Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում քննված սահմանախախտի բողոքը վերաքննիչ դատարանում էլ մերժվեց

Հունիս 04,2021 14:30

Սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ապօրինի սահմանահատման դեպքերի առթիվ հարուցվել է 8 քրեական գործ: Հարուցված քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից մեկը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է: Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր ԱԱԾ-ն: Այս օրերի աղմկահարույց ապօրինությունը՝ մայիսի 20-ի սահմանահատման դեպքն է, երբ Հայաստանի Սյունիքի մարզի Սեւ լճից մինչեւ 3,5 կիլոմետր տարածք զինված ազերիների «քայլը» վերջապես ՀՀ կառավարության անվտանգության խորհրդի օրակարգ բերվեց: Տարօրինակ էր, որ մեր պետական սահմանը հատելու մասին նույն օրվա պաշտոնական լրահոսը լռել էր, իսկ ահա ամիսներ առաջ Բիմբուլատ Աբդուլայի Ահմադովի գործով ԱԱԾ-ն ոչ միայն բռնեց, այլ կալանքի միջնորդությամբ դիմեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Մայիսի 17-ին Քրեական վերաքննիչ դատարանը ստացել էր Բիմբուլատ Աբդուլայի Ահմադովի պաշտպանի վերաքննիչ բողոքը: Պաշտպանը խնդրել էր ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 14-ի որոշումը եւ Ահմադովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով: Մեղադրյալը ՌԴ քաղաքացի է, ուներ հասցե, բնակության վայր, ազգությամբ ներկայացվել է ինգուշ, ամուսնացած է, ունի 4 երեխա: Նա մեղադրվում է միջին ծանրության հանցագործության կատարման մեջ, որի համար նախատեսված է նաեւ պատիժ տուգանքի ձեւով: Խոսքը սահմանը հատելու մասին է:

Բիմբուլատ Ահմադովն այս տարվա մարտի 4-ին, ժամը 22:54-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» հսկիչ անցագրային կետը, ԱԱԾ սահմանապահ զորքերի ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան կողմից պահպանվող տարածքում ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, Դեբեդ գետն անցնելու եղանակով, Վրաստանի կողմից հետիոտն հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Տավուշի մարզի Պտղավան գյուղի տարածքով մուտք գործել Հայաստան, որտեղ էլ մարտի 16-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Մեղադրյալն ասել էր, թե մեքենա գնելու, այլ երկիր տեղափոխելու նպատակով է հատել Հայաստանի սահմանը, ինչն անհամոզեցուցիչ է, քանի որ խոսքը գնում է մի սահմանի մասին, ուր դեռ չավարտված պատերազմ է, գերեվարումներ, առեւանգումներ:

Նշեմ, որ 2021 թվականի մարտի 19-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Բիմբուլատ Աբդուլայի Ահմադովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: Դատարանն ըստ էության բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը:

Այս գործով մեղադրող դատախազ Վ.Ղազարյանը գրավոր առարկություններ էր ներկայացրել դատարան, ուր հետաքրքիր մանրամասներ է հայտնել մեղադրյալի մասին: Մասնավորապես, մեղադրյալը «ՀՀ-ում՝ հյուրանոցում գտնվելու ընթացքում հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ դրանով իսկ թաքցնելով իր իրական տվյալները», ինչը ըստ մեղադրանքի կողմի՝ ռիսկային կդառնա, եթե նա գտնվի ազատության մեջ: Մեղադրանքի կողմը չէր բացառել վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հանգամանքը, այդ թվում՝ ՀՀ պետական սահմանը կրկին ապօրինի հատելու միջոցով:

Պաշտպանները հայտնել էին, թե մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունք, աջակցել է գործի հանգամանքների բացահայտմանը, Հայաստանում բնակվել է հյուրանոցում, իսկ թե ինչու հաշվառման չի վերցվել, ապա դրանում մեղադրյալը մեղավորություն չի կարող ունենալ: Մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորել էին երեւանյան շենքերից մեկի բնակիչները…

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Բիմբուլատ Աբդուլայի Ահմադովի՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ պատճառաբանությունները, ինչպես նաեւ ՀՀ-ում գտնվելու ընթացքում մեղադրյալի գործողությունները, հանգել էր հետեւյալին. «Դեռեւս շարունակում են առկա լինել վերջինին կալանքի տակ պահելու հիմքերը, մասնավորապես` մեղադրյալ Բիմբուլատ Աբդուլայի Ահմադովը, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից եւ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք»:

Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Պապոյանն իրավական գնահատականներում հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշմանը, համաձայն որի. «Մեղսագրվող հանցանքի ծանրությունը եւ հետեւաբար նաեւ ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարեւոր տարրեր եւ գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս եւ, հետեւաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը եւ արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Չմոռանանք, որ համավարակով պայմանավորված՝ այլազգի քաղաքացիները պետք է տեղյակ լինեին ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության՝ մուտքի, ելքի սահմանափակումների մասին: Թե ընդհանուր իրավասության դատարանում, թե վերաքննիչ դատարանում ակնարկ իսկ չի հնչել քովիդյան սահմանափակումների մասին, ինչն այլ երկրի քաղաքացին պարտավոր էր իմանալ, կամ գուցե իմացել է:

«Առավոտ» օրաթերթ
03.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930