Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր. «Բուլգակովին հետմահու պատասխանատվության ենթարկելով, դատավորի լիազորությունները կասեցնելով՝ հաջողության չեն հասնելու»

Մայիս 05,2021 13:30 Share

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Այս օրերին առանձին դատավորների նկատմամբ կատարվում են առերեւույթ հետապնդուներ, որն ամենեւին չի խոսում ՀՀ սահմանադրության նշված հոդվածի հարգման մասին:

«Այսուհետ յուրաքանչյուր դատավոր մենակ է՝ իր իրավունքների համար պայքարում: Մենակ է՝ դիմակայելու օրեցօր ավելացող ճնշումներին, մարտահրավերներին, որովհետեւ մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվեց օրենսդիր մարմնի իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվեց սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի: Մի հանգամանք, սակայն, հաշվի չեն առել: Դատավորներից յուրաքանչյուրը իրավունքի ինքնուրույն սուբյեկտ է, անհատականություն, ով զգացել է անկախության շունչը եւ յուրացրել մի պարզ ճշմարտություն. ինքն է պատասխանատու իր յուրաքանչյուր որոշման համար: Հետեւաբար, Բուլգակովին հետմահու պատասխանատվության ենթարկելով, դատավորի լիազորությունները բաղձալի հրաժարականի մտադրությամբ կասեցնելով՝ հաջողության չեն հասնելու: Անվերապահ աջակցում եմ իմ գործընկերներին՝ դատավորներ Ռուբեն Վարդազարյանին եւ Ալեքսանդր Ազարյանին»: Այս գրառումն իր ՖԲ էջում հանրայնացրել էր 2002թ. սեպտեմբերից դատավոր Կարինե Պետրոսյանը: Նրա գրառումն էլ առիթ դարձավ մի անգամ եւս անդրադառնալու դատական համակարգում ներկայումս շարունակվող խնդիրներին:

Ռուբեն Վարդազարյան

Ընթերցողին հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել՝ մինչեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Միաժամանակ կասեցվել է նրա` Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ (նախագահ) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները:

Ըստ հաղորդման՝ Ռ. Վարդազարյանը զանգել է դատավորին` ասելով, թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք:

Շրջանառվում է այն, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության:

Ալեքսանդր Ազարյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի դեմ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել նույնպես առանց ԲԴԽ համաձայնության, ինչը օրենքի խախտում էր։ Գործի հարուցման մասին այս տարվա փետրվարի 18-ին հայտարարել էր դատավորի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Ռուբեն Վարդազարյանը դիմել է դատարան: Պահանջում է վերացնել քրեական գործ հարուցելու եւ իրեն մեղադրանք առաջադրելու ապօրինի որոշումները:

Դավիթ Գրիգորյան

Մեկ այլ դատավորի նկատմամբ էլ առկա է տարօրինակ վարույթ: Խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթն է: Նա էլ հարցազրույցում դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործերից մեկով իբրեւ թե կարծիք է հայտնել։ Սա այն դեպքում, երբ դատավորը հրաժարվել է կարծիք հայտնելուց՝ նշելով, որ իրավունք չունի կարծիք հայտնել:

«Առավոտի» տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երկու շաբաթով արձակուրդ է գնացել:

Դատավորը հաստատեց մեր այդ լուրը: Զուգահեռ նա դիմել է Սահմանադրական դատարան`սահմանադրական օրենքի 80 հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական ճանաչելու դիմումով:

Նշեմ, որ նա այս տարվա փետրվարի 19-ին դիմել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ դադարեցված հայտարարել Ջհանգիրյանի լիազորությունները: Ըստ Կ. Պետրոսյանի, համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` դատավորի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են նաեւ, եթե լրացել է նրա 65 տարին:

Արման Հովհաննիսյան

Որեւէ պատասխան, մերժում այս մասին էլ չէր ստացել: Նա դիմել էր ՀՀ վարչական դատարան, պահանջով` «ՀՀ դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով դատական իշխանության պաշտոնական կայքում «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն տարածելուն պարտավորեցնելը»։

Հայցի ապահովման միջոց էր խնդրել կիրառել. միջնորդել էր ժամանակավորապես արգելել Ջհանգիրյանի լիազորությունների կատարումը մինչեւ դատական ակտը: Այդ միջնորդությունը մերժվել էր: Գործը Վճռաբեկ դատարանում է: Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը դատավորի դասախոսն է եղել, եւ ով էլ լիներ նման խախտում անողը, Կ. Պետրոսյանն «Առավոտին» ասում է, որ դիմելու էր դատարան:
Նշեմ, որ Կ. Պետրոսյանը դիմել էր Սահմանադրական դատարան, որպես անձ, քաղաքացի, իսկ վարչական դատարանում էլ միջնորդել էր, որպեսզի վարչական դատարանն էլ կասեցնի գործի վարույթը, եւ դիմի ՍԴ:

Վարչական դատարանը նիստը նշանակել է հուլիսին:
Կ. Պետրոսյանն ասում է. «Մենք գործ ունենք լիազորությունները տարիքի հիմքով դադարած անձի հետ, որը ժամանակավորապես զբաղեցնում է ԲԴԽ նախագահի պաշտոնը»:

«Առավոտը» դատավոր Կ. Պետրոսյանի նույնանման հայցապահանջի մասին գրել էր, երբ ԲԴԽ նախագահը մեկ այլ Գագիկ էր` Հարությունյանը, որի տարիքային շեմը նույնպես 65-ից բարձր էր: Ըստ 2019թ. «Առավոտի», «Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դատի են տվել Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Սա առաջին անգամ է, երբ դատական կարգով դատավորը վիճարկում է ԲԴԽ որոշումը»:

Կարինե Պետրոսյանն ասում է, որ ճիշտ է, չկա հեռախոսային արդարադատություն, ցանկացած գործ բաշխվում է էլեկտրոնային եղանակով, բայց եւ ԲԴԽ-ն իր գործառույթներով հիշեցնում է «ԲԴԽ դատավորների դատարան»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հրապարակումն ավարտելու էի, երբ մեկ այլ դատավորի՝ Արման Հովհաննիսյանի հետ կապված շրջանառվեց հետեւյալը. արդարադատության նախարարին կարգապահական վարույթ հարուցելու մասին զեկուցագիրը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ է ներկայացրել:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառելու միջնորդությունը դատավորի կողմից մերժվել է: Դատավոր Արման Հովհաննիսյանը հրաժարվել էր կալանքի որոշում կայացնել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

«Առավոտ» օրաթերթ
04.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31