Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Հայաստան-Ադրբեջան սահմաններ է գծում

Մայիս 14,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ինչո՞ւ Լավրովը շտապեց Երեւան եւ Բաքու

Լուծվում են այս տարածաշրջանի երթուղիների, միացումների հարցերը, Մոսկվան կենտրոնացած է այս հարցերի վրա

Եթե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գալիս է Հայաստան, ապա Ադրբեջան, նշանակում է եռակողմ ձեւաչափում նոր վճռորոշ պայմանավորվածությունների, համաձայնությունների փուլ է, այլապես ՌԴ ԱԳ նախարարը կսահմանափակվեր իր հայ եւ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցներ անցկացնելով:

Ինչո՞ւ Լավրովը շտապեց Երեւան եւ Բաքու: Ըստ ամենայնի, որոշ նախկին պայմանավորվածություններ, հնարավոր է՝ բանավոր համաձայնություններ առարկայական դարձնելու ու դրանց չապահովման դեպքում վտանգները գնահատելու մի նոր շրջան է Ռուսաստանի համար:

Այսպես, Լավրովը մայիսի 5-6-ը Երեւանում էր, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում: Թեեւ Երեւանում Լավրովն անդրադարձավ հայ ռազմագերիների թեմային, ակնհայտ է, որ էական առաջընթաց Մոսկվային չի հաջողվում արձանագրել այս հարցում եւ այն դժվար է արդեն համարել կարեւոր հարց՝ եռակողմ ձեւաչափում: Ռուսաստանը չի նվազեցնում ջանքերը ղարաբաղյան պատերազմի հետեւանքով բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ՝ Երեւանում Նիկոլ Փաշինյանի եւ Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո հրավիրած ասուլիսում նշեց Լավրովը։ Սակայն դատապարտող ոչ մի խոսք Ադրբեջանի պահվածքին ի պատասխան, ավելին՝ այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան ռազմագերիների հարցն էլ է կապում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման հետ:

«Տարածաշրջանում իրավիճակի նորմալացման համար կարեւոր ներդրում է կատարում տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Այդ աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն կունենա հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածում ընդհանուր իրավիճակի նորմալացման եւ ստեղծագործ համագործակցության սկզբնավորման պայմանների ստեղծման համար»,- ասաց Լավրովը։

Մոսկվան կենտրոնացել է Հայաստան-Ադրբեջան սահմանային հարցերի վրա եւ ինչպես նկատվում է՝ բավական շտապում է: Լավրովը Երեւանում նշեց, թե այսօր լուծվում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը, մինչդեռ պաշտոնական Երեւանից ասում էին, թե սահմանների իրավական ամրագրում ներկայում չի ընթանում։ «Հիմա պետք չէ քաղաքականացնել գործընթացը, ներկայում այն բավականաչափ դժվար է առաջ գնում, որովհետեւ լուծվում են այս տարածաշրջանի երթուղիների, միացումների հարցերը, լուծվում են տարածաշրջանային հարաբերությունների կապակցվածությանն առնչվող հարցեր, շփման գծերի, սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը։ Սրանք գործնական, հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի տարածաշրջանը հանգիստ շունչ քաշի եւ կարողանա ապրել խաղաղ կյանքով»,- Երեւանում ասաց Լավրովը։

Այսպես, Լավրովի երեւանյան ուղերձը հետեւյալն էր՝ ՌԴ-ն հաստատակամ է շարունակել խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահները զբաղվելու են նաեւ շփման գծի որոշմամբ։ «Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման եւ Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն»,- շեշտել է Լավրովը:

Այսինքն, պաշտոնական Երեւանը խոսում է խաղաղ գործընթացի վերականգնմամբ՝ հակամարտության կարգավորմանը հասնելու մասին, արձանագրում է, որ «հակամարտությունն ամենեւին էլ լուծված չէ», հայկական մշակութային ժառանգության պահպանման հարց է հնչեցնում, Լավրովի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա, Բաքվում բացված, այսպես կոչված՝ «ռազմավարի պուրակի» վրա, սակայն Լավրովը կարեւորում է՝ «տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի եւ երկխոսության ձեւավորման ուղղությամբ համատեղ ջանքերը»:

Եթե, ըստ Երեւանի, ԼՂ խնդիրը դեռ պետք է կարգավորվի, ինչո՞ւ ենք մասնակցում եռակողմ ձեւաչափով հանդիպումների, հարց Ալիեւից

Մինչեւ Լավրովի՝ Բաքու ժամանումը կայացավ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույց: Ռուսաստանի նախագահն էր զանգահարել Ադրբեջանի նախագահին։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նրանք «ջերմորեն շնորհավորել են միմյանց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ, վերահաստատել ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցությունը խորացնելու երկկողմ մտադրությունը եւ պայմանավորվել շարունակել շփումները՝ տարբեր մակարդակներով»։

Ու մինչ Լավրովը Բաքու կհասներ՝ Ալիեւը հարկ համարեց վերահաստատել Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ էության, ակնարկելով, որ իրենից չակնկալեն այնպիսի հարցերի քննարկումներ, որտեղ նա զիջելու տեղ չունի: Ալիեւը Ադրբեջանի պետական հեռուստաալիքին հարցազրույց տվեց, արձանագրեց՝ «ԼՂ կոնֆլիկտ չկա, Ադրբեջանում ԼՂ անունով տարածքային միավոր չկա»: «Հակամարտությունը լուծված է, եւ ես կարծում եմ, որ անօգուտ է այդ հարցին վերադառնալը: Ամեն դեպքում հետպատերազմական իրավիճակում մենք դա ցույց տվեցինք»,- ասել է Ալիեւը:

Նրա խոսքով՝ «եթե որեւէ մեկը մտածում է, որ ԼՂ-ի հակամարտությունը կարգավորված չէ, դա նրա սեփական խնդիրն է»: «Երկրորդ, դա շատ վտանգավոր մոտեցում է: Եթե այդ հակամարտությունը լուծված չէ, ապա ինչպե՞ս է պետք լուծել այդ հակամարտությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունն ուժը կորցրել է: Ես դա այդպես եմ հասկանում: Նոյեմբերի 10-ին ստորագրվել է փաստաթուղթ հակամարտության փաստացի կարգավորման մասին: Դա ոչ միայն փաստաթուղթ է կրակի դադարեցման մասին, ինչպես որոշները փորձում են մատուցել: Թող բացեն աչքերը եւ տեսնեն՝ քանի կետ կա այնտեղ: Կրակի դադարեցման մասին փաստաթղթում կա մեկ հոդված՝ կրակի դադարեցում եւ այլն: Այստեղ բազմաթիվ կետեր կան: Կան կետեր, որոնք վերաբերում են բազմաթիվ հարցերի, այդ թվում հաղորդակցությունների բացմանը: Եթե հակամարտությունը լուծված չէ՝ ի՞նչ հաղորդակցությունների մասին կարող է խոսք լինել: Եթե հակամարտությունը լուծված չէ, ապա ինչո՞ւ են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները հանդիպում եւ համաձայնության գալիս»,- հավելել է Ալիեւը:

Ահա Ալիեւի պատասխանը պաշտոնական Երեւանին՝ եթե համարում եք ԼՂ խնդիրը դեռ պետք է կարգավորվի, ինչո՞ւ եք մասնակցում եռակողմ ձեւաչափով հաղորդակցության ապաշրջափակման թեմայով բանակցությունների…

«Երկաթգիծը Զանգեզուրում կառուցվելու է», այդ հարցը Բաքուն քննարկում է Մոսկվայի հետ, քանի որ Հայաստանի երկաթգծերը պատկանում են ՌԴ-ին

Ռուսաստանի ԱԳՆ-ն մայիսի 10-11-ը Լավրովի՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին հայտնեց, որ՝ հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բազմակողմ իրականացմանը, ինչպես նաեւ ընդգծեցին, որ հիմնական խնդիրներից է՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը։

Ալիեւի հետ հանդիպմանը Լավրովը քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին չի խոսել, սակայն ակնարկել է գերիների խնդրի մասին. «Մենք ուզում ենք օգնել լուծել պատերազմի հումանիտար հետեւանքները, կանխել ռազմագերիների, պատմական եւ կրոնական ժառանգության նկատմամբ չարաշահումները»։

Բաքվում եւս Լավրովը կենտրոնացավ տրանսպորտային ապաշրջափակման թեմայի վրա: Նա, մասնավորապես նշեց, որ եռակողմ հանձնաժողովն աշխատում է, մանրակրկիտ ուսումնասիրում է տարբեր երթուղիները, եւ եթե խնդիրը կարգավորվի՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, հարավկովկասյան տրանսպորտային հաբը լուրջ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ տարածաշրջանից դուրս։ Ալիեւի հետ հանդիպմանը Լավրովը խոսել է նաեւ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին՝ ասելով, թե խնդիրը բարդ է, սակայն՝ լուծելի։ Ի դեպ, ուշագրավ էր, որ Բաքվից Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, նրանք քննարկել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչը վկայում է, որ Թուրքիայի շահերը եւս Մոսկվան հաշվի է առնում:

Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Լավրովը վստահեցրել է. «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Կարծում ենք, որ ձգձգված հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու ուղղությամբ համատեղ աշխատանքը կստեղծի դրա օպտիմալ շրջանակը»: Ըստ նրա՝ մարդիկ պետք է զգան, որ ղարաբաղյան հակամարտության շրջանում իրավիճակի իրական բարելավում կա. «Երեք փոխվարչապետներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի, երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում գործնական ասպեկտներ՝ կապված Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների պայմանավորվածության հետ: Սա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որը նշանակություն կունենա՝ տարածաշրջանային շրջանակներից դուրս»:

Ու մինչ Լավրովը Բաքվում էլ կշեշտեր հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը, Ալիեւն արդեն հող էր նախապատրաստել արդարացնելու ՌԴ-ի հետ բանակցելու իր քայլը հետեւյալ հիմնավորմամբ՝ «երկաթգիծը Զանգեզուրում կառուցվելու է», եւ որ երկաթգծի հետ կապված հարցը Բաքուն քննարկում է առաջին հերթին Մոսկվայի հետ, քանի որ՝ «Հայաստանի երկաթգծերը պատկանում են Ռուսաստանի պետական ընկերությանը»։

Ալիեւն, այսպիսով, Լավրովի այցն էլ դարձրեց «Զանգեզուրի միջանցքի» կառուցման ճանապարհին կարեւոր դրվագ: Ադրբեջանի նախագահը վստահեցնում է, որ «Զանգեզուրի երկաթուղային միջանցքը բացվելու է», ու նա հղում է կատարում նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը: Ալիեւը պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում մանրամասնել էր. «Արդեն տրվել է Հորադիզ-Աղբանդ երկաթուղու շինարարությունը, կկառուցվի ադրբեջանական Օրդուբադից մինչեւ Հայաստանի սահման հատվածը՝ 15-16 կմ երկարությամբ», ապա հավելել էր, որ հետագայում նախատեսում են կապել Զանգելանը (որը, ըստ նրա, գտնվում է Արեւելյան Զանգեզուրի շրջանում) Արեւմտյան Զանգեզուրի հետ, իսկ հետո Օրդուբադով այն կապել Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ:

Բաքվում ծանր բանակցություններ են ընթացել, Ալիեւը կոշտ պատասխանեց Լավրովին

Ադրբեջանի նախագահը ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռազմագերիների հարցը փակված է. «Ռազմական գործողությունների դադարից հետո մենք վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին, որոնք պատերազմի ժամանակ հայտնվել էին մեր մոտ»: Նա հավելել է, որ պատերազմից հետո 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել եւ հայկական կողմին է փոխանցվել մոտ 1600 մարմին:

Ալիեւը նաեւ Հայաստանին մեղադրել է ռեւանշի փորձերի եւ կորցրած տարածքները վերադարձնելու խոսակցությունների մեջ. «Դա շատ վտանգավոր է, առաջին հերթին հայկական կողմի համար», ապա ՌԴ-ի աջակցությունն է կարեւորել. «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը՝ որպես ընկեր, ռազմավարական դաշնակից, հարեւան, որպես երկիր, ում խաղաղապահներն այսօր գտնվում են Ադրբեջանի տարածքում, հետագայում էլ կնպաստի լարվածության թուլացմանը եւ հայկական կողմում առավել սթափ մոտեցման ձեւավորմանը»:
Ընդ որում, Ալիեւի խոսքից կարելի է նաեւ բխեցնել, որ տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ հանձնաժողովը ժամկետներ է սահմանել: «Սահմանվել են հստակ ժամկետներ, եւ մենք կփորձենք պահպանել այդ ժամկետները, որպեսզի մոտ ժամանակում այդ նախագիծը կյանքի կոչվի»,- ասել է Ալիեւը:

Ուշագրավ էր նաեւ Սերգեյ Լավրովի հետեւյալ գնահատականը, թե տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականացվում է բարդ պայմաններում` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի, ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերը։

Կարելի է ենթադրել, որ Բաքվում Լավրովի բանակցություններն այնքան էլ հեշտ չեն եղել: Արդեն իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո, տեղեկություն տարածվեց մեկ այլ թեմայով: Լավրովն ասել է, որ Երեւանի հետ քննարկել է զոհերի եւ անհետ կորածների մարմինների վերադարձի, ինչպես նաեւ ականապատ դաշտերի քարտեզների հարցը. «Նախնական քայլեր են ձեռնարկվել, եւ ակնկալում ենք, որ հարցը շուտով կլուծվի»:

Այսինքն, կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն հայ ռազմագերիների վերադարձի հարցն է դարձրել կոմունիկացիոն ապաշրջափակման խնդիրների հետ համալիր թեմա, այլեւ անգամ՝ հայկական կողմից ականապատ դաշտերի քարտեզները ստանալու հարցն է մտցրել այդ օրակարգ ու Լավրովը պատասխանատվություն է ստանձնել՝ «լուծել» նաեւ այդ հարցը:

Մի փոքր դրվագ էլ, որն իր հերթին կարող է վկայել այն մասին, որ Բաքվում Լավրովի բանակցությունները ծանր մթնոլորտում են ընթացել: Բայրամովի հետ մամլո ասուլիսում Լավրովը, որ թերեւս, ամենազուսպ դիվանագետներից մեկն է, որոշեց դիտողություն անել օպերատորներին, կոչ անելով նրանց՝ հարգել ԱԳ նախարարերին, ապա՝ նկատելի ջղաձիգ տոնով օպերատորներին այսպես դիմեց. «Տղաներ, մենք ձեզ չե՞նք խանգարում»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31