Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն կարողանում ոչինչ անել, հանք են բացում, հանք բացելն ամենահեշտն է». Օլեգ Դուլգարյանը կառավարության՝ Լոռու մարզում հանքեր բացելու մտադրության մասին

Մայիս 07,2021 18:13

Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դեմ է, որ մարզում նոր հանքավայրեր բացվեն: Ասում է՝ փոխմարզպետ եղած ժամանակ 3 տարի շարունակ մեծ ջանքեր են ներդրել Լոռու զբոսաշրջային ներուժը հայտնաբերելու, ներդրողներին ներկայացնելու ուղղությամբ եւ նոր հանքերի բացումն անհամատեղելի է այդ ամենի հետ: Տիկին Մարկոսյանը մասնակցում էր այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանը:

Նախկին փոխմարզպետի խոսքով, հանքերի բացման գործընթացներն ակտիվացել են, հատկապես՝ վերջին շրջանում. «Լոռեցիները չեն հիշում ժամանակաշրջան, երբ համայնքներում հանրային քննարկումների այսքան ակտիվ շարժեր լինեն: Վերջերս հանրային քննարկում եղել է Թումանյան համայնքում, Ուռուտում, Ստեփանավանի տարածաշրջանում, 5 համայնքներում ոսկու հանքի հանրային քննարկումներ են տեղի ունենում»,-ասաց նա՝ նշելով, որ Լոռին մեծ ներուժ ունի զբոսաշրջության, ինտենսիվ գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության ուղղությամբ:

Գայանե Մարկոսյանը խնդիր համարեց, որ մարզում արդեն իսկ գործում են հանքեր, որոնք մեծ վնասներ են պատճառում բնությանը:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ չեխական «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը մտադիր է մարզի Հանքաձոր կոչվող տարածքում մետաղական հանքանյութ փնտրել, արդյունավետ պաշարներ հայտնաբերելու եւ պետությունից թույլտվություն ստանալու դեպքում՝ Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբեդ եւ Եղեգնուտ համայնքներին պատկանող տարածքներում հանքարդյունաբերություն սկսել։

Տեղի բնակիչները, սակայն նոր հանք բացելուն դեմ են, քանի որ տարածքն անտառային է եւ քաղցրահամ ջրի աղբյուրներով առատ: Բացի այդ, հանք տանող ճանապարհին հանգստի գոտիներ կան:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը գտնում է, որ մարզում գործող հանքերը բնակիչների համար առողջական եւ տնտեսական խնդիրներ են առաջացրել եւ, չվերացնելով դրանք, նոր հանքերի բացումը կլինի աղետաբեր. «Պետական մակարդակով չունենք մարդկանց պաշտպանելու մեխանիզմներ:

Տեղական ընկերությունները, որոնք փորձում էին դեղձի եւ այլ մրգերի չրեր արտահանել, փորձաքննությունը չհաղթահարեցին, որովհետեւ դրանց մեջ ծանր մետաղները շատ էին: 2020 թվականին Ախթալա համայնքում իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հատկապես երեխաների օրգանիզմում մկնդեղի բարձր պարունակություն կա: Սա լրջագույն խնդիր է, ո՞վ է պաշտպանում այդ բնակիչների: Արկածախնդրություն է մեր տարածաշրջանում հանքերի ավելացումը: Նոր հանքերի բացումը քաղաքական որոշում է, չեն կարողանում ոչինչ անել, որոշում են հանք բացել, որովհետեւ հանք բացելն ամենահեշտն է: Բայց Լոռիում այլընտրանքային ուղղությունների զարգացման հնարավորություններ կան»:

Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի համակարգող Գեւորգ Վարդանյանը վստահ է, եթե Լոռիում նոր հանքերը բացվեն, «միանշանակ տուրիզմի մասին մոռանալու ենք»:

«Շղթայական հանքերի բացման որոշումը կայացրել են կաբինետներում:

Մարդիկ, որոնք օգտակար հանածոների շահագործման թույլտվություն են տվել, անգամ այդ գյուղերի տեղը չգիտեն, ինչը շատ ցավալի է: Նրանք չեն պատկերացնում, որ Մարգահովիտ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Վահագնի գյուղերը մի լեռնաշղթա է եւ այդ գյուղերը մեկը մյուսին քանդելով գնալու են»:

Գեւորգ Վարդանյանը նույնպես համոզված է, որ, եթե հանքերը բացվեն, լուրջ խնդիրներ են առաջանալու եւ տուրիզմի ոլորտում ներդրում անելու մտադրություն ունեցող գործարարները հրաժարվելու են իրենց ծրագրերից: Բացի այդ, Լոռին կորցնելու է իր էկո գոտիները.
«Խոսքը Վանաձորից Թումանյան հատվածի մասին է, որը 35 կիլոմետր է: Այդտեղ երբեւէ որեւէ հանք չի եղել: Մարզում մի քանի մետաղական հանքեր ու պոչամբարներ կան, որոնք առանց այդ էլ մեծ խնդիրներ են առաջացնում: Ներկայիս կառավարությունը հակված չէ այդ հաշվեկշիռը պահպանելու՝ առաջնային համարելով հանքարդյունաբերությունը, քանի որ տնտեսությունը ծանր իրավիճակում է եւ, ըստ նրանց, որքան հնարավոր է շուտ պետք է հանքերը շահագործել: Մի քանի տարի անց կործանված կլինի Լոռին»:

Շրջակա միջավայրի նախարարության հողերի եւ ընդերքի քաղաքականության վարչության առաջատար մասնագետ Նարինե Հակոբյանն ասաց, որ կիսում է մտահոգությունները եւ ինքն էլ գտնում՝ խնդիրները շատ են, հատկապես՝ Լոռու մարզում, բայց չեն կարող վերցնել եւ մի զարկով փակել հանքարդյունաբերությունը՝ ասելով, որ շրջակա միջավայրին մեծ վնասներ է հասցնում. «Մարզում երկար տարիներ հանքարդյունաբերություն է տեղի ունենում եւ լեռնարդյունաբերության հետեւանքները կրողներն այսօր մեր սերունդն է: Այս պահին նախարարության գործիքակազմն է հնարավորինս կայուն զարգացում ապահովել, նոր բացված հանքավայրերի համար էլ նոր տեխնոլոգիաներ ապահովել: Պետք է մշակենք մեխանիզմներ՝ հնարավորինս մեղմելու, վերացնելու թե՛ նախկինից ժառանգություն ստացած լցակույտերի, պոչամբարների հետեւանքները, թե՛ նոր բացվող հանքավայրերի հնարավոր ազդեցությունը փոքրացնելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31