նույնպես ժամանակին դրամաշնորհներ են ստացել Սորոսի հիմնադրամից։ Այսինքն՝ ըստ Նարեկ Մալյանի, կան լավ ու վատ գործակալներ։

2 . Այո, իմ կողմից ղեկավարված «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել Սորոսի հիմնադրամից։ Այժմ չեմ ցանկանա ընթերցողին ներկայացնել մեր կազմակերպության կողմից իրականացված և այժմ էլ իրականացվող իրավապաշտպանական գործունեությունը։ Ցանկացողները կարող են մանրամասն ծանոթանալ կազմակերպության կայքից (armhels.com): Եթե պարոն Մալյանը կասկածում է մեր գործունեության թափանցիկության վրա, կարող է հրավիրել անցկացնելու և՛ բովանդակային, և՛ ֆինանսական աուդիտ։

3 ․ Ինչպես մինչ 2018թ․,  այնպես էլ դրանից հետո ես և մեր կազմակերպությունը հետևողականորեն փորձել ենք  արձագանքել Հայաստանում մարդու իրավունքների խախտումներին, այդ թվում իշխանությունների կողմից իրականացվող խոշտանգումներին, խաղաղ հավաքների իրավունքին, աշխատանքային և այլ իրավունքներին։ Իսկ 2018թ․ հետո, ավելին, անձամբ արձագանքել և շարունակում եմ արձագանքել իշխանությունների կողմից կատարվող բոլոր անօրինականություններին։ Այստեղ պետք է անկեղծ լինեմ․ զարմանալիորեն, մինչ 2018թ․ քաղ․ հասարակության իմ շատ գործընկերներ, չգիտես ինչու չտեսնելու էին տալիս նոր իշխանությունների կողմից կատարվող բազմապիսի անօրինականությունները և համոզված եմ, որ իմ դիրքորոշման պատճառով էլ մեր նախկին ջերմ հարաբերությունները, կարելի է ասել վերջնականորեն սառեցին։

4 . Բացի մարդու իրավունքներից, ինձ համար սկզբունքային է եղել Արցախի հիմնահարցը։ Եվ տարբեր տեղական, միջազգային հանդիպումներում կռիվ եմ տվել Արցախի ոչ Ադրբեջանի կազմում լինելու համար։ Եվ ներկա իշխանություններին ես երբեք չեմ  ների արցախյան պատերազմի պարտության համար։ Բայց ինչ-որ չեմ հիշում, որ Նարեկ Մալյանը երբևէ կարծիք հայտնած լիներ Արցախի հարցով։

5 . Երբ Նարեկ Մալյանը ինքնավստահ խոսում է 2018թ․ հեղափոխության մասին, որպես գործակալական ցանցի կողմից իրականացված, չգիտես ինչու «մոռանում» է, որ նույն 2018թ․ ապրիլին, երբ հեղափոխականները ներխուժեցին հատուկ պահպանվող պետական Ռադիոյի շենք և ջարդուփշուր արեցին Ռադիոտան դռները, իր հարազատ ոստիկանությունը, որտեղ աշխատում էր ինքը՝ Նարեկ Մալյանը, մատը մատին չխփեց։ Հարց․ Ի՞նչ կպատահեր հեղափոխության հետ, եթե օրենքին համապատասխան հեղափոխականները ձերբակալվեին։ Պատասխան․ Հեղափոխությունը օրորոցի մեջ կմեռներ։

Արդյո՞ք ոստիկանությունը նույնպես մաս էր կազմում գործակալական ցանցի։

Միքայել Մինասյանը հրապարակեց Արարատ Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստաթուղթ։ Փաստորեն ԱԱԾ-ն նույնպես գործակալական ցանցի մաս էր կազմում։ Հը՞ պարոն Մալյան։

6 ․ Հետաքրքրական է, որ ինչպես իմ նախկին քաղ․ հասարակության գործընկերներն, այնպես էլ այսօրվա «քաղ․ հասարակության ներկայացուցիչ» Նարեկ Մալյանը համոզված են, որ ցանկացած մարդու տեսակետ, կախված է ֆինանսավորման աղբյուրից։ Ինձ հավաստի տեղեկություններ են հասել, որ իմ նախկին գործընկերները համոզված են, որ ես ֆինանսավորվում եմ «նախկինների» կողմից։ Նույն կերպ է մտածում նաև Նարեկ Մալյանը․ եթե «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» դրամաշնորհներ է ստանում Սորոսի կողմից, իսկ Սորոսը․․․ուստի Ավետիք Իշխանյանը գործակալ է։ Այս մարդիկ չեն պատկերացնում, որ մարդը կարող է պարզապես սկզբունքային լինել։

Իսկ ի՞նչ ֆինանսավորում է ստանում «Վետօ» շարժումը։ Թե՞ Նարեկ Մալյանն աշխատում է զուտ էնտուզիազմով և ծախսում սեփական քրտինքով աշխատած փողերը։ Կարո՞ղ եմ ենթադրել, ըստ իր իսկ տրամաբանության, որ նա նույնպես գործակալ է։

7 . Անկեղծ ասած, հաղորդումը դիտելուց հետո, մտքովս անցավ Նարեկ Մալյանին դատի տալ զրպարտության համար։ Հետո տեղեկացա, որ նույն հարցով այլ գործիչներ նույնպես նրան դատի են տվել։ Ծանոթանալով անուններին,առայժմ չցանկացա նրանցից ոմանց հետ լինել նույն ցանկում։ Հետո Նարեկ Մալյանի ծանոթներից մեկի միջոցով առաջարկեցի հրապարակային ներողություն խնդրել։ Եվ․․․լռություն։ Երբեք չսիրելով արդարանալ, ստիպված գրեցի այս հոդվածը։

Վերջաբան․

2018թ․ հեղափոխությունից հետո, փաստորեն ես հայտնվել եմ մի իրավիճակում, որ բնութագրվում է․ օտար յուրայինների մեջ, օտար․․․օտարների մեջ։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոն Իշխանյան, Ձեր ցասումը հասկնալի է:

    Ամէն դէպքում, ոչ ճիշդ, ոչ էլ արդար է՝ միեւնոյն տոպրակին մէջ տեղադրելը, բոլոր այն հայերը որոնք ԲՀՀից դրամանորհներ են ստացել, անցած քսան-երկու տարիների ընթացքին:

    Սակայն թոյլ տուէք որ մի բան յանձնեմ Ձեր յարգելի ուշադրութեան:

    Ձեր պարագային՝ պատրաստ եմ ընդունելու որ վստահաբար աշխարհի լաւագոյն միտումներով, ամենաազնիւ նպատակներով, մաքրամաքուր կերպով, Հայաստանում ծաւալած էք կառուցողական գործունէութիւնը:

    Սակայն հաճեցէք քննարկել գոնէ այդ կարելիութիւնը որ, Ձեր կամքից անկախ, Ձեր այդ գործունէութիւնը օգտակար հանդիսացած է, այժմու վարչակարգի գոյացման գործընթացին: Օգտակար ազդակ մը եղած է, այս վարչակարգի ստեղծումին առնչութեամբ:

    Գիտէք ինչ կ’ասեն, լաւագոյն միտումների եւ դժոխքի ճանապարհին մասին…

    Սակայն դեռ աւելի մասնայատուկ կերպով խօսինք:

    Մի քանի ամիսներէ ի վեր, ծայրագոյն Աղէտը իրականութիւն դառնալէ ետք, այո, շատ ջինջ ու յստակ դարձաւ Ձեր կեցուածքը, այժմու վարչակարգի համակիրների նկատմամբ: Որոնց կարգին են, սակայն՝ բազմաթիւ անձեր, որոնք Ձեր կազմակերպութեան նման կառոյցների ընդմէջէն, երկար տարիներ, մասնակցեցան այն գործընթացին, որու շնորհիւ այժմու վարչակարգը գոյացաւ:

    Այն անձերուն մէջ կան ոմանք, որոնց այժմու լռութիւնը – եւ դեռ նոյնիսկ աւելին, ջատագովումը՝ այս վարչակարգի ամենաակնյայտ սայթագումներին – , Դուք եւս, անխնայ դատապարտում էք հիմա: Մինչ նրանց այդ վարքագիծը, այս պահին այլեւս, նուազագոյնը ասելու համար՝ խիստ կասկածելի է, Արտաքին ուժերի ծառայելու տեսակէտից…

    Սակայն երբ որ այդ Մալյանը ներքաղաքական «ճակատ բացաւ», հէնց այդ անձերուն դէմ, Դուք որոշեցիք այդ պայքարին մէջ մտնել, եւ կանգնիլ՝ այդ անձերի կողքին: Օրինակի համար, իրենց հետ էիք նարտի կամ ճատրակ խաղում, չէ՞, Մալյանի հակա-սորոսական ցոյցի մը ընթացքին, ԲՀՀի գրասենեակին առջեւ…

    Հիմա, այդտեղ, Դուք փաստօրէն պաշտպանում էիք ոչ թէ – կամ միայն – Ձեր անկեղծ իրաւապաշտպանի հալալ գործունէութիւնը, այլ՝ լրի՛ւ ԲՀՀ-ն, եւ բոլոր նրանք որոնք գործում են նրա հովանիին ներքոյ:

    Իսկ Դուք լրջօրէն, համոզուած էք որ ԲՀՀ-ն, ոչ մէկ քաղաքական օրակարգ չունի՞… Համաշխարհային տարողութեամբ, դաւանանքի համազօր՝ քաղաքական գաղափարաբանութիւն, որ սրսկում այլազան երկիրների մէջ – ներառեալ, ի դէպ, որոշ արեւմտեան երկիրներում – :

    Լաւ, 2018-էն ետք, Հայաստանի մէջ, դեռ ինչո՞ւ – այդ աստիճան – պաշտպանում էիք այդ Կազմակերպութիւնը: Կարող էիք պարզապէս բան չանել ու չասել: Ինչպէս որ բիւրաւոր այլ անձեր, որոնք իրենք ալ տարիներէ ի վեր դրամաշնորհներ կը ստանան նրանից:

    Ուրեմն, Դուք է որ դիրք բռնեցիք, ներքաղաքական այդ յատուկ պայքարին մէջ: Որու հետեւանքն է այդ ֆիլմը. զորս չեմ տեսել ու չեմ ալ տեսնելու, քանզի վստահ եմ որ նրա բովանդակութեան որոշ տոկոս մը միայն ճշգրիտ է, իսկ մնացեալը… ներքաղաքական հնարքներ են:

    Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա
    https://haytougchamlian.blog/
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930