Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Իշխանության անցնելու դեպքում, մենք փոխելու ենք Հայաստանի ռելսերը». Միքայել Հայրապետյան

Հունիս 04,2021 19:20

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքն իր նախընտրական քարոզարշավը կսկսի հուլիսի 7-ին` Ծիծեռնակաբերդից: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին ասաց դաշինքի անդամ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ի՞նչը ստիպեց այս կուսակցություններին ի մի գալ հարցին Պահպանողական կուսակցության նախագահ, դաշինքի ԱԺ նախագահի թեկնածու  Միքայել Հայրապետյանը պատասխանեց. «Մեր պետությունը գնում է ոչ թե ընտրությունների, այլ թավալգլոր գնում է դեպի քաոս, դեպի նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր: Մեր`դաշինքով ներկայանալը, այդ քաոսի համար արգելապատնեշ լինելն է լինելու: Թերեւս գալու է մի պահ, երբ որ այնպիսի խայտառակ վիճակում ենք լինելու, ինչպիսին էինք 1920 թվականի նոյեմբերի վերջին, երբ «շունը տիրոջը չէր ճանաչում»: Երբ դարձյալ մեծ խաղացողները գերակա շահեր ունեին այստեղ, երբ դարձյալ երկու միջազգային խաղացողները`ՌԴ-ն եւ Թուրքիան, համաշխարհային կարծիքը զանց առնելով`կիսեցին մեր տարածաշրջանը»:

Ըստ բանախոսի, նախընտրական ծրագրեր ունենալուց առաջ նախ պետք է հայրենիք ունենալ, հայրենիքը չկորցնել: Ի հեճուկս այլոց, Միքայել Հայրապետյանը առաջնային չի համարում անվտանգային խնդիրները եւ մեջբերում է համաշխարհային մեծություններից մեկին, ով ասել է`այն ազգերը, որոնք անվտանգությունը գերադասում են ազատությունից, կորցնում են երկուսն էլ: «Մենք այսօր կանգնած ենք ազատությունը, որը անհատի համար ազատություն է, իսկ ազգերի համար անկախություն է կոչվում, կորցնելու առջեւ»,- ասաց Միքայել Հայրապետյանը`հավելելով, որ իրենց հաջողվեց հինգ կուսակցությամբ դաշինք ձեւավորել, թեեւ միացում գոռացողները շատ էին: «Քաղաքական ռելսերի մասին խոսում ենք մենք: Կյանքը մեզ ապացուցեց, որ ՌԴ-ն մեր դաշնակիցը չէ եւ չի եղել ամենեւին: Այն, ինչ 200 տարի չէր հասկացվում, այս պատերազմը շատ ցցուն պարզեց բոլորիս»,- ասաց Միքայել Հայրապետյանը`հավելելով, որ Հայաստանի ապագան արեւմտյան քաղաքակրթական համակարգն է, մեզ հարազատ քրիստոնեական կրթական համակարգը եւ դա այժմ հասու է շատ-շատերին:

«Իշխանության անցնելու դեպքում, մենք փոխելու ենք Հայաստանի ռելսերը»,- հայտարարեց բանախոսը` հավելելով, որ այս պայքարում մենք կամ կունենանք Հայաստանի չորրորդ հանրապետություն, կամ կլինենք փոքրիկ, բուտաֆորիկ կազմավորում ունեցող ազգ, որի մարելը ժամանակի եւ տեխնիկայի խնդիր է:

Բանախոսի բնութագրմամբ`կենաց-մահու կռիվ է լինելու, բայց ոչ այս ընտրությունները. «Այս պահին այստեղ կատարվողը ռուսական ընտրություն է: Պարզապես այն այս պահին է կատարվում եւ մեր հայրենիքում եւ մենք որոշեցինք անմասն չմնալ: Իրական ճակատամարտն առջեւում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930