Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեխեքի ոսկորները լցրել են տոպրակների մեջ. ամեն մի ոսկոր մի տան ծուխ է, երեխաների հայր է, հերոս է». Անհետ կորածների հարազատները դիմում են Պուտինին, Լավրովին

Հունիս 02,2021 16:45

Անհետ կորած եւ գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատներն այսօր էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջ էին: «Ռուսաստան փրկե՛ք մեր երեխաներին», «շնորհակալություն գեներալ Մուրադովին» գրությամբ ցուցապաստառներով նրանք խնդրում էին ՌԴ իշխանություններին՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել ռազմագերիներին վերադարձնելու հարցը, քանի որ, ըստ հարազատների, Հայաստանի իշխանությունները, պաշտպանության նախարարից սկսած՝ ի վիճակի չեն ոչ մի հարց բանակցելու եւ տղաներին վերադարձնելու:

«Ութ ամիս է՝ տանում-բերում են, մայր ենք չէ՞, քոռ դանակով ամեն օր մորթում են: Երկու փոքր երեխաներս մինչեւ ե՞րբ պիտի խաբված մնան, այսօր-վաղն են անում: Էրեխեքի ոսկորները լցրել են տոպրակների մեջ, պահել են, ամեն մի ոսկոր մի տան ծուխ է, երեխաների հայր է, հերոս է, բայց այսօր մեր կառավարությունը մեր աչքերին ամեն օր թոզ է փչում: Ո՛չ հաստատում են, ո՛չ բերում են, ո՛չ էլ ասում են՝ ինչքան սպասենք»,-ասաց անհետ կորած զինծառայողի մայրը, որի որդին ծառայել է Զանգելանում եւ անհետ կորել է հոկտեմբերի 21-ից:

 

«Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է՝ չի զբաղվում գերիների հարցով, հարց է առաջանում՝ ո՞վ է զբաղվում գերիների խնդիրներով: Ամեն անգամ, երբ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ցույցեր են անում, գործողություններ են անում, նրանց ասում են՝ դիմեք Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարին: Այո՛, բոլոր այն գերիները, որոնք վերադարձել են, դա եղել է Ռուսաստանի Դաշնության եւ խաղաղապահ ուժերի ղեկավարի ջանքերով: Մենք այսօր կարող ենք աջակցություն ստանալ միայն Ռուսաստանի Դաշնությունից»,-նշում էին ցույցի կազմակերպիչները:

Դիմելով ՌԴ դեսպանատան պատասխանատուներին՝ ցույցի կազմակերպիչներն ասացին՝ այսօր Հայաստանում պետական կառույցները ջախջախված են, ընդունակ չեն ռազմագերիներով ու անհայտ կորածների հարցերով զբաղվելու, ավելին` նրանց գործողությունները բերել են նրան, որ ունենք եւս 6 ռազմագերի:

«Այ այսպես է Ադրբեջանը պատասխանում Եվրոպայի պահանջին: Այդ պատճառով՝ մեր միակ հույսը մնում է Ռուսաստանը: Մենք որեւէ մեկի հետ՝ այդ թվում Հայաստանի իշխանությունների, այլեւս հույս չենք կապում: Մեր ղեկավարությունը մեզնից անգամ դիերն է թաքցնում»,-ասում էին նրանք:

 

Ցույցի կազմակերպիչները դժգոհություն հայտնեցին, որ ռազմագերիների հարցով ՌԴ բանակցելու են ուղարկել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին, որի նկատմամբ Ռուսաստանում բացասական վերաբերմունք կա: Նրանց խոսքով, Արշակ Կարապետյանի՝ Հայաստանի սահմանին բանակցելուց հետո, 6 նոր ռազմագերի ունեցանք:

«ՊՆ-ից պետք է ուղարկեին գեներալ Մարտիկյանին, որը Զինվորական հետախուզության ղեկավարն է եւ ԱԱԾ տնօրենին:

Հիմա ոչ մի փաստաթուղթ իրավունք չունեն ստորագրելու՝ մինչեւ գերության մեջ գտնվող մեր տղաները չվերադառնան հայրենիք: Հիմա նրանք օր ու գիշեր պետք է զբաղվեն երեխաների վերադարձով: Երբ վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ բոլորս զբաղվում ենք այդ հարցով, բայց արդյունքում 7 ամիս է՝ ոչինչ չեն կարողանում անել, հարց ենք տալիս՝ էլ ո՞ւմ եք պետք: Ո՞ւմ ես դու պետք: Գնացել ես Փարիզում ծնունդ ես նշում»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

«Հարյուրավոր երիտասարդներ գերության մեջ են եւ արդեն 7-8 ամիս է: Ամեն մի օրը գերության մեջ գտնվողի համար սարսափելի է: Դարձրել են առեւտուր՝ սա կտաք, այն կտանք: Պետք է հարցը կտրուկ դրվի: Ամբողջ դիվանագիտությունը, ռեսուրսները դրվեն եւ մեր տղաներին հետ բերեն»,-ասաց Թատերական ինստիտուտի դասախոս Դավիթ Հարությունյանը, որի ուսանողներից մեկը եւս անհետ կորած է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930