Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Քաղաքական միավորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որևէ գործարքի գնալու հարցում․ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մեկը»․ «Փաստ»

Մայիս 29,2021 10:40

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրությունների արդյունքում քաղաքացիների վստահությանն արժանանալու և առավելագույն արդյունքներ գրանցելու համար։

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական միավոր՝ 23 կուսակցություն և 4 դաշինք։ Բնականաբար, այսպիսի մեծ թվաքանակով ուժերի՝ ընտրություններին մասնակցելու փաստն ինքնին խոսուն է։ Դա մի քանի պատճառներ ունի՝ ազգային մենթալիտետից մինչև քաղաքական «հաշվարկներ»:

Բայց սա առանձին թեմա է: Նախ, արձանագրենք, որ փորձագետների գնահատմամբ, ֆավորիտներին հաշված՝ այս ընտրություններում մրցունակ կարող է լինել առավելագույնը 8-10 քաղաքական միավոր։ Եվ ինչն է հետաքրքիր. այդ բոլոր դերակատարներն անխտիր հայտարարել են, որ բացառում են համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հետ, այսինքն՝ ընտրություններից հետո նրա հետ կոալիցիա չեն կազմելու։ Սա նշանակում է, որ այս քաղաքական միավորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որևէ գործարքի գնալու հարցում, այսինքն՝ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մեկը»։ Նիկոլ Փաշինյանը մերժված է ոչ միայն հանրության գերակշիռ մեծամասնության կողմից, այլև քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունեցող ուժերի:

Իհարկե, կան 2-3 մասնակիցներ, որոնք ոչ միայն չեն հայտարարի Փաշինյանի հետ համագործակցությունը բացառելու մասին, այլև ընդհակառակը: Դրանք այն «միավորներն» են, որոնք քաղաքական դաշտում իշխանությունների կողմից են ներդրվել Նիկոլին սատարելու և իրական ընդդիմության դեմ պայքարելու համար։ Հասկանալի է, որ սրանք խորհրդարան անցնելու որևէ շանս չունեն և ՔՊ-ի «կլոնի» դերակատարություն են ստանձնելու։ Սակայն ընտրարշավի ամբողջ ընթացքում նրանք ունենալու են բացառապես իրական ընդդիմադիրներին, այն է՝ հաղթելու առարկայական պոտենցիալ ունեցողներին թիրախավորելու գործելաոճ, ինչն արդեն այսօր ի ցույց են դնում անթաքույց: Վերոնշյալը ներկայումս ի ցույց է դնում քաղաքական հետագա զարգացումների ողջ սպեկտրը, հնարավոր է նաև կանխորոշում է ընտրությունների ելքը: Փաշինյանի ունեցած քաղաքական կապիտալն ու վարկանիշը ներկայումս անհամեմատելի է 2018 թվականին նրա ունեցած հանրային վստահության հետ։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31